Թիրախը դարձյալ Նյու Յորքն է


 

Վերջին օրերին ոստիկանությունն այստեղ մարտական պատրաստության է բերվել: Առիթն իսլամիստական բազմաթիվ կայքերում պտտվող հոլովակն է` «Ալ-Քաիդա. շուտով նորից Նյու Յորքում» մակագրությամբ: Դրանով արդեն զբաղվում է ՀԴԲ-ն (ՂըՀ), և իշխանությունները բնակչությանը կոչ են արել` խուճապի չմատնվել (տեղեկացրել է NBC New York-ը):

Ուղեկցող հեռապատկերին «մուլտիկային» տառատեսակով գրված նշյալ մակագրությունն անհանգստացրել է ամերիկացիներին: Նյու Յորքի ոստիկանության ղեկավար Պոլ Բրաունը հայտարարել է, որ սադրիչ այդ հոլովակը հայտնվել է այն կայքում, որտեղ նախկինում հրապարակված էին ահաբեկչություն քարոզող և արմատական իսլամիստների հայացքները պաշտպանող նյութեր: Իշխանություններն այդ կայքը որակել են որպես վտանգավորության առաջին աստիճանի կայք, և հակահետախուզությունը փորձում է գտնել դրա հիմնադիրներին: Բայց ոչ միայն այդ կայքի, այլև մյուս բոլոր էլեկտրոնային այն լրատվամիջոցների, որոնք այդ հոլովակի հետ խուճապ են տարածում ամենուր:

Ոստիկանությունը ենթադրում է, որ այն ստեղծվել է CineΗΖ4 ծրագրի օժանդակությամբ:

«Ալ-Քաիդան» վերստին ակտիվանալու նշաններ է ցուցաբերում: Իր առաջնորդին կորցնելուց հետո մոտ 1 տարի «ընդհատակ» անցնելով, ահաբեկչական խմբավորումը հավանաբար վերակազմավորվել է և, իհարկե, չի հրաժարվել մահ ու սարսափ տարածելու իր ծրագրերից: Եվ ինչպես նախկինում` հիմա ևս նրա ուշադրության կենտրոնում Միացյալ Նահանգներն է: