Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում


 

Հայաստանն աստիճանաբար ընկղմվում է նախընտրական գործընթացների մեջ, և հասարակությունը վերջին շրջանում կարծես անտարբեր է դարձել Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող գործընթացներին: Մինչդեռ դրանք շարունակվում են, և թե´ Հայաստանում, թե´ ընդհանրապես աշխարհում ընտրական գործընթացները շատ շուտով բուռն ընթացք կստանան: Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ այսօր առկա զարգացումների մասին է զրույցը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Դուք, որպես ԼՂՀ նախկին արտգործնախարար, թերևս, ավելի շատ եք տեղեկացված Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ գործընթացներին: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել վերջերս Երևանում և Բաքվում ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը կարող է արագացնել հակամարտության կարգավորումը, եթե որոշ տարածքներ վերադարձվեն Ադրբեջանին, և դրանից հետո Ղարաբաղի որոշակի կարգավիճակի հարց որոշվի:

- Երկար ժամանակ է, որ ես պնդում եմ` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր ռազմավարական ներկայությունն Ադրբեջանում` Արցախի` ներկայիս սահմանադրական տարածքի մասը Ադրբեջանին հանձնելու գնով: Սա Ռուսաստանի քաղաքական գիծն է, և մենք պետք է հասկանանք: Ռուսաստանը 90-ականներին իր քաղաքականությունը տապալեց մեր տարածաշրջանում: Նա ըստ էության համակերպվեց այն գործընթացի հետ, որը նախաձեռնել էր Արևմուտքը, և միտված էր Ռուսաստանը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից դուրս մղելուն: 2000-ից սկսած, երբ նախագահ դարձավ Վ. Պուտինը, ռուսները փորձեցին կասեցնել այդ գործընթացը: Իսկ դրա ամենադյուրին ճանապարհն այն է, որ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվեն Ադրբեջանին, վերջինս էլ համաձայնի իր տարածքում Ռուսաստանի ռազմավարական ներկայության վերականգնմանը:

Այդ դեպքում ո՞ւր մնացին Ռուսաստանի շարունակական պնդումները, թե Հայաստանը ՌԴ ռազմավա-րական գործընկերն է: Մի՞թե սեփական շահերի սիրույն զոհաբերվում են ռազմավարական գործընկերոջ, տվյալ պարագայում` Հայաստանի շահերը:

- Ռուսաստանը գտնում է, որ ռուսները արցախյան պատերազմում բավական մեծ օժանդակություն են ցուցաբերել հայկական կողմերին, և գործընկերությունը չի կարող միակողմանի լինել: Չի կարելի ասել, որ Ռուսաստանը միակողմանի ինչ-որ պահանջներ է ներկայացնում հայկական կողմերին: Այլ խնդիր է, թե արդյո՞ք այս լուծումը երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանին հնարավորություն կընձեռի վերականգնել իր ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում: Ես պնդում եմ` դա հնարավոր չէ անել այդ գնով: Նույն համոզմանն են նաև Արևմուտքում: Այդ պատճառով է, որ երկար ժամանակ խնդրի կարգավորման նախաձեռնությունը թողնված էր ռուսներին: Ռուսաստանի և´ հաջողության, և´ անհաջողության պարագայում Արևմուտքը շահեկան վիճակում էր լինելու: ՌԴ-ն առավել, քան Արևմուտքը, շահագրգիռ և նախաձեռնող լինելով, ինքն իրեն թե´ հայերին, թե´ ադրբեջանցիներին հարվածի տակ է դնում` նաև առաջացնելով տարաբնույթ մեկնաբանություններ` Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Կարծում եմ` Մադրիդյան սկզբունքների ժամանակաշրջանը կավարտվի, և այս առումով, ռուսական նախաձեռնությունները ռուսների համար ցանկալի արդյունք չեն տա: Մենք ոգևորվելու առիթ չունենք, ոչ էլ պետք է ուրախանանք: Հայաստանի և Արցախի իշխանություններն այլընտրանք հայտնելու քաղաքական ունակություն չեն դրսևորում: Գուցե այդ ունակությունը դրսևորվի առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Իսկ Մադրիդյան սկզբունքների նկատմամբ իշխանությունների որդեգրած դիրքորոշման վառ ցուցիչը հայ փախստականների խնդրի լռության մատնելն է հայկական կողմից: Իսկ իրականում հայ փախստականների խնդիրը ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին է, և ադրբեջանական կողմը դա շատ լավ հասկանում է:

-Անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ասել էր, թե հիմա պետք է զբաղվել ոչ թե կարգավորման խնդրով, այլ ավելի շատ պետք է աշխատել կողմերի հասարակություններին նախապատրաստել հաշտեցման: Արդյո՞ք ԵՄ-ն մտադիր է առանց հակամարտության կարգավորման` հաշտեցման հասնել և բացել հաղորդակցման ուղիները :

- Մենք պետք է հասկանանք գործընթացի հետևողականությունը: Մադրիդյան սկզբունքներն այսօր բանակցային օրակարգի առանցքն են: Այդ առումով, շահագրգիռ կողմերի պաշտոնատար անձանց համաձայնությունը կարծես կա: Մնում է, որպեսզի այդ համաձայնությունը համալրվի Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի հասարակությունների համաձայնությամբ: Եթե ռուսները փորձում են հակասությունները հարթել կոմպրոմիսի միջոցով` իրենց պայմաններն առաջարկելով կողմերին և ասելով, թե որն է գինը, Արևմուտքն ըստ էության, գնի հարցը լղոզում է: Այսինքն, խնդրի կարգավորման համար Արևմուտքն ավելի մեծ ժամանակահատված է նախատեսում: Այնինչ, ռուսներին կարգավորումն անհրաժեշտ է հենց այսօր:

Լավ, բայց և´ ռուսները, և´ Արևմուտքը մոռանում են մի շատ կարևոր գործոնի` Իրանի ազդեցության մասին: Վերջինս բազմիցս է հասկացրել` իր համար շահեկան է, որ իր հյուսիսային սահմանների հարևանությամբ տարածքները վերահսկեն հայերը:

- Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից համապատասխան աշխատանք կատարվում է: Մի կողմից այդ երկրի վրա շարունակվում են ճնշումները, մյուս կողմից` առաջարկվում է բարելավել հարաբերությունները: Իրանի միջուկային խնդիրն այդ առումով կարևոր հանգուցակետերից մեկն է: Հիմա եթե ռուսական ջանքերի հաջողության հավանականությունը մեծ չէ, Իրանին այլ բան չի մնա, քան համագործակցել Միացյալ Նահանգների հետ: Իհարկե` որոշակի երաշխիքների պայմանով:

Ա.Դ.