ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹՌՉՈՂ ԵՐԱԶՆԵՐԸ


 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրված «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման ստեղծագործական խումբը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ, օրերս է վերադարձել Կոստա Ռիկայում տեղի ունեցած թատերական միջազգային փառատոնից: Անուշ Ասլիբեկյանի համանուն պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունն արդեն իսկ մեզ մոտ մասնակցել էր մի քանի փառատոների, արժանացել բարձր գնահատականների, սիրվել հանդիսատեսի կողմից, ճանաչվել որպես թատերական համարձակ ձևերի գեղարվեստական իրողություն: Եվ ահա այն ներկայացվել է միջազգային փառատոնում: Փառատոն, որին հայկական թատրոններից մասնակցել է միայն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականը` Խորեն Աբրահամյանի բեմադրած «Ժողովրդի թշնամին» ներկայացմամբ, ուր ականավոր դերասանը խաղում էր դոկտոր Սթոքմանի դերը:

Այս տարի փառատոնին մասնակցում էին թատերախմբեր Իտալիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, այլ երկրներից: Մեզ հետ զրույցում Ռուբեն Բաբայանն ասաց.

- Կոստա Ռիկան կարելի է փառատոնային կոչել, որովհետև այստեղ հավաքվում են տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող երաժշտախմբեր: Սակայն թատերական փառատոնն ամենահեղինակավորն է, որովհետև այն ճանաչված է ողջ աշխարհում: Հայաստանը գրեթե անծանոթ երկիր է համարվում Կոստա Ռիկայում, բայց մեզ ընդունեցին մեծ ջերմությամբ, ուրախությամբ դիտեցին մեր ներկայացումն ու իրենց հիացմունքն արտահայտեցին:

Իսկ Նարինե Գրիգորյանի ներկայացումն իսկապես հիացմունք է ծնում, որովհետև դերասանուհի-բեմադրիչը կարողացել է գտնել անսովոր լուծումներ, թատերական նոր ձևեր և ներկայացնել մի աղջկա պատմություն, ով կույր լինելով` իր համար յուրովի բացահայտում է աշխարհը, սիրահարվում: Եվ բնավ էլ պատահական չէր, որ այս բեմադրությունը փառատոնում ունեցավ մեծ հաջողություն, ներկայացվեց երկու անգամ` տարբեր քաղաքներում: Ինչպես պատմում է Նարինե Գրիգորյանը, մարդիկ երկրորդ ներկայացմանը եկել էին մեկ այլ քաղաքից ու հիացական բացականչություններով դիմավորել հայ դերասաններին:

Ինչպես Նարինե Գրիգորյանի այս բեմադրությունը, այնպես էլ այս օրերին «Թատրոն X» փառատոնի հայտագրում ընդգրկված երիտասարդ բեմադրիչների այլ աշխատանքներ վկայում են, որ մեր թատերական կյանքում սկիզբ է առել ստեղծագործական բարեփոխումների ժամանակաշրջանը: Ի հայտ են գալիս որոնողական կրքով, դեպի նորը պարզած իրենց ձգտումներով երիտասարդ բեմադրիչներ, ովքեր ոչ միայն ինքնահաստատվում, այլև թատրոն են բերում նոր մտածողություն, նոր գեղարվեստական լուծումներ: Ասվածը վերաբերում է նաև Սամսոն Մովսիսյանի ներկայացրած «Քիթը» բեմադրությանը, որը ստեղծվել է Ն. Գոգոլի համանուն վիպակի հիման վրա և զարմացնում է նոր ու ինքնատիպ ձևերի առատությամբ: