ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ՀԱՅՏԱԾՎՈՒՄ» ԵՆ


 

Սա է մեր իրականությունը, սա է մեր ընտրությունների հիմնական սցենարներից մեկը, որն արդեն մի քանի տարի կրկնվում է` հեղինակազրկելով ընտրությունները, դրանք վերածելով ընտրակաշառքի մրցավազքի: Մի՞թե մեր կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները չեն հասկանում, որ ալյուր բաժանելով` չեն կարողանա ընտրողի համակրանքին արժանանալ, չեն կարողանա վստահություն ձեռք բերել: Մի՞թե նրանք այսքան ժամանակ չընկալեցին, որ շատ ընտրողներ էլ սկսել են ի հայտ բերել ընչաքաղցություն` անընդհատ ու անընդհատ պահանջելով ընտրակաշառքներ: Այսպես ընտրողին են այլասերում, ընտրողն էլ այլասերում է ընտրությունները: Եվ այսքանից հետո խոսում ենք արդար ու թափանցիկ ընտրությունների և հասարակության բարոյական մաքրության մասին:

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ՀԱՅՏԱԾՎՈՒՄ» ԵՆ

Արդեն հայտնի է դարձել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մուրաբա ու հեռախոսներ է սկսել բաժանել ընտրողներին, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ալյուր բաժանելու գործընթաց է սկսել: Ընտրությունների նախօրյակին Գ. Ծառուկյանը նաև 300 տրակտոր է նվիրել հայ գյուղացիներին, բայց ձեռնպահ ենք մնում դա ընտրակաշառք որակել, որովհետև գյուղատնտեսական տեխնիկա Հայաստան ներկրելու խոստումը Ծառուկյանը տվել էր ընտրություններից շատ առաջ: Բայց ի՞նչ անուն տաս այն հանկարծակի շռայլությանը, որը թույլ է տրվում մուրաբայի կամ էլ ալյուրի տեսքով:

Գիտենք, որ առաջիկայում կարող են էլի ուրիշ բաներ բաժանել, իսկ ամենից շատ` փող, որովհետև կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուները գիտեն, որ մեր բնակչության մի մասն իրատես է և ավելի շատ գերադասում է փողը, քան` ալյուրը, շաքարավազը, հագուստն ու ակնոցները: Դե, փողը մի տեսակ բարձր ու հպարտ է հնչում, մարդիկ կարող են 10-15 հազար դրամով մի երկու օր կուշտ լինել, օգտագործած էլեկտրաէներգիայի վարձը մուծել կամ էլ մի երկու զույգ էժան կոշիկ գնել: Դա նրանց համար առավել նախընտրելի է: Մեր որոշ թեկնածուներ չեն հասկացել, որ ասֆալտ փռելով կամ էլ մի երկու աղբյուր-հուշարձան կառուցելով չեն կարող ընտրողների աչքը մտնել: Պետք է անպայման փող բաժանեն, որպեսզի մարդիկ մտածեն իրենց ձայն տալու մասին: Իհարկե, մեր ընտրողներից շատերն էլ այնքան միամիտ չեն, որ միայն մի թեկնածուից կամ մի կուսակցությունից փող վերցնեն: Նրանք գրանցվում են միանգամից մի քանի ցուցակներում, բոլոր փող բաժանողներին խոստանում, որ անպայման նրանց են ձայն տալու և վերցնելով գումարը` գնում են քվեարկելու բոլորովին այլ թեկնածուի օգտին: Կան ընտրողներ էլ, ովքեր փողեր վերցնելով` առհասարակ չեն գնում ընտրությունների:

Լ.Մ.