Ձեր գործը կիսատ չի մնա


Նիկոլայ Վանյանը ծնվել է 1961 թ.: Ավարտելով Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը, Նիկոլայն աշխատանքի է անցել Արզնու հանքային ջրերի գործարանում: 1988-1991 թթ. ամենահերոսականն ու բեկումնայինն էին նրա կենսագրության էջերում: Մասնակցել է Խնձաձորի, Ղարադաղլուի, Քարինտակի ազատագրմանը: 1991¬ին, սակայն, հերոսաբար ընկավ Կրկժանի դաժան մարտերում: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով` 1993 թ. «Մայրական երախտագիտություն», 2001¬ին` ՀՀ նախագահի «Արիություն» և այլն: Իսկ հիսունամյա տարելիցի կապակցությամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` մարտի 30¬ի հրամանագրով, նրան հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 2¬րդ աստիճանի շքանշանով: Ամեն անգամ սրտի թրթիռով ենք արտասանում բոլոր հայորդիների անունները, ովքեր իրենց արյունն են խառնել մայր հողին: Ժամանակի անիվը որքան էլ մեզ հեռացնի Արցախյան գոյապայքարից, յուրաքանչյուր իրադարձություն միշտ անուն առ անուն հիշեցնելու է անմահներին: Այս գարնանը «Արցախ» գնդի քաջարի հրամանատար, ազատամարտիկ Նիկոլայ ՎԱՆՅԱՆԸ կդառնար 50 տարեկան: Նրա անվան` Աբովյանի թիվ 5 դպրոցն այդ օրը տոնական տեսք էր ստացել. հերոսի հիշատակը հավերժացնող կիսանդրին նրա սխրանքներն ու անձնազոհությունը գնահատող սերունդների երախտիքի առարկայացումը դարձավ: Ազատամարտիկի նկատմամբ տածած ակնածանքի և նրա անվան դպրոցի սան լինելու հպարտության բոցն էր առկայծում աշակերտների` կիսանդրուն հառած աչքերում: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Նիկոլայ Վանյանի մարտական ընկեր, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով առաջիններից մեկն է առնչվել «Արցախ» գնդի մարտիկների հետ: - Այս օրը մի քանի խորհուրդ է կրում: Առաջին հերթին` մենք հիշում ենք ոչ միայն Նիկոլին, այլև բոլոր ազատամարտիկներին, մեր մարտական ընկերներին: Արցախյան գոյապայքարը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենավճռորոշ իրադարձություններից էր, և մենք չէինք կարող հաղթանակ տանել` առանց նրանց անձնազոհության, նվիրումի, հերոսությունների: Դժվարին ժամանակներ են ապրել մեր ազատամարտիկները: Նրանք կարողացել են թողնել ամեն ինչ, վերցնել զենքն ու մեկնել Արցախ, Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր` պաշտպանելու հայրեինքը, ստեղծելու պայմաններ, որ այսօր մեր ժողովուրդն իր խաղաղ արարումն իրականացնի: Երկրորդ խորհուրդն այն է, որ բացելով Նիկոլայ Վանյանի հուշարձանը` մենք ռազմահայրենասիրական բաց դասարան ենք ստեղծում դպրոցի բակում: Աշակերտները, ծանոթանալուվ նրա կենսագրությանը, սխրանքներին, հայրենասիրական վսեմ հատկանիշներ են ձեռք բերում, իմանում այն ամենը, ինչ արել են մեր մարտական ընկերները: Դպրոցներն այս առումով ամենակարևոր կենտրոններն են, որ մեր հերոսների սխրանքները փոխանցում են մատաղ սերնդին: Այս օրը նաև պատասխանատվության օր է բոլորիս համար այն առումով` մեր մարտական ընկերների գործը երբեք չպետք է կիսատ մնա: Բանակը ստեղծվել է նրանց թափած արյան շնորհիվ,¬ ասաց նախարար Սեյրան Օհանյանը: Արցախամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրած շատ հայորդիների նվիրական բաղձանքն արդեն իրականություն է դարձել. ունենք հզոր, կայացած բանակ: Նախարարի խոսքերն այս առումով առավել քան համոզիչ են և հավատընծա. - Ուզում եմ այս պահին հիշել Նժդեհի այս խոսքերը. «Հաղթանակները պտղաբերում են, եթե դաշտերը ոռոգվում են արյամբ»: Առանց կորուստների, առանց թափված արյան մենք չէինք կարող հաջողության հասնել: Ուզում եմ բոլորին, հատկապես մեր մարտական ընկերներին հավաստիացնել, որ այսօր բանակն իր բարեփոխումների շրջանակներում ամեն ինչ անում է, որպեսզի պաշտպանի մեր սահմանները, ապահովի գերազանցությունը մեր հակառակորդի բանակի նկատմամբ: Անում ենք ամեն ինչ, որ մեր մարտական ընկերների գործը կիսատ չմնա: Դպրոցը Նիկոլայ Վանյանի անունով անվանակոչվել է 2001 թ.: 50-ամյա հոբելյանից և հուշարձանի բացումից զատ օրը տոնական էր նաև նրանով, որ լրանում էր անվանակոչության 10¬րդ տարին: Երկարամյա պատմություն ունեցող կրթօջախի հարուստ ավանդույթներին ավելացավ ևս մեկը` այլևս հավերժ ներկա ազատամարտիկին նվիրված հուշ¬ցերեկույթը: Այստեղ խնամքով ձևավորված է նաև նրա անկյունը` անձնական իրերով, լուսանկարներով, որոնք ավելի կենդանի են դարձնում հերոսին: - Նիկոլը մեր սանն է եղել, ես անձամբ դասավանդել եմ նրան. մեր լավագույն աշակերտներից էր: Ամենայն պատասխանատվությամբ ու հպարտությամբ է դպրոցը կրում նրա անունը,¬ ասում է տնօրեն Սիրուշ Միքայելյանը: Ազատամարտիկի հիշատակի առջև իրենց հարգանքն ու լուռ խոնարհումն էին բերել նաև մարտական ընկերները, ովքեր հուզմունքով ու ջերմությամբ էին հիշում Նիկոլային: - Մի անգամ նստած զրուցում էինք: Հետաքրքրվում էր, թե ով ինչ երազանք ունի: Ապա ասաց, որ ինքը երազում է Մասիսը տեսնել հակառակ կողմից և մեր տարածքում: Շատ աշխույժ էր, եռանդուն: Մի դեպք էլ պատմեմ. Շուշիի ներքևի գյուղերում էինք: Դիրքերում` դիտաաշտարակի վրա, հակառակորդի դրոշն էր ամրացված: Նիկոլին հաջողվել էր գիշերը փոխել դրոշները: 2 օր անընդմեջ մեր Եռագույնն էր ծածանվում: Նրանք չէին նկատել: 3¬րդ օրը փոխեցին,¬ պատմում է Հայասեր Ավանեսյանը, ով Նիկոլայ Վանյանի հետ մասնակցել է Հադրութի, Ղարադաղլուի, Քարինտակի, Կրկժանի մարտերին: Պատմում են նաև, որ նա քահանայի սքեմով շրջում էր և գաղտնի զենք բաժանում գյուղացիներին: Ն. Վանյանը 3 դուստր ունի: Ավագը 6 տարեկան էր, երբ նա զոհվեց, բայց տարիների հեռվից անգամ չի հեռացել ու խամրել հարազատ ու լուսավոր պատկերը: - Ես շատ փոքր էի, երբ հայրս զոհվեց: Նա միայն ինձ է հասցրել դպրոց տանել: Հիշում եմ, երբ հայրս երկար ժամանակով բացակայում էր, քույրիկս հիվանդանում էր: Խնդրում էինք, որ չգնա: Միշտ մորուքով էր: Մի անգամ մտածեցի, որ եթե մորուքից կտրեմ, չի գնա: Բայց սափրվեց ու գնաց… Այսօր մեծ հուզմունք ու հպարտություն եմ ապրում, որ հայրիկիս հիշում ու գնահատում են: Բայց, իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել նրա ներկայությանը,¬ ասում է ազատամարտիկի ավագ դուստր Նինա Վանյանը: Նրանց գործը կիսատ չի մնա, քանի դեռ մեր խաղաղ երկնքի ներքո հայ մանուկն իր անբիծ սրտից բխող երգն է հնչեցնում` երգչախմբի ձայնից էլ բարձր` Մեր անունն է Հայկական բանակ…

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ