ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ 


 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների ընթացքում ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնել` կապված քաղաքացիական օդանավերի դեպի Ղարաբաղ չվերթների հետ: Այս մասին ասվում է նրանց հայտարարության մեջ:

- Համանախագահները կրկին իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական չվերթների և շփման գծում ուժի կիրառման վերջին դեպքերի առնչությամբ:

Նրանք նաև քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման գաղափարները և առաջիկա շաբաթներին կայցելեն Ղարաբաղ, որպեսզի նախագահների հետ քննարկեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը:

Կարծես թե լավ է, որ անհանգստանում են, սակայն տարօրինակն այն է, որ համանախագահողները չեն կամենում գործի դնել իրենց մանդատը, համապատասխան հայտարարություններ հնչեցնել ընդդեմ Ադրբեջանի վարած քաղաքականության ու խնդիրը բարձրացնել ԵԱՀԿ բարձր մարմիններում: Ըստ էության, նրանք հանդես են բերում պարտվողական վարքագիծ, ինչը հազիվ թե պայմանավորված չլինի Բաքվի տերերի հետ ձեռք բերած որոշակի ու գաղտնի պայմանավորվածություններով:

Զարմանալի է նաև այն, որ հերթական անգամ Հայաստանի արտգործնախարարությունը, որը հանդիսանում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ջատագովը, հարցը չի տեղափոխում ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: Ստացվում է, որ ադրբեջանական ահաբեկչական հայտարարությունները ոչ միայն համանախագահողների «սրտով» են, այլևս ահուսարսափի մեջ են պահում հայ դիվանագիտությունը` թույլ չտալով դիմելու կտրուկ ու վճռական քայլերի: