ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ


Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք քաղաքական գործիչներ և մտավորականներ իրենց հրապարակային ելույթներում անդրադառնում են Թուրքիայի առաջադիմության խնդիրներին, պահանջ ներկայացնում եվրոպական հանրությանը` Թուրքիան ընդգրկելու եվրոպական ընտանիքի կազմի մեջ: Որպես առաջադիմության կարևորագույն գրավականներից մեկը` թուրք մտավորականների մի ստվար զանգված պնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը: Օրերս Ստամբուլի պետական համալսարանի ճանաչված պրոֆեսորներից մեկը` Աթան Բոյուչեքը հայտարարել է, որ Ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործված հանցագործություն, դատապարտելի է իր բոլոր դրսևորումներով: Հատկապես Թուրքիան իրավունք չունի սատարելու նրանց, ովքեր պաշտապանում են ցեղասպաններին: Այսպես պրոֆեսորն անուղղակիորեն հաստատել է Ցեղասպանության փաստը և հուշել իր երկրին` մարդասիրական դիրքորոշում դրսևորելու Ցեղասպանության ճանաչման հարցում: Իսկ քաղաքական գործիչ Վահաբ Չերեքը, ով հանդիսանում է պատգամավորության անկախ թեկնածու, հրապարակայնորեն դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և հայտարարել. - Եվ, այնուամենայնիվ, Թուրքիան կճանաչի ցեղասպանության փաստը: Ժամանակակից Թուրքիան, եթե կամենում է առաջադեմ երկիր համարվել, այլընտրանք չունի: Մենք չենք կարող ապրել այն գիտակցմամբ, որ մեզ անընդհատ ուրացողներ կոչեն:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ