Քարոզարշավը կեղծ հարցախույզների ճիրաններում


Որտեղ ընտրություն, այնտեղ` հարցախույզներ: Ցանկացած ընտրական գործընթացի միանգամայն ընկալելի այս բաղադրիչը մեր պարագայում աստիճանաբար սև PR-ի կեղտոտ նպատակներին է սկսում ծառայել: Խնդիրն այն է, որ մեզանում հարցախույզներով ընդամենը մի քանի մարդ է զբաղվում և այն էլ այնպես, որ ներկայացվելիք արդյունքները հեշտությամբ համընկնեն պատվիատուի ճաշակին: Այս առումով առաջիկա ընտրությունների նախաշեմին դարձյալ ոչինչ չի փոխվել, և սոցիոլոգիական նախորդ դարի նվաճումներից մեկը համարվող Ահարոն Ադիբեկյանը ներկայում պարզ սպեկուլյացիայով է զբաղվում ու արդեն հասցրել է հիմնավորապես հեղինակազրկել իսկապես հետաքրքիր այս գիտությունը: Եթե նախկինում անմրցակից այս սոցիոլոգի հարցումները մեծամասամբ իշխանական ճամբարի տրամադրությունների հետ էին համընկնում, ապա շաբաթը մեկ-երկու անգամ դեմքին լուրջ արտահայտություն տալով, հանրությանը թվախեղդ անող Ա. Ադիբեկյանն այս քարոզարշավում հիմնական թիրախ է դարձրել ԲՀԿ-ն… Նախքան քարոզարշավը, երբ հայոց հատուկենտ սոցիոլոգների մեկ այլ առաջնորդ Գևորգ Պողոսյանն անսպասելիորեն «բացահայտեց», թե երևանյան ընտրություններում իշխանական ՀՀԿ-ն ու ընդդիմադիր ՀԱԿ-ը շուրջ 35-ական տոկոս վարկանիշով արդեն իսկ մեկնարկելիք քարոզարշավի առաջատարներն են, դժվար էր պատկերացնելը, որ այս վաղաժամ դիտարկման միտումը նույնպես ԲՀԿ-ին հետնապահների շարքը մղելու հեռահար նպատակն էր հետապնդում: Ավելի ուշ միայն հայտնի դարձավ, որ նույն Ա. Ադիբեկյանը Գագիկ Ծառուկյանի ընդունարանում սոցհարցման պատվեր ստանալու ակնկալիքով հերթ է կանգնել, սպասելու ընթացքում ահավոր նեղսրտել ու որոշել ԲՀԿ-ի «հախից գալ»: Թերևս սրանով կարելի է պայմանավորել քարոզչության առաջին շաբաթը «հարամած» սոցիոլոգիական փոթորիկը: Մի վերապահում, սակայն, նույնպես արժե կարևորել. մեծ է հավանականությունը, որ իրականում Ահարոն Ադիբեկյանը բոլորովին էլ չի սխալվում, բայց ոչ թե հրապարակված տոկոսների, այլ կուսակցությունների զբաղեցնելիք տեղերի հերթականության մասով: Այսինքն, չի բացառվում, որ մայիսի 31-ից հետո նույնպես արձանագրվի, թե ԲՀԿ-ն իսկապես երկրորդ-երրորդ տեղում է, բայց ոչ թե 5. 7, այլ մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշով: Այսուհանդերձ, ասել, թե սոցհարցումներից միայն ԲՀԿ-ն է դժգոհ, քիչ կլինի: Մեծամասնություն կազմել պատրաստվող ՀՀԿ-ին ու ՀԱԿ-ին Ադիբեկյանի բաշխած համեստ տոկոսներն այնքան են հեռու իրականությունից, որ վերջիններս անգամ չեն էլ ցանկանում մեր ժամանակների հարցախույզների ռեալականությանն անդրադառնալ: Մյուս քաղաքական ուժերի դեպքում գործը նույնիսկ հարցումներին չի հասնում. նրանց համար այս ընտրություններում յոթ տոկոսի նվաճումը հրաշքին համազոր պատահականություն պետք է համարել: Անկախ իրերի դասավորությունից, քվեարկության պատրաստվող յոթնյակը մի կարևոր հարցում համակարծիք է. յուրաքանչյուրն իր հերթին հանրությանը հորդորում է հրաժարվել առաջարկվող ընտրակաշառքներից: Որքան հին, նույնքան էլ ազնիվ խորհուրդ է, բայց ոմանց պարագայում այս հարցն ավելի է «բացվում»` «Գումարը վերցրե°ք, բայց մեզ ընտրեք» մոլորեցմամբ և քրեորեն պատժելի հարթություն տեղափոխելով խնդիրը: Այս պարագայում կարծել, թե քարոզարշավի արագ ընթացքից ոմանք սկսում են «խելքները գցել», ճիշտ չի լինի: Այս անհեթեթ պնդումը նախորդ ընտրությունների շրջանում էլ է հակաքարոզչության կարևոր տարրերից եղել: Բայց ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե այս օրերին իրար հաջորդող թաղային հանդիպումներն ավելի մարդաշատ դարձնելու ակնկալիքով նվերներ են խոստացվում: Այնպես որ, հեռու չէ նաև այն օրը, երբ այս կամ այն թեկնածուի կուսակցական ակտիվը խմիչք-քաղցրավենիքով կսկսի բնակարաններ այցելել… Մյուս կողմից էլ այս հարցում միայն քաղաքական ուժերին մեղադրելը որքան դյուրին, նույնքան էլ սխալ է: Այս օրերին անձրևից հետո սնկի պես աճող նախընտրական շտաբների գործունեությունն առանձնանում է նախորդ ընտրություններից հետո է°լ ավելի կատարելագործված հետևյալ գործառույթով. քաղաքացիները դիմում են կուսակցական գրասենյակներ, բայց ոչ թե քարոզչանյութերին ծանոթանալու, այլ քվեի դիմաց ինչ-որ կենցաղային խնդիր լուծված տեսնելու կամ ուղղակիորեն դրամ ստանալու ակնկալիքով: Կասկածից վեր է նաև, որ քիչ չեն լինի այն քաղաքական ուժերը, որոնք կգնան այդ անազնիվ գործարքին: Իսկ նման իրավիճակում, երբ փողի տոպրակները կարող են ստվերում թողնել ամենալավ նախընտրական ծրագիրն ու խոստումը, և ինքնըստինքյան կարող է ուրիշ ընթացք ստանալ նաև խաղաղ մեկնարկած քարոզարշավը նույնպես: Իսկ նման իրավիճակում ամենատպավորիչ հարցախույզն անգամ չի կարող ճիշտ, մանավանդ օբյեկտիվ կանխատեսում հրապարակել: Այնպես որ, առաջին քարոզչական տասնօրյակն ամփոփելով, կարելի է նշել, որ սոցիոլոգիական անհեթեթ կրակահերթերը դեռ չարյաց փոքրագույնն են: Դրանք ինչ-որ չափով նույնիսկ քաղաքական ուժերին իրար դեմ հրահրելու, անհարկի լարումներ ստեղծելու անամոթ միտումը կարող են ունենալ: Իհարկե` ոչ առանց շահախնդրության: