Ծխեք, որ օգնեք


Չինական Հուբեյ գավառի Գունան քաղաքի պետական ծառայողներին հանձնարարված է շատ ծխել: Այն էլ` միայն իրենց տարածքում արտադրվող սիգարետներ: Պետական դպրոցների ուսուցիչների վրա նույնպես տարածվում է այդ պարտադրանքը: Գյուղերից մեկի չինովնիկները ստիպված են եղել 1 տարում 400 բլոկ սիգարետ ծխել: Իշխանությունների այս ձեռնարկման նպատակը տեղական ծխախոտարտադրողներին աջակցելն է` մրցակցությանը դիմանալու համար: Նրանք, ովքեր չեն կատարի ծխելու պլանը կամ կծխեն ոչ տեղական սիգարետներ, ստիպված կլինեն տուգանք վճարել: Սիգարետային այս պարտադրանքը արտառոց ձեռնարկում է: Մանավանդ, որ Պեկինյան օլիմպիադայի ընթացքում մայրաքաղաքի իշխանությունները մեծ ջանքեր ու միջոցներ ներդրեցին` ծխելու դեմ պայքարում: Մինչդեռ հիմա հույսեր են փայփայում ծխախոտի վաճառքի աշխուժացման հետևանքով ավելացնել հարկային մուտքերը: Ըստ վիճակագրության` ներկայումս Չինաստանում ապրում է 350 միլիոն ծխող, որոնցից 1 միլիոնն ամեն տարի մահանում է ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդություններից: Ի ԴԵՊ. Վերջին 10 տարում ծխախոտի արտադրության ծավալները կրկնակի չափով ավելացել են նաև Ռուսաստանում. օգտագործման չափն աճել է 1,5 անգամ, իսկ դրա հետևանքով մահացությունը 250-ից հասել է 400-500 հազար մարդու` մեկ տարում: ՌԴ-ում ծխում է չափահասների 63 %-ը, անչափահասների 50 %-ը: Ծխում է տղամարդկանց 67, կանանց` 40 տոկոսը. նրանցից` տղամարդկանց 80 %-ը և կանանց 50 %-ը ծխել սկսել են մինչև 18 տարեկան դառնալը (տեղեկացրել է «MK»-ն):