Այդ հրաշագործ բույրերը


 

Շատ սովորական է թվում հաճելի բույրով զմայլվելը, կամ գարշահոտությունից տհաճություն զգալը: Բայց այդ զգացողությունները, պարզվում է` հաճախ այնքան էլ այսրոպեական չեն և միայն մեր հոտառության վրա չէ, որ ազդում են: Օրինակ, գոյություն ունեն բուրմունքներ, որոնց շնորհիվ կարելի է ավելի երիտասարդ երևալ, նիհարել, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Որոշներն էլ ճիշտ հակառակ ներգործությունն են ունենում: Ահավասիկ.

*Ընդամենը կես րոպե պատճենահանման սարքին շատ մոտ կանգնելուց հետո, 81 տարի կարելի է մոռանալ անձրևից հետո օզոնի բույրը վայելելու հաճույքի մասին: Պատճենասարքից արտանետվող օզոնը համարյա մեկ միլիարդ անգամ ավելի է, քան բնությանը: Բայց պետք չէ մտածել, թե դա օգտակար է:  Օզոնը հզորագույն թթվեցուցիչ է (օքսիդացնող), որը մարդու մարմնում արագացնում է բոլոր պրոցեսները: Իսկ դրանցից գլխավորը, դժբախտաբար` ծերացումն է:

* Պարզվում է` նարնջի օգնությամբ կարելի է առավելագույնս նվազեցնել ոգելիցների օգտագործումը: Նարնջի բույրն օգնում է տաքանալ և ձերբազատվել կախվածության զգացումից: Ճիշտ է, հյուրերը սկզբում գուցե կտարակուսեն, թե ինչու եք ձեր սեղանը ոգելիցի փոխարեն նարնջի կեղևներով զարդարել, բայց ճշմարտությունը նրանց էլ կհետաքրքրի:

* Նարդոս ծաղկի (լավանդա) հանդեպ մեծ սեր ունեցող կանայք պետք է փոքր-ինչ զգուշանան: Այդ կիրքը ոչ այնքան սեր է ընդհանրապես ծաղիկների նկատմամբ, որքան հուշում է տվյալ կնոջ ընկճված (դեպրեսիոն) վիճակի մասին, ինչն արդեն ոչնչով չի վերանում. այլ միայն ուժեղագույն այդ հակադեպրեսանտով:

*Նիհարել երազող աղջիկներին հարկավոր է նվիրել… շոկոլադների թղթեր` հոտոտելու համար: Շոկոլադի բույրն առաջացնում է ուրախության հորմոններ (էնդորֆիններ), որոնք հակասթրեսային ազդեցությունից բացի նաև ակտիվացնում են սեռական ցանկությունները:

*Լիմոնով թեյ խմելն օգտակար է հատկապես աշխատավայրում` որպես «հակակշիռ»` ղեկավարության պահանջների: Ավելի ստույգ` այդ պահանջներն անսխալ կատարելու համար: Ճապոնացի գիտնականները հիմնավորել են, որ լիմոնի բույրը 54 %-ով նվազեցնում է սխալների թիվը` հատկապես համակարգիչով աշխատելու ընթացքում:

*Գրեթե ցանկացած հոտ կարող է ժամանակի մինի-մեքենա դառնալ. չես հասցնի աչք էլ թարթել` ու արդեն անցյալում ես: Եվ անցյալի երջանիկ պահերը ցանկացած ժամի վերապրելու համար հարկավոր է այս կամ այն բույրը «կապել» հաճելի որևէ հուշի հետ: Օրինակ` այսինչ օծանելիքը շատ էր դուր գալիս քո սիրելիին, կամ` մայրիկի եփած ճաշի հոտը միշտ մեզ վերադարձնում է մանկություն: Իսկ երբ մարդը երջանիկ է, նա արդեն իսկ առողջ է, որովհետև երջանկության պահերին օրգանիզմում ակտիվանում է էնդորֆինների, հակամարմինների (անտիտելո), նյարդամեդիատորների արտազատումը, ինչը մեծապես նպաստում է ապաքինման գործընթացին (առողջացման):

*Ըստ հին հունական դիցաբանության` Հերան Զևսին գայթակղել էր Աֆրոդիտեից վերցրած կախարդական բուրավետ գոտու օգնությամբ: Ժամանակակից բույրերի մասնագետները կարծում են, որ հունական գլխավոր աստծուն խելքահան արած բույրն ամենայն հավանականությամբ պատրաստված է եղել մուսկատի ընկույզից, վարդագույն վանիլից, հասմիկից և մեխակից:

*Եթե ցավը մեղմելու համար անալգինի փոխարեն ձեզ գրեյպֆրուտի յուղ են տվել` մի մտածեք, թե դա սխալմունք է: Բույրաբուժության բնագավառում դա հայտնի է որպես լավագույն ցավազրկող:

* Օգտակար բուժիչ բույրերը երբեմն կարող են սուր գլխացավ հարուցել: Եթե այդ պահին կամ ընդհանրապես դուր չի գալիս այս կամ այն բույրը` այն օգտակար լինել չի կարող: Հեռու մնացեք այդ հոտից` եթե նույնիսկ դա բուժիչ է բոլորի համար: