ԵՐԱԽՏԱՎՈՐԸ


Առնո Արշակի ՏԱՏԻՆՑՅԱՆԸ ծնվել է 1939 թ. մայիսի 1-ին Գորիս քաղաքում: 1956 թ. ավարտել է Ա. Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թ. զորակոչվել Խորհրդային բանակ, ծառայել է հրետանային գնդի սերժանտական դպրոցում, 1959 թ. ընդունվել և 1962 թ. ավարտել է Թիֆլիսի հրետանու ուսումնարանը, 1978 թ.` Լենինգրադի հրետանա-հրթիռային ակադեմիան, ստանձնել է դասակի, մարտկոցի, դիվիզիոնի, գնդի հրամանատարների, դիվիզիայի, բանակային կորպուսի հրթիռա-հրետանային զորքերի պետի պաշտոնները, դասավանդել Տաշքենդի բարձրագույն տանկային ուսումնարանում, զոհվել է 1992 թ. օգոստոսի 26-ին Զանգեզուրի դիրքերում մարտական առաջադրանքները կատարելու ժամանակ: Կենսագրական տվյալները, սակայն, բավական չեն` նրա նման հմուտ հրամանատարի և հայրենասերի կերպարը ներկայացնելու: Բախտի բերմամբ մենք 1958 թ. հոկտեմբերի 20-ին Գորիսի ԶԿ-ից միասին ենք զորակոչվել, Բիչանակի լեռնանցքով և Նախիջևանով հասել Երևան, որտեղից մեզ ավտոբուսով ուղարկել են Ադրբեջանի Ղազախ քաղաք, 751 հրետանային գունդ: 10 ամիս սովորելով գնդի սերժանտական դպրոցում, ընդունվել ենք Թիֆլիսի հրետանային ուսումնարանը: Ավարտելուց հետո մեր ուղիները բաժանվել են: 1988-ին, սակայն, կրկին հանդիպել 7-րդ բանակի կազմում: Ուսման, ձմեռային և ամառային արձակուրդների ժամանակ եղել են բազմաթիվ հանդիպումներ Գորիսում, երիտասարդների հետ ԶԿ ցուցատախտակի վրա եղել են մեր նկարները: Առնոն ինձանից շուտ էր ամուսնացել Բախշյան Ժերմինեի հետ (Բախշյան Յուրայի քույրն է), և երազում էր Արման և Վիգեն իր որդիների զավակներին էլ տեսնել: Ավաղ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվեց` Հայրենիքի հանդեպ իր սրբազան պարտքը կատարելիս: Առնո Տատինցյանը փորձառու, գրագետ սպա էր, պատկերացնում էր զինծառայությունը զորանոցից մինչև մարտական դիրքերը և այդ էր հիմնականում պատճառը, որ նա բոլոր ստանձնած պաշտոններում կարողացել է լավագույնս դրսևորել իրեն: Դրա ապացույցն է, որ նա վաղաժամկետ գնդապետի կոչում է ստացել, պարգևատրվել է Հայրենիքին ծառայելու համար շքանշանով, մարտական ծառայության, արիության ու ԽՍՀՄ-ի և ՀՀ-ի այլ մեդալներով: ՀՀ զինվորական կառույցներում Առնոն իր զգալի ներդրումներն ունի: Վ. Սարգսյանի գլխավորած ԳԽ-ի մշտական հանձնաժողովում եղել է խորհրդատու, մասնակցել է ՀՀ սպայական միության ստեղծման գործընթացին: 1991 թ. մայիսի 6-ից նա ՀՀ կառավարությանը կից ստեղծված Պաշտպանության կոմիտեի օպերատիվ վարչության պետի տեղակալն էր, իսկ վերջինիս հիման վրա ստեղծված ՀՀ պաշտպանության նախարարությունում իր իսկ ցանկությամբ նա ստանձնել է Զանգեզուրի ուղղության հրետանու պետի պաշտոնը, ունեցել զգալի ներդրումներ այդ կառույցի կայացման և հզորացման գործում: Գնդապետ Առնո Արշակի Տատինցյանը հայ ժողովրդի հայրենասեր զավակների շարքում ունի իր ուրույն տեղը:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ