ԳՈՐԻՍՈՒՄ «ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐՈՇՈՒՄ» ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ


 

Գորիսը Հայաստանի ամենակոլորիտային և սեփական դիմագիծը պահպանած քաղաքներից մեկն է: Երկհարկանի տների շարքերը, փողոցներով անցնող առվակները, ամենուր վեր հառնող ծառերը բակունցյան քաղաքին մի առանձնակի հմայք են հաղորդում: Տասնամյակներ շարունակ գորիսեցիներն իրենց տների դիմաց ծառեր են տնկել` ինքնովի լուծելով կանաչապատման խնդիրները, քաղաքային իշխանություններին ազատելով ծառատնկման աշխատանքներից:

Բայց պարզվում է, որ Գորիսի քաղաքային իշխանությունները, մտահոգված փողոցների լուսավորության խնդիրներով, արշավանք են սկսել ծառերի դեմ` անխնա ոչնչացնելով ինչպես քաղաքապատկան, այնպես էլ բնակիչների սեփականությունը հանդիսացող ծառերը, որովհետև դրանք խանգարում են… փողոցային լուսավորությանը: Այսինքն, էլեկտրական սյուները տեղադրված են ծառերին շատ մոտ, ինչի հետևանքով էլ սաղարթները երբեմն փակում են լույսի ճանապարհը: Եվ հիմա կտրում-ոչնչացնում են էլեկտրական սյուների մոտ աճած բոլոր ծառերը: Սա իսկապես իր տեսակը չունեցող «լուծում» է, միայն այս քաղաքի իշխանությունների տրամաբանության մեջ տեղավորված պատկերացում…

Կարելի էր փոքր-ինչ տեղաշարժել էլեկտրական սյուները, ձևավորել ուշագրավ դիզայներական-ճարտարապետական համադրություններ, անգամ փոխել այդ սյուները, որովհետև դրանց մեծ մասը հնացած է, աններդաշնակ քաղաքի ճարտարապետական ոճին: Բայց, հավանաբար, Գորիսի քաղաքապետարանում որոշել են ոչ թե «հուն փորել` ջրանցքի կառուցման համար, այլ քաղաքը տեղափոխել օվկիանոսին մոտ»: Ջոնաթան Սվիֆթի հայտնի պատմությունը հիշելու անհրաժեշտությունը եղավ, որովհետև այստեղ անխնա կերպով ծառերն են ոչնչացնում` այսպես քաղաքը զրկելով իր տեսքից, կանաչ գոտիներից` վնաս հասցնելով սեփականատերերին: Անտարակույս, ոչ ոք չի էլ մտածում բնակիչներին կտրված-ջարդված ծառերի դիմաց փոխհատուցելու մասին, որովհետև Գորիսի քաղաքապետարանը երբեք էլ հաշվի չի նստել բնակիչների հետ: Առաջնորդվելով ժառանգություն մնացած վարչահրամայական մեթոդաբանությամբ և, թող ներվի ասել, քաղաքաշինական անգրագիտությամբ` այստեղ իրենց կարծիքը համարում են միակն ու եզակին, քննարկման ոչ ենթակա…