«Դժվարությունները չեմ համարել դժբախտություն»


Տաղանդաշատ դերասան Վահրամ Փափազյանն ասել է. «Ստեղծագործող արվեստագետ դերասանը պետք է լինի միևնույն ժամանակ իր գործի «վարպետ արհեստավորը»: Բազմաթիվ կերպաներ մարմնավորած երիտասարդ, շնորհալի դերասան Վարշամ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ արվեստասեր հասարակությանը ծանոթ է ոչ միայն թատրոնից, որտեղ, թերևս, ստեղծագործող արվեստագետի և «վարպետ արհեստավորի» պես է կարողանում կերտել իրեն վստահված դերերը, այլև հայրենական արտադրության մի շարք հեռուստատեսային նովելներից ու ֆիլմերից: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Դժվարություններ եղել են, բայց ես դրանց չեմ վերաբերվել որպես դժբախտությունների և փորձել եմ հաղթահարել. որոշները հաջողվել է, որոշները` ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, դրանք հիմնականում հաղթահարել եմ: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ գիտակցորեն մոտենում է այնպիսի ծանրաձողի, որը կկարողանա բարձրացնել: Այսինքն` ամեն մարդու տրվում են այնպիսի դժվարություններ, որոնք նա ի վիճակի կլինի հաղթահարել: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչը կնախընտրեիք լինել: - Շատ ուրախ եմ, որ հայ եմ: Երբեք չեմ ցանկանա ազգությունս փոխել, այսինքն` ո´չ փաստաթղթերով, ո´չ մտքով: Բայց եթե նորից ծնվեի, կուզեի, երևի, իտալացի լինել: Գուցե էլի այն պատճառով, որ նրանք, ասում են` հայի նման են: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում չասածը, ինչն այժմ բարձրաձայնեիք: - Ամբողջ կյանքում, այս հարցազրույցն էլ ներառյալ, մարդկանց հետ շատ անկեղծ եմ եղել: Իսկ եթե ինչ¬որ մեկից գաղտնիք ունենամ, ապա ավելի հեշտ կլինի հենց նրան ասել, քան թե նա այդ մասին թերթից իմանա: Իսկ ընդհանրապես` ես անկեղծ եմ միշտ: Եվ ոչ թե այն պատճառով, որ շատ բարի եմ, այլ պարզապես անկեղծ ապրելը շատ ավելի հեշտ է: Մարդիկ ստում են, որպեսզի հեշտացնեն իրենց կյանքը, բայց դրանով այն ավելի են բարդացնում: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Կյանքն ու բնությունը, սկիզբն ու վերջը: Բայց ավելի շատ բնությունն է ինձ համար առեղծվածային: Ոչ մի պատասխան ինձ չի գոհացնում` թե ինչպես են բնությունն ու տիեզերքը առաջացել: Այդ ամենն այնքան առեղծվածային է… - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Հիմա պարզապես չեմ մտաբերում ինչ¬որ դեպք, իսկ անեկդոտ պատմելը սխալ կլինի, քանի որ դրանք ավելի պատկերավոր է պետք ներկայացնել, կարդալով այդքան էլ հետաքրքիր չէ: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Ամբողջ մանկությունս է ինձ ուղեկցում: Մինչև հիմա, երբ անցնում եմ իմ մանկապարտեզի կողքով, շատ հաճելի զգացումներ եմ ունենում: Կամ մեկին, ով կապված է իմ մանկության հետ, երբ հանդիպում եմ, ուզում եմ հարցնել, վերհիշել անցածը, այն ամենը, ինչը մոռացել եմ: Աշխատում եմ հուշերս միշտ թարմ պահել, քանի որ հիշողությունը այդպիսին է` խնամք է սիրում. երբ քիչ ես հիշում, այն լրիվ ջնջվում, վերանում է:

Արուս ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ