Բարի ցանկությունները

տանում են միայն դժոխք


 

Օրերս Երևանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, ով իշխանության, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ որոշ հայտարարություններ է արել: Այդ թեմաների շուրջ է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

- Ինչպե՞ս կարելի է հասկանալ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի` «Մեզ անհրաժեշտ է աշխատող հարավկովկասյան միջանցք» հայտարարությունը :

- Լեֆորտի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դրանք Եվրամիության, այսպես ասած, բարի ցանկությունների շարքից են: Դրանց մասին տարբեր տարիներին խոսել է նաև ԵՄ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Բայց բարի ցանկություններից այն կողմ Եվրամիությունն անցնել չի ուզում: Այլապես «ինչո՞ւ չի գնում ԼՂՀ» հարցին, Լեֆորտը չէր պատասխանի. իր մանդատի մեջ դա չի մտնում: Իսկ մի քանի ամիս առաջ նույն Եվրամիությունը տիկին Էշթոնի բերանով ասել էր, թե մտադիր է առանձին կապեր հաստատել ԼՂՀ հետ: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի ցանկանում անձամբ այցելել Ստեփանակերտ և ուսումնասիրել իրավիճակը տեղում: Ահա թե ինչու անձամբ ես առաջարկում եմ շատ ուշադրություն չդարձնել, թե ԵՄ հատուկ ներկայացուցիչն ինչ հայտարարություն է անում մեր տարածաշրջանում: Նա երգում է նույն երգը, ինչ երգում է ԵՄ-ն 2000 թվականից ի վեր:

Բայց այս անգամ Եվրամիությունը կարծես խոսում է այն մասին, որ իրեն այստեղ ավելի շատ լծակներ են անհրաժեշտ:

- Լծակները ձեռք են բերվում առանց իրականությունն անտեսելու: Իսկ Եվրամիությունն անտեսում է իրականությունը: Նա հաշվի չի առնում, որ Հարավային Կովկաս տարածաշրջան կոչվածը վաղուց արդեն ոչ թե երեք, այլ վեց պետություններ է ներառում: Եվրամիությունը կարծես թքում է այդ իրականության վրա: Այդ իսկ պատճառով մենք հիմք չունենք Լեֆորտի հայտարարություններն իրատեսական համարելու:

Լավ, բայց ի՞նչ է նշանակում`«տարածաշրջանը պետք է փոխվի» արտահայտությունը: Վրաստանի պարագայում ամեն ինչ գրեթե հստակ է`նա գնում է դեպի Արևմուտք և հավակնում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Ադրբեջանը «խաղում է» իր նավթով: Իսկ Հայաստանը, գտնվելով Ռուսական ռազմավարական շահերի գոտում, անդամակցում է ՀԱՊԿ-ին, միևնույն ժամանակ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Այս պարագայում իրավիճակը ինչ-որ առումով բարդանում է: Եվ այս առումով անհասկանալի է մնում տարածաշրջանի փոխվելու մասին Լեֆորտի հայտարարությունը :

- Քիչ դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ուներ Լեֆորտը: Բայց երևի դուք ճիշտ եք. եթե ինչ-որ չափով պարզ է Վրաստանի և Ադրբեջանի կեցվածքը, ապա պարզվում է` Եվրամիությունը միայն Հայաստանին է առաջարկում փոխվել: Դա հնարավոր տարբերակ է, սակայն ես հասկանում եմ, որ ո´չ ԵՄ ներկայացուցիչը, ոչ էլ ԵՄ արտաքին կապերի կոմիսար Էշթոնը չեն համարձակվի թելադրել Հայաստանին, թե ինչ անի: Դա պարզապես հերթական փորձերից մեկն է: Մեզ համար շատ ավելի նշանակալից էր Գերմանիայի դեսպանի հայտարարությունը, որը կարծես փորձում է հուշել Հայաստանին, որ Եվրամիության հետ ազատ առևտրական գոտու ստեղծումը և Եվրասիական միությանն անդամակցությունը համատեղելի չեն: Սա արդեն շատ լուրջ հայտարարություն է: Իսկ Լեֆորտի ասածը որևէ լուրջ բան չի պարունակում:

Ասում եք` լուրջ մի ընդունեք Լեֆորտի ասածները: Բայց նա այնուամենայնիվ շարքային քաղաքական գործիչ չի, որ անկապ արտահայտություններ թույլ տա` պարզապես ինչ-որ բան ասած լինելու համար:

- Հաշվի առնենք, որ նա ֆրանսիացի է, որ այդ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, որ Օլանդը վերահաստատում է Հայկական հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը: Հաշվի առնենք, որ Ֆրանսիան կշարունակի մնալ ԱՄՆ քաղաքականության ուղեծրում... Այս ամենով` մենք չպետք է զարմանանք, որ Լեֆորտն ինչ-որ հայտարարություններ է անում: Հասկանալի է, որ նրան ակնարկվել է` գնա Ղարաբաղ և տեղում ծանոթացիր իրավիճակին: Մինչև բոլոր լեֆորտները և սեմնեբիները չհրաժարվեն գալ Ղարաբաղ ու չհասկանան, որ Անդրկովկասում վաղուց արդեն ոչ թե երեք, այլ առնվազն վեց պետություն կա, մենք կարող ենք լուրջ չվերաբերել Եվրամիության ցանկացած պաշտոնյայի հայտարարությանը: Նրանք միայն բարի ցանկություններ են արտահայտում: Բայց մենք գիտենք, թե դրանք ուր են առաջնորդում` միայն դժոխք: Եթե Եվրամիությունը մտադիր է բալկանյան փորձը կիրառել Անդրկովկասում, չարաչար սխալվում է: 2008-ից հետո այլևս չի ստացվի, 2008-ը եղել է այն տարին, երբ շատ խիստ փոփոխություն է կատարվել: Մենք հասկանում ենք, թե Աբխազիայի և Հարավային Օսիայի կողքին Ռուսաստանն ինչո՞ւ չճանաչեց Ղարաբաղի անկախությունը: ՌԴ-ն այդպիսով խուսափեց Ադրբեջանի հետ հակադրությունից, որպեսզի Բաքուն չթեքվի հակառուսական ուժերի կողմը: Եվ կրկին շեշտենք` ցանկացած տարածաշրջանում առկա են ռազմավարական իրողություններ, որոնք կանխորոշում են զարգացումների հերթականությունը, հետո էլ` տրամաբանությունը: Եթե բոլորը խոստովանում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի տված` ԵՀԱԿ մանդատն ուժի մեջ է, եկեք` մի խառնվեք, որովհետև ԵՀԱԿ-ն ու ԵՄ-ն տարբեր կազմակերպություններ ենΚ

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ