ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ էԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ


 

Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում հիմա ակտիվորեն քննարկվում է Երևանի ավագանու մանդատները վերցնելու հարցը: Սակայն հակականները որդեգրել են ճիշտ այն փիլիսոփայությունը, ինչը հնչում էր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում` հովիվ Ավագի հասցեին. «Կնիկ ա ուզում, չբեր ա ուզում, բանն էլ հետն ա ուզում»:

Կոնգրեսականները մանդատները կվերցնեն միայն մի դեպքում, եթե իրենց առաջարկվի նաև քաղաքապետի պաշտոնը: ՀԱԿ-ում գոնե այնքան քաղաքական գրագիտություն ունե՞ն` հասկանալու, որ քաղաքապետի պաշտոնը բաժին է հասնում իշխող ուժին, այն կուսակցությանը, որն ավագանիում մեծամասնություն է կազմում: Բայց դե մարդիկ ուզում են…

Իսկ այս «ուզելն» էլ իր մարտավարությունն ունի: Հիմա կհայտարարեն, որ ուզում են, հետո էլ փողոց դուրս կգան ու կասեն, թե «հսկաները երկիրն իրենց չեն տալիս, որ իշխեն»: Այսինքն, այն զորբաշենցիների նման, ովքեր այդ բողոքով դիմում են Քաջ Նազարին: Դե, մերոնք էլ Քաջ Նազարի փոխարեն կդիմեն եվրոպական կառույցներին, որոնք էլ զեկույց կպատրաստեն, թե Հայաստանում ոտնահարում են ընդդիմության և սեռական փոքրամասնության իրավունքները: Այդ զեկույցն էլ կոնգրեսականները կտանեն Սահմանադրական դատարան…

Իսկ մենք ասում ենք, թե ընդդիմությունը չի գործում, թե նոր քայլեր չի ձեռնարկում: Ինչպես տեսնում ենք, շատ լավ քայլեր են մտմտացել ու հիմա ուզում են դրանց վրա քաղաքական «դիվիդենտներ» շահել: Չէ՞ որ առջևում նախագահական ընտրություններ են: