ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱՆՈՒՄ


 

Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլևս չկարողանալով հանդուրժել Վճռաբեկ դատարանի գործելաձևը, մեկօրյա գործադուլ են անում: Նրանք այլևս չեն կարող համակերպվել, որ Վճռաբեկը ոտնահարում է արդարադատությունն ու մարդկանց իրավունքները: Փաստաբաններին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ այս դատարանն անհիմն կերպով մերժում է վարույթ ընդունել շատ բողոքներ, պաշտպանել մարդկանց իրավունքները…

Իհարկե, չափազանց ողջունելի է, որ մեր փաստաբանները հանդես են եկել ի պաշտպանություն արդարադատության, սակայն շատ վաղուց բոլորիս է հայտնի, որ նրանց գերակշռող մեծամասնությունը յուրատեսակ գործարքի մեջ է դատարանների հետ, որ շատ հաճախ ոչ թե պաշտպանյալների, այլ հենց դատավորների շահերն են պաշտպանում մեր փաստաբանները` այսպես չփչացնելով իրենց հարաբերությունները վճիռ կայացնողների հետ: Հիմա, ուրեմն, ոչ այնքան արդարադատության, որքան` ֆինանսական շահերի դիրքերից են հանդես գալիս մեր փաստաբանները, քանի որ նրանք զրկվում են լրացուցիչ գումարներից: Իսկ որ մեր փաստաբաններից շատերը լավ գումարներ են վաստակում և դրանք թաքցնում` չվճարելով հարկեր, բոլորս գիտենք: Հիշենք անգլիական առածը. «Կեցցե կատուն, որ մուկ է որսում իր փորի համար»… Միայն թե այդ «մկնորսությունը» ևս պետք է կազմակերպել քաղաքացիական ակցիայի և հռետորաբանության շրջանակներում, որպեսզի աղմուկը մեծ լինի…