«Պիտի գնանք վաղ թե ուշ»


Հոգուց ծնված երգը դառնում է ժողովրդինը, հնչում ծեր ու մանուկի շուրթերից, խառնվում հազարամյա հորովելներին… Դրանք երգվում են թե´ ռազմի դաշտում, թե´ շինականի խաղաղ հարկի տակ` ապրեցնելով ժողովրդի երազանքն ու հավատը: Բազմաթիվ հայրենասիրական ոգեշունչ ստեղծագործությունների հեղինակ է գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյանը): «Հայե´ր, միացեք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Վե´ր կաց, Շահե´ն», «Շահումյան», «Պիտի գնանք վաղ թե ուշ»… Երգեր, որ մնայուն արժեքներ են: Այստեղ հայի` կորուսյալ հայրենիքը վերագտնելու հավատն է, կամքը, վճռականությունը: Եվ արդեն քանի տարի` հնչում են նրանք նույն ոգևորութ յամբ, տոգորում հայրենասիրական ոգով ու վեհ գաղափարներով: Գուսանի երգերից 5¬ը պաշտոնապես ընդունված են Հայոց բանակում` որպես քայլերգ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, հայրենի Արտաշատում կազմավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, ապա նաև` երկրապահ կամավորականների ջոկատը, որի կազմում էր Գ. Նազարյանը: Մասնակցել է ՀՀ սահմանամերձ տարածքների պաշտպանությանը, սակայն Արցախում` ճակատային թեժ մարտերին նրան թույլ չտվեցին մասնակցել: Ջոկատը պատրաստվում էր մեկնել Գետաշեն: Հրամանատարը նրան իջեցրեց ուղղաթիռից` թույլ չտալով կյանքը վտանգի ենթարկել: Դրա փոխարեն առաջարկեց երգ գրել: 3 օրում ծնվեց «Գետաշենը», որն ամենասիրված և շատ կատարվող ստեղծագործություններից դարձավ: Երգի հետ կապված հետաքրքիր պատմություն է պահպանվել: Երբ Շահումյանն արդեն դատարակվել էր, ու սկսվել էր գաղթը, Մայիս Մկրտչյանն իր ջոկատով հերթական մարտից հետո դիրքավորվել էր Մարտակերտի և Շահումյանի հարակից անտառներում: Հանկարծ երեխաների լացի ձայն են լսում: Սակայն թաքստոցից դուրս գալու նրանց խնդրանքն անարձագանք է մնում: Եվ, որպեսզի համոզվեն, որ երեխաների լացի ձայնը խայծ չէ` քանի որ մտածում են` հակառակորդի զինվորներ են: Հրամանատարը գտնում է ելքը. սկսում են երգել «Գետաշենը»: Կասկածները ցրվում են: Թաքստոցից դուրս են գալիս մի զինված ծերունի և նրան ապավինած 43 որբ մանուկներ: 1988 թ. մայիսի 17¬ին առաջին անգամ հնչեց «Հայե´ր, միացեք»¬ը: Շարժման օրերին ողջ հայության շուրթերին էր «Հայե´ր, միացե´ք» վանկարկումը: Ժողովրդի պահանջը վերածվեց գեղեցիկ ու ոգեշունչ երգի: Գուսան Հայկազունի` Արցախամարտի հետ ծնված և նրա բովով անցած հայրենաշունչ երգերում կորցրածը վերագտնելու արդար կոչն է, ամուր և աննկուն լինելու պատգամը: - Իմ երգերով փորձում եմ ոգի արթնացնել: Դժբախտաբար, մեր դպրոցներում երեխաները հարկ եղածի չափ հայրենասիրական դաստիարակություն չեն ստանում: Նրանք պիտի անգիր իմանան մեր պապերի, հզոր արքաների անունները: Տղան պիտի ծնված օրից զենք սիրի,¬ ասում է գուսանը: Վերջին ստեղծագործություններից` անցյալ տարի ձայնագրված Կիլիկիային նվիրված երգն աննախադեպ հաջողություն ունեցավ: Հատկապես Բեյրութի, Լիբանանի, Սիրիայի հայությունը ցնծությամբ ընդունեց այն: Այսօր էլ հագեցած ու բազմազբաղ է գուսանի օրը: Աշխատում է Քաշաթաղին և Ջերմուկին նվիրված ստեղծագործություն ների վրա: Արդեն 20-23 տարի աշխարհի բեմերից տարբեր կատարողների կողմից հնչել են նրա երգերը: Գուսանին վրդովեցնում և անհանգստացնում են կատարողների կողմից շարադրանքի մեջ արվող փոփոխությունները, որոնք խախտում են իմաստային ամբողջությունը. - Շատ ուրախ եմ, որ կատարում են իմ երգերը: Բայց կխնդրեի դրանք չաղավաղել: Բառեր ու անգամ մի ամբողջ տուն են փոխում հատկապես իմ ամենասիրելի` «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգի շարադրանքում: Ես չեմ գործածել «թուրք» գարշելի բառը, բայց ավելացրել են: 120 երգերից միայն 20-23¬ն են ներկայացվել ունկնդրին: Ամեն տարի հաջողվում է ձայնագրել մի քանի երգ միայն: Այնուամենայնիվ, իսկական, ճշմարիտ արժեքների դեմ ժամանակն անզոր է: Դրանք երբեք չեն մոռացվում: Այդպիսին են գուսան Հայկազունի զուլալ, սրտաբուխ երգերը: Հնչում են հաղթանակած սերնդի այդ երգերը` ապրեցնելով հայի դարավոր բաղձանքը ու խորը հավատն առ այն, որ մի օր կրկին տեր ենք դառնալու մեր հողերին` «Թեկուզ անանց պարիսպները մեզ բաժանեն մեր երկրից, հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ»:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ