ՎԵՐԱԾՆՎԱԾ «ՍՊԱՐՏԱԿԸ»


Անցյալ դարի 30-ականներից զրնգացող մեղեդի Հայկական հինավուրց երաժշտության գանձարանի բազմաձայն ու գունագեղ հարստացման տեսակետից զարմանալիորեն արգասաբեր էին անցյալ դարի 30-ականները: Հասարակական ամենամարդասիրական կացութաձևի ամրակուռ շինարարությանը լծված 10-ամյա երկրում, ի հեճուկս սոցիալ-տնտեսական բնականոն դժվարությունների զորեղ արգելապատնեշի, հոգևոր համընդհանուր զարթոնքի մթնոլորտում ողջ մշակույթն էր լիափթիթ ծաղկում: Աշխարհասփյուռ ներուժի կենտրոնացմամբ` հող էր նախապատրաստվում շնորհաշատ նորերի բացահայտման ու հասունացման համար: Պետությունը քաջ գիտակցում էր, որ արդիաշունչ բարձրարվեստ ստեղծագործությունների անփոխարինելի հզոր ներգործությամբ միայն կարող է ամրապնդել իր գաղափարական հիմքերը: Եվ չէր խնայում ոչի°նչ մարդկային զանգվածների հոգևոր-մտավոր-բարոյական վերափոխման համար` աչալուրջ խթանելով մշակութային հանրօգուտ գործունեությունը: Բոլոր ասպարեզներում միաժամանակ` առանց խտրականության աջակցելով ու ապավինելով ցայտուն անհատականություններին, համախմբելով նրանց համազգային կարևորության ծրագրերի կենսագործման տիրույթում: Այդպիսով ստեղծվեցին նաև երաժշտական նորանոր կենտրոններ (ֆիլհարմոնիան, օպերային թատրոնը…) ու կոլեկտիվներ (ժողովրդական երգի-պարի ու գուսանական անսամբլները, էստրադային նվագախումբը…): Մշակույթի բազմաքանքար գործիչների` նշանավոր երգահանների, երաժիշտ կատարողների ու հմուտ կազմակերպիչների տքնաջան համադաշնությամբ պարարտացված անդաստանում իր նորամուտը համարձակորեն ազդարարեց երիտասարդ կոմպոզիտորների տաղանդավոր սերունդը` Հ. Ստեփանյան, Կ. Զաքարյան, Ա. Սաթյան, Վ. Տալյան, Ա. Այվազյան… Եվ բնատուր շնորհները մոսկովյան եռաստիճան բարձրակարգ կրթությամբ առավելագույնս հղկած ու համաշխարհային (հատկապես` ռուսական) երաժշտարվեստի քուրայում մշտապես հիմնովին թրծված Արամ Եղիայի (Իլյիչի) Խաչատրյանը (1903-1978 թթ.) շատ շուտով դարձավ իր սերնդի ամենաերևելի ներկայացուցիչը: Դեռևս ուսանելու տարիներին տարվելով աշխարհի ժողովուրդների (հայկական, ռուսական, հունգարական, թուրքական…) երգերի ու պարերի մշակումներով` դրանց ռիթմերի ինտոնացիոն շեշտադրության վարիացիոն վերամարմնավորմամբ գրեց «Պար» ջութակի և դաշնամուրի համար (1929), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933): Գայթակղված թատերարվեստով` երաժշտականացրեց Ռ. Սիմոնովի ղեկավարած մոսկովյան դրամատիկական ստուդիայի բեմադրությունները («Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա»..., 1926-28 թթ.: Անմիջականորեն բխելով հայ երաժշտական մշակույթից` ժողովրդական ակունքներից, Կոմիտասից, Սպենդիարյանից ու Ռ. Մելիքյանից, Խաչատրյանի արվեստը ուրույն փայլ ստացավ ժողովրդական արվեստի ու համաշխարհային սիմֆոնիզմի արտահայտչամիջոցների օրգանական շաղախով, ոճակերպավորման յուրահատուկ նորահնարքներով, ժանրային սահմանների նրբահմուտ ընդլայնմամբ: Զրնգուն հիացմունքով են ընդունվում ու բարձրագույն գնահատության արժանանում գրեթե բոլոր հաջորդ երաժշտակտավները, որոնցով նոր պատմական շրջափուլ է արձանագրվում հայ երաժշտարվեստի տարեգրության մեջ: Ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939), սիմֆոնիայի և գործիքային կոնցերտների հեղինակի, կինոերաժշտության հիմնադրի («Պեպո», «Զանգեզուր»…) հուզառատ ու պոռթկուն մեղեդիները, չդադարելով հագենալ ժողովրդական վճիտ ակունքներից, դասական բյուրեղությամբ նվաճում են համաշխար հային տարալեզու համերգասրահը: Գեղարվեստական կատարելությամբ միջազգային բեմերում առանձնակի գրավչությունը այժմ էլ անխաթար պահպանում են ազգային նրբերանգներով հարուստ «Գայանե» (1942) և համամարդկային անանցողիկ հնչեղության «Սպարտակ» (1954) բալետները: «Դիմակահանդես»-ի հանրահայտ վալսի հնչյունները պարապտույտի մեջ են ներգրավում նորանոր սերունդների: Անցյալ դարի 30-ականներից զրնգացող խաչատրյանական մեղեդիները, երաժշտասերների տարբեր սերունդներին հոգեհարազատությամբ, դիմագրավում են ժամանակի գրաքննությանը և դեռ երկար կհնչեն` ապրեցնող, մարդացնող մոգական չնվազող ներուժով առլեցուն: 55-ամյա «Սպարտակ»-ը Ստրկության կապանքները փշրելու հերոսական կորով ներարկող և հանուն արժանապատիվ ազատ կեցության մահու-կենաց պայքարի մղող «Սպարտակ» բալետին Արամ Խաչատրյանը ձեռնարկել է Մեծ Հայրենականի դժնդակ օրերին` ստրկության վաճառված ազատատենչ ու աիրակամ թրակիացու ընդօրինակման արժանի ցայտուն կերպարով ոգեշնչելու համար ֆաշիզմի դեմ անհավասար գոտեմարտի բռնված խորհրդային ժողովրդին: «Սկսում եմ ստեղծագործական վիթխարի հուզմունքով», - նշում է նա պարտիտուրի առաջին էջին: Ռաֆայելո Ջովանյոլիի համանուն վեպի հիման վրա անվանի դրամատուրգ Նիկոլայ Վոլկովի գրած սցենարի երաժշտական մեկնաբանությունը, սակայն, կարողանում է ամբողջացնել 1954-ին միայն: Երկու տարի անց հանրահայտ բալետմայստեր Լ. Յակոբսոնը Լենինգրադի Կիրովի անվան (այժմ` Մարիինյան) օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում իրականացնում է «Սպարտակ»-ի առաջին բեմադրությունը: Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում Մոիսեևի (1958) և նույն Յակոբսոնի (1962) տարբերակ ներից հետո շռնդալից հաջողությամբ հաստատվում է Խաչատրյանի հետ համատեղ խմբագրված (վերանայվում է սցենարը, հավելվում են մենապարեր) Յուրի Գրիգորովիչի բեմադրությունը (1968): Վերջինիս խաղացանկային 40-ամյա երկարակեցությունն էլ, ըստ էության, հուսալի հիմք է դառնում հոբելյանական ներկայացման առիթով հանդիպած ՀՀ և ՌԴ նախագահների տիկնանց հանպատրաստից մտահղացած համագործակցության: Գրիգորովիչի գեղարվեստական ղեկավարությամբ` մեր օպերային թատրոնում 55-ամյա «Սպարտակ»-ի նրա բեմադրատարբերակն իրականացնելու միջպետական նախագծի վերափոխվում: Համազգային նշանակության դաշինք, որում մեր նորանկախ կենսագրութ յան մեջ առաջին անգամ, համերաշխ միասնականությամբ լրջորեն համախմբվեցին պետությունն ու գործարար աշխարհը` որդեգրած բացառիկ բիզնես մշակույթի հայրենաշեն բովանդակությամբ հատկապես աչքի ընկնող ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատարությամբ: «Մշակույթը ազգի ինքնությունն է»,- անձանձիր պարզաբանեց ծախսատար այս կոթողի վերակերտմանը 180 մլն ՀՀ դրամ հատկացրած իր ղեկավարած ձեռնարկության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ տոգորված աշխատաոճը Ռալֆ Յիրիկյանը, ով համոզված է, որ գործարարները, որպես տվյալ հասարակության լիիրավ անդամներ, իրենց եկամուտներից որոշակի բաժին պիտի հանեն համընդհանուր կարևորության պետական ծրագրերի կենսագործման համար: - «Սպարտակ»-ի այս բեմադրությամբ մեր պատմության մեջ նոր էջ է բացվում: Հավատացնում եմ, որքան կուռ համախմբվենք, այնքան դյուրին կլինի պահպանել ու զարգացնել մեր մշակույթը, հզորացնել մեր ինքնությունը»: Վեց հիմնական հովանավորների տարաչափ ֆինանսական ներդրումները գումարվեցին պետական 20 միլիոնին` հաջողության ռեալ երաշխիք ապահովելով թանկարժեք նախագիծը անխաթար կյանքի կոչելու համար: ՀՀ նախագահն ու մշակույթի նախարարը իրենց ուշադրության կենտրոնում մշտապես պահեցին բեմադրական աշխատանքների գերլարված ընթացքը` հարթելով կողմնակի խութերը: Անցյալ դարի 80-ականներից կազմալուծվող բալետային խումբը (գլխավոր պատճառը մեր խաղացանկում «Սպարտակ»-ի ավելի քան 20-ամյա բացակայության) համալրվեց «Բարեկամություն» վաստակավոր պարային համույթով: Մեծ թատրոնից հրավիրված պարուսույցներ Վասիլի Վորոխոբկոյին, Ռեգինա Նիկիֆորովային և Միխայիլ Մինեևին ջանասիրաբար աշխատակցեցին տեղի բոլոր կարող ուժերը: Գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ով Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում ևս «Սպարտակ»-ի երաժշտական ղեկավարն է հանդիսանում, մասնագիտական մեծ պատասխանատվությամբ նախապատրաստեց նվագախմբին: Երկկազմ բեմադրատքնանքի արդյունավետության վերջնական գրավականը Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» - 2008 միջազգային մրցույթում Սպարտակի դերակատարներ Ռուբեն Մուրադյանի և Սևակ Ավետիսյանի հաղթական մասնակցությամբ ամրապնդված հավատն էր անփորձ երիտասարդների կատարողական ունակությունների հանդեպ: Նաև եռանդուն պատրաստակամությունը Մարկոս Կրասոսի (Նարեկ Մարտիրոսյան, Արմեն Գևորգյան), Ֆրիգիայի (Ժակլին Սարխոշյան, Սյուզան Փիրումյան) և Էգինայի (Մարիա Դիվանյան, Մերի Հովհաննիսյան) դերակատարումները ստանձնածների` հնարավորինս բավարարելու աշխարհահռչակ բեմադրիչի ներկայացրած պահանջները` ի նպաստ «Սպարտակ»-ի նորահաստատման մեր թատրոնի խաղացանկում: Հենց այսպես միանգամայն հնարավոր դարձավ «Սպարտակ»-ի վերածնունդը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Ուրեմն` միայն այսպես, համազգային դաշինքով կարելի է հասնել մեր օպերային թատրոնի տեղծագործական լիափթիթ զարթոնքին: Ուրեմն` միայն այսպես կարելի է արդիաշունչ բեմական կյանք պարգևել նաև «Ալմաստ» և «Սայաթ-Նովա» օպերաներին: Բալետային հրավառություն …Սիմֆոնիկ նվագախումբը հնչեցնում է ռազմական արշավանքի սկիզբն ազդարարող առաջին խրոխտ տակտերը: Վարագույրի բացվելուց հետո երևացած ժայռաբեկոր պատ-միջնորմը սահուն վեր է բարձրանում` անմիջապես սևեռելով հանդիսատեսի ուշադրությունը հռոմեական զորահրամանատար Կրասոսի մարտակառքի շուրջ խմբված զորքի ընդհանուր բեմապատկերի գեղանկարչական իմաստավորվածության վրա: Սիմոն Վիրսալաձեի էսքիզներով արված դեկորներն ու բեմահանդերձները այդուհետև մշտապես աչք են շոյում իրենց գունաիմաստային լակոնիկ արտահայտչականությամբ, ըստ հերոսական-էպիկական սյուժեի զարգացման փոփոխվելով` մեծապես նպաստում մ.թ.ա. I դարին համարժեք միջավայրի թատերապատրանքի պահպանմանը, որին կենդանի համոզչականություն է հաղորդվում ստեղծագործական խմբի բեմական վարքագծի կանոնակարգված ուղղորդմամբ: Խաչատրյանական անմարելի տաղանդով հյուսված երաժշտակտավի ներթաքույց բովանդակությունը խնամքով բացահայտվում է` բեմադրիչի բարձրաճաշակ գեղագիտության հանդեպ խորին ակնածանք ներշնչելով պատկերից պատկեր: Շղարշամթնեցումների հնարամիտ կիրառությամբ հընթացս փոփոխվում է բեմատարածքը (բեմադրող նկարիչ` Միխայիլ Սապոժնիկով)` առաջին պլանում կենտրոնացնելով մասսայական տեսարանները մեջընդմիջող գլխավոր հերոսների իրարահաջորդ մենապար-մենախոսությունները: Գունալուսային նրբարվեստ լուծումներով (Միխայիլ Սոկոլով) աստիճանաբար խորանում է ներկայացման խոհազգացական ներգործությունը: Սիրո և ազատության մասին պարակերտ այս պատմությունը համամարդկային շեշտադրությամբ է հագենում` չքնաղ երաժշտության տպավորիչ ու խորախորհուրդ կենդանացմամբ 12 պատկերներով ու 9 մենապարերով: Երեք գործողություններից յուրաքանչյուրը ավարտուն ամբողջականությամբ է աչքի ընկնում` փոխկապակցված հասունացնելով ողբերգաշունչ դրամատիզմով ներթափանցված բեմապատումի լավատեսություն ներշնչող ավարտը: Միտումնավոր չեմ մանրամասնում առանձին դերակատարումների վերլուծությունը, չնայած մի քանիսն աչքի էին ընկնում առավել ճկուն, նրբագեղ ցայտունությամբ: Առաջնախաղի անմիջական վառվռուն տպավորությամբ ակամա մտաբերում եմ օրերս Հայաստանում իր «Զատկի փառատոն»-ով հյուրընկալված պետերբուրգյան Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, XXI դարին համարժեք նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին (նա էլ ձեռնարկել է Յակոբսոնի «Սպարտակ»-ի վերականգնմանը) հղված թևավոր ասույթը 1981-ին մեր պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի քառամյա ղեկավարությունը ստանձնելուց առաջ. «Եթե սովորես համախմբել 100 հայ, կկարողանաս ղեկավարել ողջ աշխարհը» : Յուրի Գրիգորովիչին անվերապահորեն հաջողվել էր բարդագույն այդ խնդրի հաղթահարումը: Հայազգի պարողները միասնաբար կարողացան կատարողական պատշաճ մակարդակով վերահաստատել նրա հանրահայտ բեմականացման շենշող թատերագրավչությունը: Հիմա պարզապես հարկավոր է շարունակական խաղարկմամբ նրանց ազատագրել դասը լավ սերտող ուշիմ աշակերտի տեղ-տեղ զգալի կապանքներից, որպեսզի լիարժեքանան դերամարմնա վորումները` ձեռք բերած բարձր որականիշի ամրապնդմամբ, և նոր ներկայացումը երկարակեցության հայտով մուտք գործի աղքատիկ խաղացանկ: Արդեն կայացած 4 ներկայացումների ընդհանուր տպավորությամբ` այլևս կասկածից վեր է Գրիգորովիչի արտահայտած կարծիքը. «Մենք միասին կարծես թե հաղթահարեցինք առկա բոլոր խոչընդոտները ու լեռ բարձրացանք: Հիմա հարկ է, որ գագաթին մնալն ապահովվի: Ձեր պարախումբը, ինչպես և երկիրը, դժվար է ապրում: Ընդամենը 3 բալետ կա խաղացանկում, որոնք հազվադեպ են խաղարկվում: Տղամարդիկ չեն բավականացնում: Փորձնակներ է հարկավոր հավաքել` ավելացնելով բեմադրությունների քանակը, և, ամենից առաջ, կենսապայմանները լավացնել արտոնյալ կարգավիճակով: Հակառակ դեպքում` կհեռանան, ինչպես նույնիսկ Մեծ թատրոնից են հեռանում»: Այս առումով չափազանց բնութագրական է վերածնված «Սպարտակ»-ի երրորդ ներկայացումը` յուրատեսակ քննություն մեր ողջ պարախմբի համար, քանզի II գործողության գլխավոր դերակատարները Մեծ թատրոնի փորձառու մենակատարներ Պավել Դմիտրիչենկոն (Սպարտակ), Աննա Նիկուլինան (Ֆրիգիա), Եկատերինա Շիպուլինան (Էգինա) և Վլադիմիր Նեպորոժնիյն էին: Հայ-ռուսական մշակութային համագործակցության այս գործնական փաստով մեր պարախումբը հավաստեց իր կատարողական հավատընծա ներուժը և ամեն նոր ստեղծագործական փորձություն արժանապատիվ տանելու պատրաստակամությունը: Մնում է մայրական հոգատարությամբ փայփայել Գրիգորովիչի օգնությամբ նրանց ձեռք բերած մասնագիտական հմտությունները և, պատմական ոչ վաղ անցյալի դասերով իմաստնացած, լրջորեն մտահոգվել նորածին «Սպարտակ»-ի լիարժեք հասունացմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ