Տոն, որ միշտ մեզ հետ է Էլմիրա ԱՂԱՅԱՆ


Արցախյան պատերազմի վետերան, մարտական շքանշանների ասպետ, պահեստազորի գնդապետ Մայիսի 9¬ը կրկնակի տոն է Արցախի և ողջ հայ ժողովրդի համար: Տոն, որ միշտ մեզ հետ է լինելու: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նաև արցախյան հողի հազարավոր զավակներ են իրենց կյանքի ու արյան գնով պաշտպանել հայրենիքը: Այս հողը հերոսներ է ծնել, մարշալներ ու գեներալներ, որոնց մարտական սխրանքների մասին լեգենդներ են հյուսվել: Զորավարժական դարավոր ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի նվիրյալ որդիներն են նրանք, ովքեր հայ զորականի ոգու ու բազկի ուժը տարան մինչև Բեռլին և իրենց արժանի ներդրումն ունեցան Մեծ Հայրենականի տարած հաղթանակում: Եվ աշխարհն իմացավ, որ երբ հայի ոգին ազատագրական պայքարի կրակով է բռնկվում, դառնում է անպարտելի: Արցախցին չէր կարող պարտվել, չէր կարող մտածել պարտության մասին` ամենածանր պահերին անգամ: Պարտության մասին մտածող զինվորը չի կարող հաղթել, չի կարող սեփական կյանքը դարձնել սխրագործություն: Արցախյան ազատամարտում նաև նրանց զավակներն ու թոռները հաղթեցին: Նրանք արժանի եղան իրենց հայրերի ու պապերի մարտական փառքին, որի գագաթնակետը Շուշին էր` մեր ոգու քաղաքը: Որպես Արցախի հողի դուստր, ես մասնակցել եմ Շուշիի հերոսամարտերին, տեսել մեր ազատամարտիկների աննախադեպ արիության ու տոկունության օրինակներ: Տեսել եմ նրանց ամբողջ հասակով կանգնած ու պատրաստ` նետվելու գրոհի: Չեմ կարող մոռանալ, թե ինչպես էին նրանք մղվում առաջ` կամքի գերագույն լարումով հաղթահարելով բարդ ու դժվարին վերելքներն ու անցումները, երբ առջևում հակառակորդի մահ սփռող կրակակետերն էին: Ու ամեն անգամ սիրտս սեղմվել է` յուրաքանչ յուր զոհված հայ քաջորդու կորստի ահավոր ցավից… 19 տարվա վաղեմության ռազմաճակատային պատկերները կինոֆիլմի ժապավենի նման սահում են աչքերիս առջևով և չեն մոռացվում երբեք: Ու ես հաճախ եմ մտածում այն մասին, թե ինչպիսի թանկ գնով ձեռք բերվեց հաղթանակը, Արցախի սիրտը համարվող Շուշիի հաղթանակը: Երիցս ճիշտ էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր. «…Շուշին ցույց տվեց, որ մենք ամուր ազգ ենք և ոչ միայն կարող ենք պաշտպանվել, այլ նաև հաղթել: Եվ ամենակարևորը` Շուշին ցույց տվեց, որ միայն սեփական ուժերով կարող ենք հասնել ազգային հաղթանակների: Բեկում էր սա: Եվ ադ բեկումը դարձավ այն հիմքը, որի վրա թե´ Հայաստանի Հանրապետությունում, թե´ Արցախում ստեղծվեցին ամենամեծ ձեռքբերումները` մեր բանակները…»: Շուշին մեր սուրբ ազատամարտի ծաղկեպսակն էր, որի համար մղվող մարտերում այրերի հետ կողք¬կողքի անձնուրացաբար կռվում էին նաև Արցախի հողի դուստրերը և նահատակվում էին, հերոսանում այս հողում: Երբեք չեմ մոռանա այդ օրը. հարձակումը սկսելուց առաջ զինվորները մոտենում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և Սրբազանից խաչ էին խնդրում: Բոլորին, ովքեր պիտի մարտի նետվեին, խաչ տվեցին: Այդ ամենը մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ. խաչն ու սուրը միաձուլվել, պաշտպանում էին մեր ազատամարտիկներին, ոգեշնչում սխրանքի: Շուշիի ազատագրումն ավելի ամրապնդեց հավատը հաղթանակի նկատմամբ: Քաղաքի համար մղվող մարտերի մասնակիցներն էին պատմում. քաջերից մեկը` Վարդան Ստեփանյանը (Դուշման), մտնում է արդեն ազատագրված Շուշիի գերեզմանատուն և ոգեշնչանքով բացականչում. «Մեր սուրբ պապեր, կարող եք հանգիստ ննջել, կատարվել է ձեր երազանքը` Շուշին ազատագրված է…»: Այդ ծանր օրերին Արցախը մենակ չէր, Շուշիի ազատագրական մարտերին մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած կամավորական ջոկատները: Նրանք նախնիների արյան կանչով էին եկել` իրենց եղբայրների ու քույրերի հետ պաշտպանելու արցախյան հողը` ազերի հրոսակներից: Այսօր մեծ տոն է Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Շուշին շողում է տոնական պայծառ լույսերի մեջ: Հազիվ ես զսպում հիացմունքի ճիչդ` տեսնելով 19 տարի առաջ թուրքական գերությունից ազատագրված հայոց քաղաքի բնակիչների դեմքերը ողողած ժպիտը: Ազատության 19 խաղաղ ու ջինջ տարիներ, որ մեզ պարգևեց ռազմի մեր զորավոր ոգին, որին, այո, հնարավոր չէ հաղթել: Այդ ոգին շանթ ու ցասում է դառնում պապերի ավանդած արցախյան հողը գերեվարել փորձող բարբարոսների ճանապարհին, դառնում է գրանիտ` մեր քաջարի զինվորների անձնուրացության կրակով շաղախված: Շուշին մեր բոլորի հպարտությունն ու պարծանքն է, մեր մարտական փառքի գագաթը, որը նաև նշանավոր զինվորականներ է տվել երկրին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես Շուշիում է ծնվել. քաղաք, որի ազատագրմամբ, ինչպես Պաշտպանության նախարարն է ասել, վերականգնվեց պատմական արդարությունը: 19 տարի առաջ տեղի ունեցած մարտերից հետո էլ հին վերքերը զգացնել են տալիս, սակայն պատերազմի կրակներով անցած նախկին ճակատայինը չի գանգատվում, վարժվել է ամեն ինչին, և ամենակարևորը` չի ընկճվում, որովհետև մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարել: Օգտվելով ընձեռված հրաշալի առիթից, ուզում եմ «Ավանգարդ» թերթի միջոցով սրտանց շնորհավորել իմ մարտական ընկերների տոնը` Մայիսի 9¬ը: Զինվորից մինչև գեներալ, մինչև Պաշտպանության նախարար` բոլորին մաղթել քաջառողջություն, երջանկություն, կապույտ երկինք ու աննկուն ոգի: