Ադրբեջանը պիտի հրաժարվի միֆերից


Ի դեպ` իր իսկ հորինած միֆերից, որի մասին հստակորեն շարադրված է Բաքվի «Զերկալո» ռուսալեզու օրաթերթի վերջին համարում: Միֆ առաջին` «Կասպիական ավազանի էներգետիկ պաշարների նշանակությունը գնալով աճում է համաշխարհային հանրության համար, և դրա հետևանքով Հայաստանի վրա միջազգային ճնշումները գնալով ուժեղանում են»: Այս տեսակետին է, օրինակ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն, որը, ինչպես թաքուն հեգնանքով նշում է «Զերկալոյի» ոչ այնքան խորաթափանց վերլուծաբանը, «չգիտես ինչու ենթադրում է, թե Մոսկվան գիտակցում է իր պատասխանատվությունը որպես կողմերի գլխավոր հաշտեցնող»: Մեկ այլ պատգամավոր` Ռասիմ Մուսաբեկովը, համոզված է, թե «կողմերին հաշտեցնելու Ռուսաստանի ջանքերը իզուր չեն, և նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ, որոնց ռուսները կրկին իրենց մոտ կհրավիրեն այս ամռանը, կարելի է ակնկալել մի ավելի լուրջ բան, քան հերթապահ ֆրազներով հերթական հռչակագիրն ընդունելն է»: Այս միֆի թերի կողմն այն է, որ ոչ ոք չի ուզում հասկանալ` ո՞վ ասաց, թե ադրբեջանական նավթը շահագործելու հեռանկարն անպայման գործելու է Ադրբեջանի օգտին: Արդյո՞ք Ադրբեջանն այն երկիրն է, որն ընդունակ է հուսալիորեն պաշտպանել սեփական նավթային հարստությունները: Հարկը պահանջածին չե՞ն կարող գլխներին տալ, ասենք` հեղափոխություն գցել այդ երկրում և գահի ամենահիմնական հավակնորդին սատարելու դիմաց նրանից այդ նավթն ավելի շահավետ պայմաններով արդյունահանելու պարտավորություն կորզել: Միֆ երկրորդ` Ադրբեջանում չեն հասկանում, որ եղել է արյունահեղ պատերազմ, որն, ի դեպ, հենց իրենք էին սանձազերծել ու իրենք էլ պարտվել: Բայց հիմա այնպիսի հոխորտանքներով են ներկայանում բանակցությունների, կարծես հաղթողն իրենք են եղել: «Մենք հայերին զիջում ենք այնքանով, որ առաջարկում ենք խաղաղություն` Լեռնային Ղարաբաղի ամենալայն ինքնավարության դիմաց, իսկ նրանք խաղաղության դիմաց մեզ խոստանում են վերադարձնել միայն մեր 7 գրավյալ շրջանները»: Ըստ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու` «դրանից փոխզիջման հոտ անգամ չի գալիս»: - Մեզ վերադարձնում են մեր հողի մի կտորը,- ասում է երգիչ-դիվանագետը,- և ասում են` գնացեք, ապրեք խաղաղ ու ինքնիշխան...Դա ի՞նչ փոխզիջում է... Մի հարցնող լինի` իսկ այն ժամանակ, երբ հրով ու սրով հարձակվել էիք Լեռնային Ղարաբաղի վրա, չէի՞ք պատկերացնում, որ հնարավոր է` պարտվեք: Հաղթողն այդ ե՞րբ է պարտվողին հող զիջել, որ մենք զիջենք: Երբ թնդանոթները լռում են, սկսվում է առևտուրը. խաղաղության դիմաց ով ի՞նչ է ստանալու: Այս է եղել և այսպիսին է մարդկային պատմության ընթացքում ստորագրված հաշտության բոլոր պայմանագրերի էությունը: Հիմա ինչու՞ պիտի որևէ բան փոխվի: Միֆ երրորդ` հայերը չեն հաղթել, հաղթել են... ռուսները: Այս հեքիաթի հեղինակն էլ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցով երբեմնի գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն է: - Ադրբեջանի հողերը բռնազավթել է Ռուսաստանը.- ասում է նա,- ուղղակի այդ արել է հայկական դրոշի տակ, որովհետև դա համապատասխանում է ռուսների աշխարհաքաղաքական շահերին... Մոսկվան վախենում է Կովկասը կորցնելուց... Երբ Ադրբեջանն ու Հայաստանը հաշտվեն, վերջինս կսկսի «դրեյֆել» դեպի Արևմուտք` դեպի ԱՄՆ, ՆԱՏՕ, Եվրամիություն: Դրա համար էլ Ռուսաստանը ամեն կերպ խանգարում է բանակցային գործընթացին: Մի կողմից ձևացնում է, թե ուզում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մյուս կողմից ձեռքերն է լվանում` իբր կողմերն իրենք պետք է հաշտության եզրեր գտնեն... Այս միֆի էությունն էլ ազերիների մեծամտությունն է` իբր իրենք մեզնի´ց չէ, որ քոթակ են կերել, ռուսների´ց են կերել: Միգուցե իրենց ինքնասիրության տեսակետից սա «հրաշալի» բացատրություն է, բայց կաղում է... երկու ոտքով: Եվ շատ վտանգավոր է, որովհետև չի բացառվում, որ այսպես իրենք իրենց խաբելով` կրկին պատերազմական արկածախնդրության դիմեն: Դրանից իրենք չեն շահի, բայց այն նորից մեծ զոհեր կխլի, կհյուծի երկու ժողովուրդներին էլ: Միֆ չորրորդ` բանակցային գործընթացում, իբր, քննարկվում է ոչ թե արցախահայության ճակատագրի, այլ` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» հարցը: Դրա համար էլ չեն հասկանում` ինչու՞ պիտի Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցող կողմ, ներկայացված լինի բանակցություններում: Իբր` «մինչև պատերազմը Լեռնային Ղարաբաղում ապրել են նաև ադրբեջանցիներ, դա զուտ հայաբնակ անկլավ չի եղել... Իսկ մինչև հաշտության պայմանագիր չկնքվի` ադրբեջան ցիները իրենց նախկին բնակավայրերը վերադառնալ չեն կարող... Ստացվում է փակ շրջան...»: Ադրբեջանը մեր դեմ մղած իր ամբողջ քարոզչական պատերազմում ձևացնում է, թե վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև չէ, որին համայն հայությունը, այդ թվում առաջին հերթին հայաստանաբնակ հայությունը, ընդամենը օգնել է, օգնում է և օգնելու է: Հայաստանն աշխարհին շատ վաղուց է հայտարարել, որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ աշխարհը դա համարել է միանգամայն օրինական ու ազնիվ, առնվազն` բնական դիրքորոշում: Վերջին հաշվով` համաշխարհային հանրությունը չէ, որ պիտի լուծի այս հարցը, այլ` կողմերը: Բայց քանի դեռ Բաքուն զբաղվում է ինքնախաբեությամբ` հակամարտությունը չի´ լուծվի: Լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ձեռք քաշի իր իսկ հորինած միֆերից....

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ