Հայադրոշմ նկարագրով


 

Տավուշի մարզի Բերդ քաղաքն` իր հարակից գյուղերով, այն քիչ բնակավայրերից է, որը խորհրդային իշխանության աթեիստական քաղաքականության արդյունքում ու նաև հետագա տարիներին զրկված մնաց եկեղեցուց: Վանք ու խաչքար կերտող հավատավոր շամշադինցին 70 տարի հոգևոր սնունդի ծարավ մնաց: Եվ միայն 2009-ին այստեղ կրկին պատարագ մատուցվեց: Այսօր գործող միակ եկեղեցին գտնվում է սահմանամերձ Մովսես գյուղում:

Բոլորովին վերջերս Բերդը վշտից խոնարհվել, անճանաչելի էր դարձել. ադրբեջանցի ելուզակները մեկ օրում 3 օջախի կրակ մարեցին: Իսկ այսօր թեև չի փարատվել տեղացիների վիշտը, բայց Բերդում շինարարական եռուզեռ է: Նոր եկեղեցի է կառուցվում: Ասել է թե` չնայած ապրած տագնապներին` շամշադինցին շարունակում է արարել, կառուցել սրբավայր, որը նաև տեղացիների կամքի, միասնականության, հավատքով զորանալու խորհուրդն է դառնալու:

- Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցին մեզ վերադարձնելու է մեր հիշողությունը, որպեսզի ապրենք, արարենք, հարատևենք` որպես ժողովուրդ` հայադեմ և հայադրոշմ նկարագրով: Առանց հիշողության, առանց հավատքի ժողովուրդը ժողովուրդ չէ, ամբոխ է: Եկեղեցով զորացած` մենք աստիճանաբար դառնալու ենք ՄԵՆՔ,- համոզված է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ:

- Բերդում ի հիմանց կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունն իսկապես քաղաքի տարեգրության մեջ պատմականորեն աննախադեպ, միգուցե նաև շրջադարձային իրադարձություն էր:

Ադրբեջանցի ոճրագործները մահվան սև ուրվականն էին տարածել Տավուշի վրա: Թվում էր` կյանքը կանգ է առնելու: Երեք ամրակազմ երիտասարդների անավարտ կյանքեր, խեղված ճակատագրեր... Նրանք իրենց արյունը թափեցին հայրենիքի համար և մեզ` ապրողներիս, կարծեք թե պարտավորեցրին իրենց արյան չափ քրտինք թափել` հայրենաշինության և սահմանների ամրության համար: Ապրելու կամք է պետք... Ասում են` եթե ուզում ես հավերժ ապրել, պետք է եկեղեցի ունենաս: Այսօր արդեն Բերդում ահռելի շռնդյունով եկեղեցի է կառուցվում, սակայն շինարարության աղմուկից վեր և անդին, խորհրդավոր և անբարբառ, լսելի է դարավոր այս բերդաքաղաքի ապրելու վճռականության ձայնը:

Քաղաքի տարեցների հորդորով եկեղեցին անվանակոչվելու է Սուրբ Գևորգ: Նախկինում այստեղ այդ անունով եկեղեցի է եղել` կառուցված 1680-ին: Դժբախտաբար, աստվածամերժների ռեժիմը, որն ընդգծված դաժանությամբ դրսևորվեց Բերդի տարածաշրջանում, 1930-ականներին ի թիվս այլ եկեղեցիների` հիմնահատակ կործանեց բավական մեծ չափեր ունեցող երկուսուկեսդարյա աղոթատեղին: Այս առումով` մենք ոչ միայն նոր եկեղեցի ենք կառուցում, այլ պատմության և հատկապես հոգևոր կյանքի շարունակականությունն ենք ապահովում ու վերականգնում: Այսպիսով` մեր կենսաձիր արմատները կկարողանան յոթանասունամյա երաշտի միջից հասնել Սուրբ Խորանաշատ (13-րդ դար) և Սուրբ Նոր Վարագավանք (12-րդ դար) կառուցող ժողովրդին սնուցող հողին:

- Հսկայական մի ժամանակահատված շամշադինցիները փաստորեն հեռացել էին եկեղեցուց, ինչն իհարկե ազդեցություն չունենալ չէր կարող: Այսօր, երբ արդեն ունենք գործող եկեղեցի, հաշվի առնելով նաև Ձեր գործունեությունը` հոգևոր դաստիարակության առումով, ի՞նչ փոփոխություններ կարող եք արձանագրել: Ի՞նչ խնդիրների եք բախվել:

- Մեր շրջանի վերջին եկեղեցին կործանվել է 1937-ին: Իսկ Թովուզ գյուղի (Տավուշ) Սուրբ Աստվածածին եկեղեցին բարեբախտաբար պահպանվել էր` որպես պահեստ: Այն որոշ չափով վերանորոգվեց և 2009-ից սկսեցինք այնտեղ պատարագ մատուցել: 2011-ի օգոստոսին օծվեց Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հիմնականում Մովսեսում ենք պատարագներ մատուցում, երբեմն-երբեմն նաև Թովուզում և Նոր Վարագավանքում: Երկար ժամանակ եկեղեցի չի եղել, հոգևորական չի եղել, և մարդիկ հեռացել էին եկեղեցական կարգուկանոնից` թեև կենցաղում շարունակում էին պահպանվել քրիստոնեության տարրերը: Եթե փորձենք ներկայացնել, թե ինչ ասել է` լինել քրիստոնյա, դա առաջին հերթին դիմացինին օգտակար լինելու մղումն է, վնաս չտալու, չարակամ չլինելու կարողությունը, ինչն առատորեն կա յուրաքանչյուր շամշադինցու մեջ: Քրիստոնեությունը ո´չ գաղափարախոսություն է, ո´չ փիլիսոփայություն, այլ` ապրելու կերպ: Պարզապես մարդիկ ծեսերից էին հեռացել: Իսկ հիմա պատկերն էապես փոխվել է: Օրեցօր եկեղեցական արարողությունների թիվն է ավելանում: Նախկինում անընդհատ բախվում էի բավական լուրջ մի խնդրի. Շամշադինում շատ փոքր թիվ էին կազմում մկրտված մարդիկ: Երբ ցանկանում էինք որևէ մեկին մկրտել` դժվարանում էինք կնքահայր գտնել, քանի որ կնքված չափահաս տղամարդիկ գրեթե չկային: Այսօր արդեն այդ խնդիրը չկա:

- Եկեղեցին սահմանամերձ Մովսեսում է, որտեղ հաճախ են կրակոցներ լսվում: Այդուհանդերձ, հավատքն այնքան հզոր է, որ նույնիսկ այդ պարագայում հավատավոր ժողովուրդն այցելում է եկեղեցի..

- Մովսեսի եկեղեցուց օգտվում են նաև հարակից գյուղերի ու Բերդ քաղաքի բնակչությունը, և տեղացիները հաճախ են ասում, որ այն փոքր է: Իհարկե, անչափ ուրախալի է, երբ եկեղեցին լեցուն եմ տեսնում: Սա ժամանակի խնդիր է, որը կլուծվի Բերդի եկեղեցին կառուցելուն պես: Իսկ ցավալի այս դեպքերն աննախադեպ էին վերջին 10 տարիների պատմության ընթացքում: Այդքան ագրեսիվ հակառակորդը դեռ չէր եղել: 3 երիտասարդների սպանությունը, մի քանի օր անընդմեջ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն, անշուշտ իր հետքը թողեց: Մարդիկ անընդհատ հետաքրքրվում են, նույնիսկ մի քանի անգամ հարցնում են` կրակոց կա՞, թե՞ ոչ, ապա այցելում են եկեղեցի: Իսկապես ազդեցությունը նկատելի է, բայց այցելուների թիվը չի պակասում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ