Բացատրագիր նախագահից


 

5-րդ դասարանցի Թայլեր Սալիվանն անցյալ ուրբաթ ակամա բացակայել է դպրոցից ու չի էլ պատկերացրել, որ «պատմական փաստաթուղթ» է ձեռք բերելու: Իսկ ամերիկյան նախագահը չի զլացել` իր ծայրահեղ ուշադրությամբ երջանկացնել մանչուկին:

Տղեկն առաջին անգամ լքել է դասերը և հոր` ռազմածովային նավատորմի վետերան Ռայան Սալիվանի հետ գնացել է Բարաք Օբամայի ելույթը լսելու: Մինեսոտա նահանգի Ոսկե Հովտում հայրը պետք է ներկայացներ Օբամային, ով ելույթով հանդես էր գալու ապագա ընտրողների առջև: Թե 11-ամյա Թայլերը որքանով ըմբռնեց նախագահի խոսքերը` էական չէ, բայց իր պետության ղեկավարին առաջին շարքում նստած լսելուց բացի, կարողացել է նաև սեղմել նրա ձեռքն ու հետը զրուցել, որը լսելի է եղել (հեռարձակվել է) ողջ աշխարհում (գրել է The Los Angeles TiΗes-ը):

- Ես ասացի` «Ողջո´ւյն, Նախագահ»: Հետո նա ինձ հարցրեց. «Դու հավանաբար լքե՞լ ես դպրոցը: Քեզ համար բացատրագիր գրե՞մ: Ի՞նչ է ուսուցչիդ անունը»: Ես ասացի` «Միստր Ակերման»: Եվ նա գրեց` «Միստր Ակերման, խնդրում եմ ներեք Թայլերին. նա ինձ հետ է եղել: Բարաք Օբամա. Նախագահ»,- հպարտորեն ցույց տալով շրջանակի մեջ դրված գրությունը` հիմա բոլորին պատմում է տղան` չմոռանալով ավելացնել.

- Դա պարզապես հրաշք է: Ես ինձ նշանավոր եմ զգում: