ՋՈՒՐԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ


Պարզվում է, որ Հայաստանում որոշ օլիգարխներ հենց ջրի վրա են կառուցել իրենց շահույթները` թալանելով ու աղքատացնելով երկիրը: Հայաստանում ջրային հանքավայրերը քիչ չեն, որոնցից շատերն իրապես ունեն մեծ նշանակություն և արժեք: Եվ մի շարք օլիգարխներ հենց այդ ջրային հանքերն են սեփականաշնորհել` օրավուր մեծացնելով իրենց գերշահույթները: Ջրահանքերի տերեր դարձածների շարքում քիչ չեն մարզպետներն ու նրանց հարազատները, որոշ նախարարներ, ովքեր օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը` կարողանում են «ուշագրավ մանիպուլյացիաների» միջոցով բազմապատկել իրենց ունեցվածքը: Մինչդեռ աղքատանում է նաև պետական բյուջեն, որը կարող էր լրացուցիչ միլիոնավոր դրամների մուտքեր ապահովել` հօգուտ երկրի ու մարդկանց բարեկեցության: ՀՀ կառավարության` 1998 թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 864 որոշմամբ` քաղցրահամ ջրերի արդյունահանման յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրի համար սահմանվել է 1 դրամ բնօգտագործման վճար: Այսինքն, 1000 լիտր քաղցրահամ ջրի արդյունահանման համար… ընդամենը 1 դրամ: Թե ո՞ր «խելացի» պետական պաշտոնյան է կատարել այս հաշվարկն ու ներկայացրել կառավարություն` չգիտենք: Բայց այդ որոշումն ընդունվել է վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարման շրջանում` անտրամաբանությունը դարձնելով պետական քաղաքականություն և դիրքորոշում: Կառավարությունն իր այս անխոհեմ որոշման կողքին հիշատակել է նաև «Պետական տուրքի մասին օրենքը», որի 17-րդ հոդվածը հաստատում է, որ շշալցման նպատակով քաղցրահամ ջրերի օգտագործման համար իրավաբանական անձինք տարեկան վճարում են բազային տուրքի տասնապատիկի չափով, որը կազմում է 10 հազար դրամ… Կարելի է հաշվարկել, թե ինչ է շահում իրավաբանական անձը, և ինչ է կորցնում պետությունը: Պատկերը ցայտուն դարձնելու համար, ներկայացնենք հետևյալ դիտարկումը. քաղցրահամ ջրերի արդյունահանմամբ զբաղվող մեր ընկերությունները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարելով ընդամենը 1 դրամ, շշալցնում են 2 հազար հատ 0,5 լիտր շիշ: Եթե հաշվարկենք, որ 1 լիտր քաղցրահամ ջուրը խանութներին է տրվում 130 դրամով, ապա ստացվում է, որ մեր օլիգարխները 1 դրամ վճարելով, ստանում են 260 հազար դրամ… Նման շահույթներ ապահովող ընկերությունները, պարզվում է, չեն հայտնվում խոշոր հարկատուների շարքում, որովհետև, ըստ տրամաբանության, թաքցնում են նաև իրենց իրական շահույթները` իրենց գործունեության մի զգալը մասը պարտակելով ստվերում: Հետաքրքիր է, որ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը պարզապես աչք է փակում այս ամենի հանդեպ` չկամենալով երբևէ ուսումնասիրել և հետազոտել քաղցրահամ ջրերի արդյունահանման և շշալցման ասպարեզում տիրող հակաօրինականությունը: Հակաօրինականությունը գերակա է դարձել նաև հանքային ջրերի արդյունահանման ասպարեզում: Ըստ մեր կողմից հիշատակված որոշման` հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանվել է 3750 դրամ: Այսինքն, յուրաքանչյուր մեկ լիտրն արժե 3,5 դրամ: Եթե հաշվարկենք, որ մեկ լիտր հանքային ջուրը վաճառվում է 190 դրամով, իսկ 0,5 լիտրը` 140 դրամով, ապա դարձյալ կբախվենք աստղաբաշխական օգուտների փաստին… Իհարկե, գիտենք, որ հանքային ջրերի յուրաքանչյուր հանքահորի արդյունահանման համար սեփականատերերը վճարում են տարեկան 5 միլիոն դրամ, սակայն գիտենք, որ նրանք տարեկան ոչ թե 100 խորանարդ մետր, այլ անհամեմատ ավելի ջուր են արդյունահանում շատ: Իրենց շահույթները թաքցնելու համար, արդյունահանող-շշալցնողները հաշվետվություններ են ներկայացնում, թե տարեկան օգտագործում են սահմանված ջրաքանակի 50 տոկոսից պակաս` այսպես խույս տալով իրական հարկերի վճարումից: Սակայն այստեղ էլ հառնում է օրենսդրական մի դրույթ, որը չի կիրառվում պետության կողմից: Եթե հանքօգտագործողը 50 տոկոսից պակաս է արդյունահանում, նրանից պետք է հետ վերցվի լիցենզիան, մինչդեռ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը մինչև օրս որևէ արդյունահանողի լիցենզիան չի դադարեցրել… Այսքանից հետո ուզում ենք հարցնել հայրենի կառավարությանը. ինչու՞ պաշտոնանկ չեն արվում բոլոր նրանք, ովքեր ճանապարհ են բացում ստվերային տնտեսութ յան համար և նվազեցնում բյուջետային մուտքերը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ