Քննադատական մտածողության զարգացման տեխնոլոգիաները անձնուղղորդ ուսուցման համատեքստում


Մանկավարժական ներգործությունները պետք է ներազդեն սովորողների ոչ միայն մտածողության, այլև զգացմունքների վրա: Ընդ որում` հատկապես գրականության դասերին պետք է ուշադրություն դարձնել դեռահասի զգացմունքայնության, դիտողականության զարգացմանը, նրան ինքնարժևորման հնարավորություն տալ: Այստեղից էլ հետևում է անձնուղղորդ հոգեբանամանկավարժական մոտեցման (սկզբունքի) համապատասխան ուսուցման կարևորությունը: Ուսուցման անձնուղղորդ տեխնոլոգիան կիրառելու անհրաժեշտությունը ենթադրում է նաև ուսուցչի մասնագիտական և անձնային (հոգեբանամանկավարժական) որակների վերափոխում: Այդ փոփոխման ուղիներից են` մեկուսացումից դեպի մասնագիտական միջավայր, ուսուցչակենտրոն դասավանդումից դեպի աշակերտակենտրոն ուսուցում, մեխանիկական աշխատանքից դեպի ուսումնառություն` սեփական փորձի միջոցով, մեխանիկական վերահսկումից դեպի պատասխանատվության կիսում, աշխատանքի պասիվ կատարումից աշխատանքի կառավարում, փոքրածավալ միակողմանի գիտելիքներից մեծածավալ համակողմանի գիտելիքներ: Այս համատեքստում մեծ նշանակություն է ստանում մանկավարժի ինքնակրթությունը` որպես գործունեության ձև, երբ նա ինքն է իրեն նպատակներ առաջադրում և ոչ թե դրանք ստանում է դիրեկտիվ կերպով: Այս բնագավառին վերաբերող տեսական և կիրառական-գործնական ուսումնասիրությունների փոխզուգահեռ և քննական վերլուծությունների հիման վրա մեր կողմից առաջարկվում է գրականության առանցքային հիմնահարցերի ուսուցման քննադատական մտածողության զարգացման տեխնոլոգիան: Այս տեխնոլոգիան ավանդական ուսուցման նկատմամբ ունի մի շարք առավելություններ: Դրանցից են` l սովորողների ակտիվության մեծացում, l անհատական նախաձեռնությունների դրսևորում, lգլխավորն առանձնացնելու կարողությունների ձևավորում, l նպատակ դնելու և դրան հասնելու ուղիների որոնման կարողությունների ձևավորում և զարգացում, l գնահատման և ինքնագնահատման հնարավորության ընձեռում, l գրավոր և բանավոր խոսքի մշակույթի ձևավորում և զարգացում, l խմբերով աշխատելու (համագործակցային) մշակույթի ձևավորում, շփման և հաղորդակցական հմտությունների զարգացում: Այս տեխնոլոգիան հարմար է կիրառել ինչպես հին նյութի ամրապնդման, այնպես էլ նոր նյութի ուսումնասիրման ժամանակ: Իրագործումր ընթանում է երեք փուլով` մտագրոհ, իմաստավորում, ռեֆլեքսիա (հետադարձ կապ): Վերոնշյալ սկզբունքների կիրառման դեպքում` l աշակերտը կարողանում է գրավոր կապակցված խոսք կառուցել, l տիրապետում է գրական լեզվի կենսունակ բառապաշարին, l որոշակի գիտելիքներ է ձեռք բերում գրականագիտությունից, գրականության տեսությունից, l ճիշտ ընկալում և ըմբռնում է գրական երկի բովանդակությունն ու ենթատեքստը, կատարում է համեմատական վերլուծություն, l կարողանում է բանավեճ վարել, հայտնել տրամաբանված կարծիք և համոզմունք, l նախաձեռնում կամ մասնակցում է տարբեր միջոցառումների, l գեղարվեստական խոսքի միջոցով արտահայտում է իր հույզերը, ապրումները, մտորումները, համեմատում իր կյանքի որոշ պահերի կամ դրվագների հետ, l գիտակցում է հայ գրականության` որպես մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության դերը: Հետևաբար, ճիշտ է Լև Տոլստոյի այն միտքը, որ եթե աշակերտը դպրոցում ոչինչ ստեղծել չի սովորել, նա կյանքում միշտ կփորձի կրկնօրինակել: Մարինե ԱՄԻՐՅԱՆ Երևանի թիվ 137 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի