«ՓՈՇԻ ԳՈՂՑՈՂ ՀՈՎՈՆ»` ՆԱԽԱՐԱՐ


 

«Օրինաց երկիրն» առաջադրել, իսկ երկրի վարչապետն էլ քննարկել է Մարգարյան Հովհաննեսի թեկնածությունը` քաղաքաշինության նախարար նշանակելու հարցում: Գյումրեցիք զարմացած են, իսկ հետաղետյան ծանր տարիներին անվճար կաթի փոշուց զրկված երեխաներն էլ` զայրացած: Ախր, բոլորը լավ են հիշում, որ մի անգամ ԱԺ-ում Արտաշես Գեղամյանը Մարգարյան Հովհաննեսին հիշեցրեց «կաթի պարաշոկի» պատմությունը` այսպես հուշելով, որ այս մարդը ժամանակին հանցավոր պայմանավորվածություն ձեռք բերելով «Ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մինասյան Արթուրի հետ` հափռել էր բարեգործական փոշին ու իր գլխավորած հրուշակեղենի գործարան տարել: Ոչինչ, որ հազարավոր գյումրեցի երեխաների, ովքեր ապրում էին տնակներում, դպրոց հաճախում փայտաշեն «կազարմաներում»` նա զրկել էր մի բաժակ կաթ խմելու հնարավորությունից: Կարևորն այն էր, որ Մարգարյան Հովհաննեսը «խրախճանք էր սարքել ժանտախտի պահին»...

Երբ Հովոն անցավ Բալասանյանի «թրի տակով» ու դարձավ ԱԺ պատգամավոր` կարծես մոռացության տրվեց կաթի փոշու պատմությունը, չնայած ժամանակ առ ժամանակ գյումրեցիք այդ մասին հիշում են: Հիշում են նաև այն ժամանակ, երբ թիվ 33 ընտրատարածքում այս մարդը «ընդդիմադիր խաղեր» է տալիս` իբրև թե պայքարելով Աղաբաբյան Աշոտի դեմ: Դե, ով չգիտի, որ այդ ամենը այն սցենարի մասն է կազմում, որը կիրառվեց նաև 2008-ի նախագահական ընտրություններում, երբ իբր թե Հովոյի «ջիգյարով շեֆ» Արթուր Բաղդասարյանն էր ընդդիմադիր:

Ստանձնելով նախարարի պաշտոնը, հետաքրքիր է, թե Մարգարյան Հովոյի աչքին ի՞նչ փոշի պիտի երևա կամ ինքը ի՞նչ փոշի պիտի փչի իշխանությունների ու իր նմանների անցյալը չնկատող «շեֆի» աչքերին: Գուցե ցեմենտի կամ գաջի՞...