Ազգային հերոսներն

ԱՆՎՃԱՐ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ 


 

Ինչպես գիտենք, կամ, ինչպես հաջողվեց պարզել, դեռևս 1997 թվականին, երբ ՀՀ վարչապետը Ռոբերտ Քոչարյանն էր, կառավարությունը որոշում է ընդունել, որ ՀՀ ազգային հերոսները հանրային տրանսպորտից պետք է օգտվեն անվճար: Սա չափազանց հումանիստական որոշում է, հարգանք այն մարդկանց հանդեպ, ովքեր ազգային հերոսի պատվավոր տիտղոսին են արժանացել: Իսկ Հայաստանում այդ բարձր կոչմանն են արժանացել հիրավի մեծագույն վաստակի տեր մարդիկ: Բայց... ովքե՞ր են այսօր օգտվելու անվճար երթևեկության իրավունքից:

Ազգային հերոսի կոչմանն արժանացած 15 անձանցից ողջ են միայն Նիկոլայ Ռիժկովը, Քըրք Քըրքորյանը և Շառլ Ազնավուրը: Եկեք պատկերացնենք, որ նրանք գալիս են Հայաստան և կանգնում որևէ կանգառում, սպասում տրոլեյբուսի, ավտոբուսի, ապա բարձրանում ու մարդկանց մեջ մի կերպ տեղավորվելով` ուղևորվում որևէ տեղ: Միլիարդատեր Քըրքորյանը, աշխարհահռչակ երգիչ Ազնավուրը և նախկին ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ ու Ռուսաստանի Պետդումայի հայտնի պատգամավոր Ռիժկովը` հանրային տրասպորտում...

Սա իսկապես զավեշտի է նման, որովհետև ազգային հերոսներին պիտի որ առանձին արտոնություններ սահմանվեն, մշակվեն նոր մոտեցումներ, բայց ահա մերոնք վերցրել ու արտագրել են ԽՍՀՄ համապատասխան որոշումներից:

Զարմանալի է նաև այն, որ պաշտոնատար անձանց սպասարկելու համար հատուկ մեքենաներ ու թիկնազորեր են սահմանվում, ՀՀ ազգային հերոսի համար` ընդամենը անվճար երթևեկություն հանրային տարնսպորտում: Բայց արի ու տես, որ մեզ մոտ այդ հանրայինն էլ չկա, որովհետև միկրոավտոբուսները սեփականատերեր ունեն, իսկ ահա ավտոբուսները ենթարկվում են քաղաքապետարանին, որը կարող է և հաշվի չառնել կառավարության որոշումը, որովհետև քաղաքապետարանի ավտոբուսներն էլ իրենց պլանային առաջադրանքներն ունեն...

Առհասարակ, մեզանում շատ վաղուց պիտի մտահոգվեն արտոնություններ սահմանելու մասին` գոնե այսպես հատուցելով մեր արվեստի, գրականության ու գիտության գործիչներին: Խորհրդային իշխանության տարիներին ժողովրդական արտիստներն ու արվեստի վաստակավոր գործիչներն օգտվում էին անվճար բուժսպասարկումից, կար հատուկ հիվանդանոց: Դա յուրատեսակ հարգանքի տուրք էր նրանց մեծ ծառայություններին: Առկա էր նաև կենսաթոշակների տարազատման սկզբունքը: Հիմա, իհարկե, ժողովրդական արտիստներին ամսական 40 հազար դրամ պատվովճար է տրվում, եթե նրանք կենսաթոշակառուներ են, իսկ ահա մյուսները գտնվում են համահարթեցման ճահճում: Այս և նմանատիպ խնդիրները պիտի դառնան կառավարության ուշադրության առարկան, քանի որ հատկապես մշակույթի ու գրականության գործիչները, մեծ թվով գիտության աշխատողներ` վաստակած ու նշանավոր մարդիկ, այսօր հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում...