Պառակտվում են, հետո` մեղավոր փնտրում


Իշխանություն-ընդդիմություն` տևական թվացող պայքարի պահածոյացումը ՀԱԿ¬ին նոր թիրախներ որոնելու է մղում: Այս առումով արմատականները հիմա էլ «Ժառանգությունն» են կրակի տակ առել: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն էժան չի նստում նրա վրա, ու որքան էլ «Ժառանգությունը» դեռևս կարողանում է պահպանել քաղաքակիրթ հարաբերվելու կանոնները, դժվար չէ պատկերացնելը, որ այս ուղղությամբ արմատականների ճնշումն առաջիկայում ուժգնանալու է, իսկ նախկին հացադուլավորն ու նրա կուսակիցները, հունից դուրս գալով, համարժեք նետեր են փորձելու ուղղել ՀԱԿ¬ի ուղղությամբ: Վստահաբար կարելի է ասել, որ երբևէ միմյանց չհամակրած (բայցև այսչափ չհակասած) ուժերի վերջնական ջրբաժանը Ազատության հրապարակը դարձավ: Որքան էլ տարօրինակ ու մինչև անգամ ծիծաղելի լինի, կոնգրեսականները ժառանգականներին իշխանության հետ գործարքի մեջ մտնելու մեղադրանքով «փաստում» են, թե վերջին հանրահավաքից առաջ «Ժառանգությունը» տեղեկացել է, որ իրենք Մատենադարանն Ազատության հրապարակով են փոխարինելու: Հենց այս պատճառով էլ նախկին արտգործնախարարը շտապել է առաջինը խարիսխ ձգել այնտեղ` մենաշնորհը (՞) ձեռք գցելու համար: Ինչ խոսք, կողմերից երկուսին էլ դժվար է հասկացնելը, որ Ազատության հրապարակը բոլորինս է ու նաև իրենցը: Բայց եթե նույնիսկ մրցակցություն, ապա ՀԱԿ¬ին փաստորեն այս պարագայում անգամ դարձյալ չի հաջողվել առաջինը լինել: Իսկ ցանկացած անհաջողություն վաղուց արդեն հիվանդագին դրսևորումներով ընդունող այս միավորն իր երբեմնի գործընկերոջն ու հավանական դաշնակցին «արագաշարժության» համար մեղադրելով գնահատում է, թե ահա մի ական էլ է հայտնվել ընդդիմադիր դաշտում: Ավելի ստույգ` Ազատության հրապարակում: Եվ ՀԱԿ քարոզչամեքենան առանց հապաղելու գործի է անցել… Արմատականներն, իհարկե, երբեք ու ոչ մեկին չեն սիրում ներել: Իսկ «Ժառանգության» առաջնորդի թեկուզև անհասկանալի ու անարդյունավետ, բայց իր համար ցանկալի հասարակական աղմուկով ուղեկցված հացադուլը վերջնականապես սեպ խրեց երկու ընդդիմադիրների միջև: Մինչդեռ հանրությունը միշտ էլ միավորված ընդդիմությանն է գնահատում ու վստահում: Իսկ նման «ընդվզում ները», որոնք ավելի շատ անհանդուրժողականություն են հիշեցնում, ոչ միայն ընտրազանգվածի հիասթափության հիմնավոր առիթ են, այլև առաջիկա համապետական ընտրություններին ընդդիմադիր բևեռների պառակտված մասնակցության նախադրյալ: Արժե նկատել, որ ճիշտ այս շրջանում իշխող կոալիցիան ուղիղ հակառակ ծրագրերն է քննարկում, ինչը հենց քաղաքական հեռատեսության վկայությունն է: Այս համեմատությունը նաև պարզորոշ է դարձնում, թե ինչու ընդդիմությանը մշտապես հանգիստ չի տալիս «կեղծված» ընտրությունների տեսլականը, իսկ իշխանությունը բոլոր ձևաչափերի քվեարկություններում շարունակ տեսանելի ու առարկայական հաղթանակներ է տոնում: