Ուրվակա՞ն են հալածում


 

Առնվազն արդեն 20 տարվա հանգուցյալ է Խորհրդային Միությունը, որից միայն անուրախ հուշեր են մնացել:

Ոմանք կարոտով են հիշում այդ երկիրը, ուր աշխատանք կար, անվճար ուսում, սոցապահովություն: Մերժելին էլ շատ էր, որոնցից ազատագրվեցին այսօր անկախ պետություններ դարձած հանրապետությունները: Մերձբալթիկայում, սակայն, հողմաղացի դեմ կռվող Դոն Քիշոտի պես` շարունակում են պայքարել իր մահկանացուն մեկընդմիշտ կնքած Սովետմիության… խորհրդանիշերի դեմ: Այս պարագայում` այդ խորհրդանիշը պահող անձանց պատժելով:

Լիտվայի ոստիկանությունն օրերս ձերբակալել է մի վիլնյուսցու, ում ավտոմեքենայի պետհամարանիշի շրջանակը «զարդարված» էր սովետական դրոշի պատկերով. մուրճ ու մանգաղ` «ԽՍՀՄ» մակագրությամբ (տեղեկացրել է Delfi.Lt-ն):

Ձերբակալվածին սպառնում է 500-1000 լիտ (6-12 հազար ռուբլի) տուգանք` խորհրդանշանի բռնագրավմամբ: Այդպիսի պատիժ է նախատեսված Սովետական և նացիստական խորհրդանիշերի օգտագործումն ու տարածումն արգելելու մասին օրենքով, որը Լիտվայում գործում է 2008 թ.-ից:

Թարսի պես էլ` լիտվացիք ոնց որ թե շա˜տ են սիրում «արգելված այդ պտուղը»: 2012 թ. արդեն քննվել է համանման 5 գործ, որոնցից միայն 1-ն է ավարտվել տուգանքով: Ծագումով լեհ օրինախախտը հանրահավաքի ժամանակ ֆաշիստական կեռ խաչի նշանով թևկապ է կրել:

Կոմունիստական ու նացիստական խորհրդանշանների արգելանքը հիմնականում վերաբերում է զանգվածային միջոցառումներին, սակայն մասնավոր դեպքերն էլ անուշադրության չեն մատնվում: Օրինակ, տեղի ոստիկանությունը «մարտական թիվ 1 պատրաստվածության» էր բերվել, երբ Շյաուլյաց քաղաքում աճուրդով վաճառվում էին մուրճ ու մանգաղի նշանով խաղալիք կարմիրբանակայիններ: Իրավապահները նույն լարվածությունն ապրեցին նաև այն ժամանակ, երբ հրապարակայնորեն ցուցադրվում էին Լենինի նկարները: