ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԱՐՏԱՔՍՄԱՆ» ՄԱՍԻՆ


ՀՀՇ-ի իշխանության օրոք հայկական հեռուստատեսության լրատվական հաղորդումների գլխավոր խմբագիր նշանակված «Երեկոյան Երևան» թերթի նախկին համեստ լրագրող Արայիկ Մանուկյանը համացանցային «webtv.am» կայքում ներկայացրել է «Ինչպես եղել է» շարքի իր հերթական ֆիլմը, որում լրագրողը խոսում է 20-րդ դարի մեր մեծագույն դերասաններից մեկին` Խորեն Աբրահամյանին Գյումրի «աքսորելու» մասին… Ավելին, նա գրում է, որ մեծագույն դերասանին հեռացրել են նաև իր` Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից: Մեծերին «սկանդալային» պատմություններով ներկայացնելու լրագրողական էժանագին հնարքները վաղուց սովորական են դարձել մեզ համար, վաղուց արդեն ոմանք իրենց «հացը վաստակում են» այնպիսի հնարքներով, որոնք իրենց ճանաչում բերելով` այնուհանդերձ խեղաթյուրում են պատմությունն ու իրականությունը: Այս ֆիլմ-հաղորդումը նվիրված է Խորեն Աբրահամյանի «Պեպո» բեմադրությանն ու նրա ձևավորած հետևանքներին: Չգիտես ինչու, թե լրագրողը, թե ֆիլմ-հաղորդմանը մասնակցող բեմադրիչներ Արմեն Էլբակյանն ու Նիկոլայ Ծատուրյանը բեմադրության թվական են հիշատակում 1982-ը: Մինչդեռ «Պեպոն» բեմադրվել է 1984-ին: Առաջնախաղը տեղի է ունեցել դեկտեմբերին` այսպիսով «լուծելով» մեծագույն արվեստագետի պաշտոնանկության հարցը: «Պեպո» բեմադրության առթիվ, այո, բազմաթիվ պատմություններ հորինվեցին, տարբեր մեկնաբանություններ ստացան բեմադրության շուրջ ձևավորված խոսակցությունները: Այս բեմադրությունն իրապես ճակատագրական եղավ Աբրահամյանի համար` վերջակետելով այն խարդավանքները, որոնք հյուսվում էին նրա անվան ու թատրոնի գլխավոր բեմադրիչի նրա պաշտոնավարման շուրջ: Խորեն Աբրահամյանն ազատվեց թատրոնի ղեկավարի պաշտոնից, իսկ 1985 թ. մայիսից նշանակվեց Լենինականի Ա. Մռավյանի` այժմ` Գյումրու Վ. Աճեմյանի անվան, թատրոնի գլխավոր բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար: Մենք բեմադրությանը կանդրադառնանք, սակայն այժմ նշենք այն իրականության մասին, որը խեղաթյուրվել է լրագրողի կողմից: Ես այդ ժամանակ Գյումրու թատրոնի գրական մասի վարիչն էի: Թատրոնը պատրաստվում էր բեմադրել Արտ. Քալանթարյանի «Թիկունք» պիեսը, որով պիտի մասնակցեր Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված թատերական փառատոնին: Թատրոնն այս ընթացքում չուներ գլխավոր բեմադրիչ, քանի որ Գրիգոր Մկրտչյանի հեռանալուց հետո գեղարվեստական խորհրդատուի պարտականությունները ստանձնել էր Երվանդ Ղազանչյանը, ապա հեռացել` իր չափազանց զբաղվածության պատճառով: Տեղեկանալով, որ Խորեն Աբրահամյանն ազատվել է մայր թատրոնի ղեկավարի պաշտոնից և հրավեր ստացել Լեհաստանից` բեմադրելու շեքսպիրյան որևէ ողբերգություն, ես դիմեցի թատրոնի տնօրեն Մարիամ Գևորգյանին` Խորեն Աբրահամյանին Գյումրի հրավիրելու համար: Շուրջ 29 տարի թատրոնը ղեկավարած Մարիամ Գևորգյանը տարակուսեց. «Արդյո՞ք Խորիկը կհամաձայնի գալ Լենինական»: Զանգահարեցի արտիստին, և պայմանավորվեցինք հանդիպել իր բնակարանում... Խորեն Աբրահամյանը հիացած չէր պիեսով, ուստի ինձ առաջարկեց Արտաշես Քալանթարյանի հետ աշխատել մի քանի տեսարանների վրա: 1985 թ. հունվարի 16-ին նա եկավ Գյումրի, մի քանի օր դիտեց թատրոնի ներկայացումները, ծանոթացավ դերասանախմբի հետ, ապա կատարեց դերաբաշխումը: Գրեթե ամեն օր նրան զանգահարում էին Լեհաստանի Գդանսկ քաղաքից, հրավիրում բեմադրության, սակայն Խորեն Աբրահամյանը մերժում էր` կամենալով հաղթական ավարտի հասցնել իր բեմադրությունը: Այս ընթացքում ոչ մի օր չբացակայեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանախմբից. նա շարունակում էր մնալ որպես մայր թատրոնի դերասան` խաղալով Արշակ, Ռաֆո Ավետյան… Իհարկե, այդ օրերին հաճախ էր անկեղծանում և զայրացած խոսում այն մարդկանց մասին, ովքեր իր թիկունքում գործելով` կուսակցության Կենտկոմում չարախոսում էին իրեն: Հենց նրանք էլ ամեն ինչ արել էին, որպեսզի «Պեպոն» դառնար ճակատագրական վճռի «ինտրիգը»: «Թիկունքի» փառահեղ առաջնախաղից հետո Խորեն Աբրահամյանը պատրաստվում էր վերադառնալ Երևան, սակայն արդեն լենինականցիներն էին շահագրգռված, որ նա մնա, քանզի երբեմնի փառահեղ կենսագրություն ունեցող թատրոնը նոր շնչառություն էր ստացել Խորենի ներկայությամբ. «Թիկունքի» բեմադրությունը դարձել էր թատրոնի աներկբա հաղթանակը: Երևանից այդ ներկայացումը դիտելու եկան ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Հրաչյա Ղափլանյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, հայ գրողների ընտրանին` Վարդգես Պետրոսյանի ղեկավարությամբ: Աճեմյանի անվան թատրոնի ականավոր դերասաններ Ժաննա Թովմասյանը, Լևոն Աբրահամյանը, Նինա Բոխյանը, քաղաքի ղեկավարությունը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին խնդրեցին` համոզել Խորեն Աբրահամյանին` մնալու Լենինականում: Քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանի նախաձեռնությամբ արտիստին քաղաքի կենտրոնում 2 սենյականոց բնակարան հատկացվեց, նվիրվեց Կոմիտաս փողոցի վրա գտնվող մի կիսակառույց երկհարկանի տուն, արտահերթ կարգով հատկացվեց «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա… 1985 թվականի հունիսի 1-ից Խորեն Աբրահամյանը դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավար` երեք տարում բեմադրելով 11 ներկայացում, հյուրախաղեր կազմակերպելով Մոսկվայում, Թբիլիսիում, Քիշինյովում, Լոս-Անջելեսում… Ինչ վերաբերում է «Պեպո»-ի բեմադրությանը, ապա Խորեն Աբրահամյանը հաճախ էր շեշտում, որ ինքը չի կարողացել լիովին արտացոլել իր մտածումներն ու հաստատումները, որ ինքը «Պեպոն» բնավ էլ իր հաջողությունը չէր համարում: Ուզում ենք սույն հրապարակումն ավարտել «Խորեն Աբրահամյանի արվեստը» գրքից մի մեջբերմամբ. «Անշուշտ, Խորեն Աբրահամյանը շտապել էր իր բեմադրությունը կուսակցական-մշակութային չինովնիկներին ցուցադրելու հարցում, իսկ նրանք էլ հարմար առիթ էին փնտրում Աբրահամյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատելու համար: Թատրոնում կային դժգոհություններ, շատերին դուր չէին գալիս կառավարման այն սկզբունքները, որոնք առաջադրում էր Աբրահամյանը, առկա էին նաև որոշ ամբիցիաներ, ներքին խռովություններ: Աբրահամյանի ղեկավարման տարիներին գրեթե անգործության էր մատնվել Մետաքսյա Սիմոնյանը` այդպես էլ որևէ դերով հանդես չգալով, ստեղծագործական ակտիվ աշխատանքից հեռացել էր նաև Մհեր Մկրտչյանը. Արուս Ասրյանը, Բաբկեն Ներսիսյանը, ազգային բեմի մյուս երևելիներից մի քանիսն ապրում էին ստեղծագործական պարապի և թերարժեքության զգացումներով… Այս ամենը չէր կարող չանհանգստացնել շատերին, այս ամենի շուրջ չէին կարող չբորբոքվել կրքեր: Աբրահամյանի դեմ պայքարում էին նաև մարդիկ, ովքեր հավակնություններ ունեին զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ում հանգիստ չէին տալիս նշանավոր արվեստագետի հաջողությունները: Եվ 1984 թվականի դեկտեմբերին ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգիայի որոշմամբ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Խորեն Աբրահամյանն ազատվեց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Նա մնաց այդ թատրոնում որպես դերասան…»: