Սննդի պաշարներն են սպառվում


Բարեգործական կազմակերպությունները Հյուսիսային Կորային անհապաղ օգնելու կոչեր են հնչեցնում: Հոռետեսներն էլ գտնում են, որ սննդամթերքը կարող է չհասնել իսկական հասցեատերերին: Ամերիկյան բարեգործական կազմակերպությունների տվյալներով` հունիսի կեսերին այս երկրում կսպառվեն պարենի պաշարները, ինչը, բնականաբար, կվտանգի մարդկանց կյանքը: «Սամարացու քսակ» բարեգործականը մեկն է այն 5 կազմակերպություններից, որոնք փետրվարին ուսումնասիրել են իրավիճակը և ահազանգել, որ արտասահմանյան կառավարություններն ու մյուս դոնորները եթե նույնիսկ այսօր որոշեն մթերք առաքել, ապա գոնե 3 ամիս կպահանջվի` դա տեղ հասցնելու համար: Օբամայի վարչակարգը դեռ չի որոշել` օգնություն ուղարկելո՞ւ է հյուսիսկորեացիներին, թե՞ ոչ: Հաղորդվել է միայն, որ դեռևս վերջնականորեն չեն կողմնորոշվել, թե ինչպիսի օժանդակություն է անհրաժեշտ: Պհենյանին աջակցություն ցուցաբերելու հակառակորդները հայտարարել են, որ առաքվելիք սնունդը կարող է միայն զինվորականներին կամ վերնախավին մատչելի լինել: Նրանք նաև կասկածում են, որ այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Իռը կսկսի ամբարել պաշարները և չբաշխել մինչև հաջորդ տարի, երբ երկիրը պատրաստվում է նշել նրա հոր` կոմունիստական պետության հիմնադիր Կիմ Իռ Սենի ծննդյան 100-ամյակը: