Ընտրեց գաղութի ճանապարհը


 

Կանանց գաղութից վերադառնալուց հետո Անահիտը կարճ ժամանակ անց աշխատանք գտավ: Նրան ճանաչողների կարծիքով` աղջիկը շատ էր փոխվել, և թվում էր, թե տարիներ առաջ նրա հետ պատահածը թյուրիմացություն էր ու պատահականության արդյունք: Սակայն կարճ ժամանակ անց Անահիտը թողեց աշխատանքը` հարազատներին պատճառաբանելով, թե չնչին աշխատավարձի դիմաց առավոտից երեկո իրեն զրկում է կյանքի վայելքներից...

Թողեց աշխատանքը, իսկ մեկ շաբաթ անց ոստիկանության օպերատիվ ամփոփագրում տեղ գտավ հետևյալ հաղորդագրությունը.

- Մայիսի 29-ին, ժամը 18.45-ին, մի կնոջից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակից գումար գողանալիս բռնել է գողին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1970 թ. ծնված, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1972 թ. ծնված Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 120.000 դրամ և փաստաթղթեր:

Արդար քրտինքով փող վաստակելը համարելով ժամանակի անտեղի կորուստ` այս կինը, փաստորեն, վերստին անտեղի ժամանակ կանցկացնի անազատության մեջ, և տա Աստված, որ ճիշտուսխալի մտորումները նրան ճշմարիտ ընտրության առաջ կանգնեցնեն, և վերջապես դարձի գա: