Զրահամեքենայից` երկնագույն էլեկտրամոբիլ 


 

Իր արտառոց արարքով Միխեիլ Սահակաշվիլին հերթական անգամ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Պահախմբից հրաժարվելուց հետո պետղեկը փոխել է և փոխադրամիջոցը. զրահապատ մեքենայից նա տեղափոխվել է իր սեփական NissΖn երկնագույն էլեկտրամոբիլի ղեկին: Այդ մեքենան «պետական վառելիքի» կարիք չունի (հաղորդել է «Գռուզիա օնլայն»-ը):

Վրաց նախագահի մամլո ծառայությունն էլ տարածել է հանդիսավոր այն պահի տեսագրությունը, երբ երկրի նախագահը նոր մեքենայով իր նստավայրից ուղևորվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան, որտեղից էլ նա պաշտոնական այցով պիտի մեկներ Վրաստանից: Խիզա´խ նախագահ է, համեստ, պետական միջոցները խնայող: Ուղեկցողներ չի ունեցել` բացի հարազատ կնոջից` Սանդրա Ռուլոֆից: Չհաշված իհարկե նրա «հաղթարշավը» նկարահանող-լուսաբանողները: Օդակայանում նա լրագրողներին ասել է, որ իր վարքում ինքն արտառոց ոչինչ չի տեսնում.

- Ես որոշել եմ ինքս վարել: Այդպես երթևեկում եմ արդեն մեկ շաբաթ. ընդ որում միայն իմ մեքենայով,- ասել է ու պնդել, որ այլևս մտադիր չի օգտվել պետական պահախմբից:

- Ահա, Սանդրան ինձ կպաշտպանի,- մատնացույց է արել կնոջը: