Հայ գյուղացու կյանքը` լուսանկարներում


 

2009-ից Մերի ԱՂԱԽԱՆՅԱՆԸ զբաղվում է նաև փաստագրական լուսանկարչությամբ:

Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Երաժշտագիտություն» բաժինը: Դասավանդում է «Բյուրակն» կրթահամալիրում: Արժանացել է Բաց հասարակության ինստիտուտի «Դոկումենտալ լուսանկարչական ծրագիր» դրամաշնորհին, որը և հնարավորություն է տվել իրագործել «Հայ գյուղացու կյանքի սոցիալ-տնտեսական, ֆիզիկական և հոգեբանական իրավիճակը» լուսանկարչական նախագիծը:

2010 թ. «Հայ գյուղացու կյանքը» ընտրվում է ասիական 15 կին լուսանկարիչների գործերի հետ միասին. նրա աշխատանքները ևս ներկայացվել են լուսանկարչական «Անգկոր» 6-րդ փառատոնում:

2011 թ. մարտին մասնակցել է «Յանգոն ֆոտո» (Բիրմա), ապա` Ֆոտո DC Chobi MediΖ VI փառատոներին` ասիական և եվրոպական մի շարք երկրներում:

Վերջերս դրանք ներկայացվեցին նաև հայ արվեստասերներին:

«Հայ գյուղացու կյանքը» նկարագրում է գյուղացիների կյանքի սոցիալ-տնտեսական դժվարությունները, գոյատևման և անընդհատ դիմակայելու անվերջանալի ընթացքը, արտաքին և ներքին հոգեբանական խնդիրները:

Ի՞նչ է Ձեզ համար լուսանկարչությունը:

- Ամրագրել մեր կյանքի առանձին դրվագներ, որոնք նաև քո տվյալ պահի ապրումներն են ու հետո փոխանցվում են դիտողներին: Դրանք դառնում են իմ ներքին էությունը` գումարած զգացածս: Այդ դեպքում միայն նկարը դառնում է կենդանի: Լուսանկարչությունն ինձ համար հենց կենդանությունն է:

Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի իսկական լուսանկարիչը:

- Պետք է որոնող լինի, հմուտ, շուտ կողմնորոշվելու կարողությամբ օժտված: Նաև զգացմունքային պետք է լինի, պահը գնահատող: Ինձ համար ամենակարևորը զգալու կարողությունն է: Ինձ առավել հոգեհարազատ է վավերագրությունը, որը միջամտություններ չի ընդունում: Պետք է նշեմ, որ լուսանկարչությունն ինքնատիպ արվեստ է, որը պետք է ընկալել:

- Ձեր լուսանկարներում ինչո՞ւ եք ընտրել հատկապես հայ գյուղացու կյանքը:

- Մինչ ուսանող դառնալը, ես մեծացել եմ գյուղում և իմ աչքերով տեսել եմ այն ամենը, ինչ պատկերում եմ: Այնտեղ ես տեսել եմ անվերջանալի կյանքը, որտեղ ոչ մի փոփոխություն չի լինում: Ու դա իմ մեջ ցավ է առաջացրել: Մենք չենք տեսնում գյուղացիների իսկական կյանքը, դա միայն թվացյալ է` տեսանելի ֆիզիկական գոյություն …Նրանց ներքին կյանքը կորսված ու բացակա է, այն ծնող հոգին` քնած: Նրանք արթնանում են նույն օրվա մեջ, որը եղել էր, կատարում են նույն աշխատանքն` ինքնաբերաբար ու ամեն օր, ինչը խլում է նրանց բոլոր ուժերը: Եվ չկա ոչ վերջ, ոչ էլ լավ, ապահով կյանքի հույս:

Եվ այդպես օրեր, ամիսներ, տարիներ շարունակ…

Երբ ես նայում եմ հողին և գյուղացուն, տեսնում եմ այդ գենետիկ հիշողության դեմքը` հոգնածությունն ու ինքնասպառումը: Հողը հոգնած է, գյուղացիներն էլ են հոգնած, և մեկը մյուսի հետ կապված, իրար ձգելով, ներքաշում են միմյանց նույն դժվար կյանքի մեջ:

Լուսանկարներով ես ուզեցել եմ ցույց տալ գյուղացիների ներքին ցավն ու լուռ մենակությունը:

- Արդյո՞ք Ձեր նկարները կնպաստեն գյուղացու կյանքի բարելավմանը:

Եթե կազմակերպությունները հետաքրքրվեն, ապա իմ լուսանկարները փաստագրական տեղեկություններ են պարունակում գյուղացու վիճակի մասին. դրանցով կարող են առաջնորդվել` նրանց վիճակը բարելավելու ծրագրեր կազմելիս: Օրինակ, եթե աշխատատեղեր ստեղծեն, գյուղացիները կոգևորվեն: