ՄԵՐ ՈԳՈՒ ԱՐԹՆԱՑՈՒՄԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ


Հաղթանակողն, ի վերջո, արդարությունն է Տասնամյակներ շարունակ թուրք¬ադրբեջանական հայատյաց քաղաքականությամբ անխնա ոչնչացվել են մեր հարուստ պատմամշակութային կոթողները: Հաշվի չառնելով անգամ ժամանակի գործոնը` հայկական բազմաթիվ արժեքներ առանց ամոթի իրենց են վերագրել դեռ «երեկ» ձևավորված մեր քոչվոր հարևանները: Նյութական ժառանգության դեմ ոտնձգություններից ու հարձակումներից զատ` ավելի ակտիվ ու ագրեսիվ գործունեություն է ծավալվել քարոզչական դաշտում` բոլոր հնարավոր ուղղություններով: Մեր պատմությունն ու մշակույթն առանձնահատուկ թիրախ են դարձել հակառակորդի համար և այսօր էլ շարունակում են ենթարկվել նենգափոխության, աղավաղումների, խեղաթյուրման, ինչն իրականացվում է որպես պետական ծրագիր: Սանձարձարկության, հաճախ էլ զավեշտի հասնող կեղծիքի մթնոլորտում ճիշտ ժամանակին ձեռնարկվող հակազդող քայլերի անհրաժեշտությունը մեծ է: ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, ՊՆ աջակցությամբ կազմակերպված «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովում քննարկվող խնդիրները միտված են պատմական ճշմարտության հիման վրա հայ ժողովրդի ազգային իրավունքների և պետական շահերի պաշտպանությանը: - Կարևորում եմ գիտաժողովի անցկացումը: Կարծում եմ, բոլորս անկեղծորեն կիսում ենք այն կարծիքը, որ նմանատիպ միջոցառումը ժամանակի պահանջն է: Կարևոր է հատկապես այն առումով, որ հոգևոր¬մշակութային ճակատում, տեղեկատվական ու քարոզչական պայքարում անհաջողություններ չկրելը բոլորիս պարտականություն ների շրջանակներում է: Գիտաժողովի անցկացման հիմքում ընկած է այն ճշմարիտ գաղափարը, որ մեր հակառակորդների կողմից պատմությունը խեղաթյուրելու, հանրահայտ իրողությունները նենգափոխելու, հայ ժողովրդի մշակույթը սեփականացնելու, հոգևոր մշակույթի հարուստ ժառանգությունը գողանալու և սեփական նպատակների համար օգտագործելու դեմ և մեզ` որպես անցյալ ու մշակույթ ունեցող ազգ` աշխարհին ցույց տալու իրողությունների շրջանակներում մենք պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնենք: Քանի որ այդ ամենը մեզ համար սպառնալիք է և ուղղված է մեր անվտանգության գործին,¬ ասում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մեր օրերում խիստ հրատապ համարվող խնդիրների քննարկման շուրջ Պաշտպանության նախարարության հարկի տակ համախմբվել էին նաև Կրթության և գիտության, Մշակույթի նախարարները, ԲՈՒՀ¬երի ռեկտորներ, պատմաբաններ, մշակութաբաններ: Հակառակորդի գործադրած «ջանքերին», ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան` հաճախ լռել ենք: Երբեմն էլ ձեռնարկել ենք ոչ համարժեք քայլեր: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ թուրք¬ադրբեջանական քարոզչամեքենան շատ հեռուն կարող է գնալ: Ինչպես Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ փաստեց. - Ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները: 21¬րդ դարի դրությամբ մենք կարող ենք փաստել, որ հայ ժողովուրդը հաղթել է իր պատմության ընթացքում: Սակայն երբեք կարիք չի ունեցել չարաշահելու հաղթած լինելու հանգամանքը, որպեսզի գրի սեփական ժողովրդի պատմությունը: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ պատերազմում պարտված կողմը փորձում է ինքը գրել պատմություն: Սա լկտիության ու անբարոյականության դրսևորում է: Ակադեմիական շատ շրջանակներում, բնականաբար, քմծիծաղով են վերաբերվում ադրբեջանցի այսպես կոչված «գիտնականների» աշխատություններին: Սակայն հասարակ սպառողի, նաև Արևմուտքի և Արևելքի քաղաքական էլիտաների համար այդ ինտենսիվ տեղեկատվական հոսքն ի վերջո կհանգեցնի թյուր ընկալումների: Զարմանալին այն է, որ մի գերտերություն կարողանում է ոչնչացնել թիվ 1 ահաբեկչին, սակայն այդ երկրի դեսպանն այդպես էլ չի կարողանում տարիներ շարունակ այցելել Հին Ջուղա և տեսնել, թե իրականում ինչ է կատարվել հայկական մշակութային ժառանգության այդ հատվածի հետ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր պատմության խեղաթյուրումը նորություն չէ: Գործընթացը վաղուց է սկսվել: Ինչպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը փաստեց. - Ադրբեջանն իր ծննդյան օրից է կեղծում մեր պատմությունը, քանի որ դա է նրա գոյության երաշխիքը: Այսօր էլ նրանք պանթուրքիզմի գաղափարներ են ոգեկոչում: Մոլորված են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե պանթուրքիզմը ժամանակավրեպ է: Այդպես չէ´: Գիտաժողովի քննարկման արդյունքում մշակված նոր, ավելի կիրառելի քայլերը մեծապես կնպաստեն հետագա սադրանքներին ժամանակին ու նպատակաուղղված պատասխան տալուն: Անելիքներ կան: Բայց հաղթանակողն, անշուշտ, արդարությունն է: Վկան` մեր հազարամյա պատմությունը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ