ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ


 

ՀՀ տնտեսական դաշտը դեգրադացված ու լճացված վիճակում է: Հետաքրքիրն այն է, որ մեր հարգարժան կառավարությունը խնդիրը լուծելու նորմալ դեղատոմսեր չի առաջարկում, նույնիսկ չի էլ փորձում այս լճացված կարգավիճակը ինչ-որ չափով որոշակիացնել ու պարզեցնել: Հակառակը, ցանկացած պատեհ առիթ օգտագործում է` մոնոպոլիզացման արմատներն ավելի խորացնելու: Յուրաքանչյուր տնտեսական դաշտում, տնտեսական ազատ գործունեությամբ զբաղվելու համար գերակայությունը տրվում է մանր ու միջին բիզնեսին, քանի որ մանր ու միջին բիզնեսն է ընդգրկում հասարակության միջին օղակը, որը կազմում է բնակչության զգալի հատվածը, և ոչ երբեք` օլիգարխիկ տարրերը (միջին խավ կատեգորիան Հայաստանում գրեթե բացակայում է): Մեր պետական գործիչների կողմից կարծես թե տարվում է այդ մանր ու միջին բիզնեսի խթան-ման և ծաղկման քաղաքականություն, բայց... Կատարյալ մթություն:

Այդ խնդրի մյուս կողմը հակառակ պատկերն է ապացուցում. ամենուր հարկային բեռի, տույժերի ավելացումներ, տուգանքների բարդացումներ ու տարօրինակ միջոցառումներ, որոնք ուղղակի տրորում ու ոչնչացնում են միջին տնտեսական գործունեությամբ զբաղվող բիզնեսմենին: Տնտեսության ցանկացած ոլորտում կատարվող ներդրում կամ ինչ-որ նորարարական ծրագիր բախվում է մեծ տաբուի, ունենում է «թիթեռի» կյանք. այն շատ արագ կամ փակվում է, կամ ստիպված դառնում է մի որևէ օլիգարխ-ֆեոդալի ճորտը` նրա մեծ կալվածքի մի փոքր բուտաֆորիան:

Մի՞թե սա է երկրի տնտեսության առաջընթացի նոր տնտեսական կուրսը...

Այս ամենը հանգեցնում է կատարյալ հիասթափության և ժողովրդի կողմից երկրի նկատմամբ հավատի ու վստահության օտարման: Սրանով տարվում է ոչ թե բնակչութ յան բարեկեցության ու բարգավաճման քաղաքականություն, այլ ` աղքատացման ու բարոյալքման: Մեր տնտեսությունը (եթե մի երկու օլիգարխ-ֆեոդալի մասնավոր սեփականությունը կարելի´ է համարել պետության տնտեսություն) օր-օրի դառնում է անկանխատեսելի ու չափազանց ռիսկային: Սրա հետ զուգահեռ մեր ազգային արժույթի հեղհեղուկ վայրիվերումները ՀՀ-ն դարձնում են ագրարայինից ցածր երկրի: