ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆ. աշխարհի կրկնակի, Եվրոպայի օլիմպիական, Խորհրդային միության տասնակի չեմպիոն, աշխարհի 12 ռեկորդների հեղինակ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Երևանի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: «Մարդը չի կարող ապրել առանց իր անցյալի» Հայ անվանի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանն իր կենսափորձով վերստին փաստում է, որ հաջողությունների շարունակականության համար պետք է ձեռքբերումից գլխապտույտ չունենալ և ապագան միշտ անցյալի միջով դիտարկել: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Որքանով որ հասկացել եմ` դժվարությունները սկսվել են դպրոցից: Շրջապատումդ ինչ-որ մի առավելություն տեսնելով` ակամայից ցանկանում ես դրան հասնել: Լինի դա սոցիալական կարգավիճակ, մտավոր կամ ֆիզիկական ընդունակություններ: Իսկ հաջողության հասնելու համար տքնաջան աշխատանք է պահանջվում: Մեկ տարի մեծ սիրով ըմբշամարտի մարզադպրոց եմ հաճախել և մի փոքր ընդմիջումից հետո նոր սկսել եմ ծանրամարտով զբաղվել: Չարչարվել եմ շատ, թեև երբեք չէի մտածում, որ կարող եմ ծանրամարտի օլիմպիական կամ աշխարհի չեմպիոն դառնալ: Նպատակը զուտ այն էր, որ ֆիզիկապես ուժեղ տղա լինեմ, ինչը ինքնապաշտպանության երաշխիք է նաև: Բայց իմ մարզչի` լուսահոգի Աշոտ Վիլասյանի ներդրած ջանքերի շնորհիվ կարողացա լուրջ հաջողությունների հասնել: Ինչքան արդյունքները բարելավում էի, այդքան դժվարություն ներն էին ավելանում, ու, փառք Աստծո, կամքի ուժը չդավաճանեց, և սպորտային հաջողություններս իրենց շարունակությունն ունեցան: Սակայն դժվարությունները մարդկանց համար են. առանց դրանց կյանքն անհետաքրքիր կդառնա: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Մարդու կամքից չէ կախված նրա ազգային պատկանելությունը, և ես հպարտ եմ հայ լինելուս համար: Դա էլ է կոչում, և ամեն հնարավորն արել ու անում եմ, որ իմ դաստիարակած սերունդն ապրի այդ գիտակցությամբ: Պատմական մեր հարուստ անցյալի ամեն մի շրջանում էլ կան նվիրյալ-հերոսներ, մշակութային անհատականություններ: Ու համակրում եմ ազգային գիտակցություն ունեցող ժողովրդին, որը խելացի է և մտածում է իր ապագայի մասին` իրեն վեր չդասելով այլ ազգերից: Ինձ համար այդպիսին է հայ ազգը` իր աշխատասիրությամբ, խաղաղակեցությամբ և այլ դրական հատկանիշներով: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Որևէ գաղտնիք չեմ ունեցել, որը խնամքով պահելուց հետո այսօր կբարձրաձայնեի: Կարող եմ ասել` որևէ դժգոհություն չունեմ. ունենալու դեպքում էլ` ինքս ինձանից պետք է միայն դժգոհեմ: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիները մեր սպորտի փայլուն ժամանակներն էին. մեծ առավելություններից էինք օգտվում: Կարեն Սերոբիչը մշտապես մեր թիկունքին կանգնած էր, մեծարում էր, ինչի համար չենք դադարում երախտապարտ լինել: Տարիների ընթացքում արածների ու չարածների համար գուցեև ափսոսանքով հիշենք, բայց անընդհատ դժգոհելը որևիցե դրական արդյունքի չի հանգեցնի: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Անհասկանալի է միայն մարդու ուժերի գաղտնիքը. թե ինչպիսի ուժեր կան նրա ներսում, ինչպե՞ս են կուտակվում կամ ե՞րբ են սպառվելու: Զարմանում ես, թե մարդկային ուժը ինչերի է ունակ. օրինակ` մարզիկը օրը երկու անգամ է մարզվում` ընդամենը երկու ժամ հանգստանալով: Իհարկե, գիտությունը շատ առեղծվածներ է բացահայտում, բայց մարդու հետ կապված գաղտնիքներ դեռ շատ կան, որոնք երկար ժամանակ կամ էլ ընդհանրապես չեն պարզաբանվի: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Միշտ հիշում ենք 1983 թ. այն օրերը, երբ երեքով` Յուրի Վարդանյանը, Յուրի Սարգսյանն ու ես աշխարհի չեմպիոններ դարձանք: Առաջին օրը ես դարձա. Սարգսյանը մոտեցավ և ասաց. «Օգսեն, դու որ դարձար, ես էլ պետք է դառնամ»: Եվ, իսկապես, դարձավ: Այս անգամ էլ Յուրի Վարդանյանը համոզմունք հայտնեց, թե` «Դուք չեմպիոն դարձաք, ես ո՞նց ետ ընկնեմ, ես էլ պետք է դառնամ»: Մի անգամ էլ ավտոտեսուչը կանգնեցրեց և. «Օգսեն ջան, դե լավ էլի, հերիք է երկրորդ տեղը գրավես: Մյուս անգամ չեմ ներելու քեզ»: Ես էլ պատասխանեցի. «Էնպես ես ասում` կարծես թե մեր գյուղում եմ փոխչեմպիոն դարձել»: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Առավել հիշվող են սպորտային կյանքում եղած իրադարձությունները` և° հաղթանակները, և° պարտությունները: Պարտություններից շատ եմ տխրել, իսկ հաղթանակի ժամանակ պարզ է, թե ինչ ցնծության մեջ եմ եղել: Բայց հայրս միշտ խրատում էր, որ չպետք է հաղթանակներից շատ ուրախանալ և պարտվելիս խիստ ընկճվել, որովհետև դրանք «անբաժան» են: Հուշը երբեք չի մոռացվում. դա մարդու անցյալն է: Մարդը չի կարող ապրել առանց իր անցյալի: Եթե անցյալիդ հետ հաշվի չնստես, ապագայում շատ ու շատ խնդիրների առջև կկանգնես: Հաճախ ինձ հարցնում են, թե որտեղ եմ բնակվում, և զարմանում են, որ իմ հարազատ Բաղրամյան գյուղից չեմ տեղափոխվել մայրաքաղաք: Երևանն ունի իր ճանաչված մարզիկները, ես էլ Բաղրամյան գյուղի մարզիկն եմ, քանի որ երբեմն մեր գյուղի մասին լսելիս հարցնում են. «Դա Օգսեն Միրզոյանե՞նց գյուղն է»:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ