Լոլիկներով ու սուլոցներով


 

Անցյալ շաբաթ Գերմանիա և Ֆրանսիա կատարած այցն իսկապես անակնկալներով էր լի Ռուսիո նախագահի համար: Անհաճո´ անակնկալներով, որոնք ընդունված է մարդկային կամքի ազատ դրսևորում որակել: Այցերն ուղեկցվել են բողոքի ցույցերով:

Ռուսաստանում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների օրինականությունը վիճարկողներից բացի (նրանք հանդես են գալիս սպիտակ ժապավեններով)` Պուտինին դիմավորել են «Միջազգային համաներում» կազմակերպության ակտիվիստներն ու սիրիացիները: Վերջինները բողոքում էին Բաշար Ասադի վարչախմբին զենք մատակարարելու դեմ:

Բեռլինում թմբուկների հարվածների ներքո հարյուրավոր մարդիկ վանկարկել են` «Կորչի´, կորչի Պուտինը», «Ռմբակոծել Ասադին»: Իսկ մասնակիցներից մեկն էլ լոլիկներ է նետել ՎՎՊ-ի մեքենաշարասյան վրա: Իհարկե` ոչ հյուրասիրության նպատակով, այլապես ոստիկանությունը չէր ձերբակալի կարգախախտին:

Փարիզում պաշտոնական ընթրիք էր ծրագրված նորընտիր Ֆրանսուա Օլանդի հետ: Բայց մինչ ընթրիքը` դեռ վաղ առավոտից «Միջազգային համաներում»-ի իրավապաշտպաններն էլեկտրական ինքնագնացներով շրջում էին քաղաքում` Պուտինի պատկերով պաստառներով: Իսկ պատկերի ներքևում ՌԴ նախագահի «ճաշացանկն» էր` «մսակտոր` ոտնահարված իրավունքներից, ապուր-խյուս «Բաշար Ասադ» կերակրահյութով` վաճառված զենքերից և չեչենական աղանդեր` զոհված խաղաղ բնակչության սպիրտից»: Սա` առավոտյան:

Երեկոն ավելի «կծու» է եղել: Ելիսեյան դաշտերում Շառլ դե Գոլի հուշարձանին այցելելիս` ՎՎՊ-ին դիմավորել են սպիտակ ժապավենավորները` գերազանցապես ռուսաստանցիներ ու սիրիացիներ և սկսել են բղավել`

- Պուտին, ընթրիքին դու մեզ պետք չես´: Ռուսաստանն ազա´տ կլինի:

Այս գոռում-գոչյունը դադարել է ճիշտ ժամը 21.-00-ին` երբ Վլ. Պուտինը պետք է ընթրեր Օլանդի հետ (գրել է PublicPost-ը):

Լրատվամիջոցը չի նշում, թե այսքանից հետո արդյո՞ք ընթրիքը կուլ է գնացել ՌԴ նախագահի կոկորդով: Քաղաքական խաղերում երևի դա այնքան էլ էական չէ: