ԵԿԵԼ ԷՐ ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ


 

Մինչև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարելիք այցը` վերլուծաբաններն ու քաղաքագետները բազմաթիվ ենթադրություններ էին անում, փորձում կռահել, թե ինչի մասին է խոսելու գերտերության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր շփումների ընթացքում ինչպիսի՞ հարցադրումներ է անելու:…

Ոմանք էլ փորձում էին այցը համարել պատմական, քանզի հատկապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որին չմասնակցեց Սերժ Սարգսյանը, պիտի որ հարցեր ծնվեին, մտահոգություններ ձևավորվեին: Ի վերջո, գուցե տիկին Քլինթոնը պիտի խոսեր այն մասին, որ այլևս տարածաշրջանում չեն ցանկանում տեսնել Թուրքիային` որպես առաջատար և թելադրող ուժ…

Բայց պարզվեց, որ տիկին Քլինթոնի այցն ընդամենը քաղաքավարական քայլ էր, հիշեցում տարածաշրջանի երկրներին և հատկապես Հայաստանին, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանին, որ հարկավոր է անընդհատ նայել դեպի Վաշինգտոն: Հիլարի Քլինթոնը նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց.

- Մենք մեծապես արժևորում ենք մեր գործընկերությունը Հայաստանի հետ ու շարունակում ենք սատարել Հայաստանի և նրա ժողովրդի զարգացմանն ու աճող բարեկեցությանը: Ես և նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես և Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, և ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը:

Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ: Իհարկե շատ ուրախ եմ նաև տեսնել պայծառ, արևոտ եղանակ:

Մենք չգիտենք, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք խոսվել է հենց այդ օրն իրականացված ադրբեջանական ագրեսիայի մասին, այն մասին, որ այդ երկիրը դիվերսիոն գործողություններ է իրականացրել Հայաստանում` խախտելով մեր երկրի սահմաններն ու միջազգային օրենքներով դատապարտվող հանցանք կատարել: Պե´տք է որ խոսվեր, որովհետև այսօր Ադրբեջանն իրեն ապահով ու հանգիստ է զգում… Վլադիմիր Պուտինը Ալիևին խոստացել է, որ ամեն գնով Ղարաբաղը կվերադարձնի Ադրբեջանի տարածք, ուստի հենց Քլինթոնի այցի օրը սպանելով երեք հայ զինվորի և վիրավորելով վեցին` պաշտոնական Բաքուն, իրեն հատուկ հիսթերիկ դրդումներով, կարծես ուզում է ասել, որ իրենք այլևս չեն ուզում համակերպվել «գրավված տարածքների» փաստի հետ…

Նախագահի հետ հանդիպումից հետո էլ տիկին Քլինթոնը մասնակցեց ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մի միջոցառման, որի ընթացքում մի խումբ հայաստանցի «ակտիվիստներ» մրցանակներ ստացան: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: …Միջոցառումը բացեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը…

- Արթուրը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա: Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ,- մանրամասնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Երկար ժամանակ մեզ հետաքրքրում էր այն հարցը, թե ո՞վ էր սրում համասեռամոլների թեման, ո՞վ էր միջազգային կառույցներին «դոնոսներ» հասցնում` թե իբր համասեռամոլները գտնվում են կտտանքների մեջ: Հիմա պարզվեց. Հայաստանում կարելի է համասեռամոլների թիվ մեկ եղբայրը համարել Արթուր Սաքունցին, քանզի նա մրցանակ ստացավ նաև հենց այդ «սեռի» շահերի պաշտպանության համար: Ավելին, «ազատության պաշտպան» Արթուր Սաքունցը մրցանակ ստացավ նաև այն բանի համար, որ արհամարհելով ու պղծելով արցախյան պատերազմում զոհված ավելի քան հինգ հազար հայորդիների հիշատակը` քաջալերում էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպումը:

Ստացվում է, որ տիկին Քլինթոնը Հայաստան էր եկել` նաև «հիանալու» այն մարդով, ով միջազգային դրամաշնորհներով զբաղված է հանրային տարորոշումներով: Դեռ ժամանակ առաջ Սաքունցը մայրաքաղաքում ցույց էր կազմակերպել` բողոքելով բանակում զոհված զինվորների համար: Հետաքրքիր է` այդ «ազատության պաշտպանն» ինչո՞ւ ցույց չկազմակերպեց հենց ամերիկյան դեսպանատանը և պետքարտուղարի ներկայությամբ չբողոքեց այն բանի դեմ, որ ԱՄՆ աչք է փակում ադրբեջանական վայրագությունների առջև, չի դատապարտում պաշտոնական Բաքվին` Հայաստանի շրջափակման և անմեղ հայ զինվորներ սպանելու համար… Հասկացանք, իհարկե, որ նման ցույցի համար դեռ որևէ կազմակերպություն Սաքունցին գրանտ չէր տվել: Դե, երևի հետո կտան, բայց ոչ թե Հայաստանի շահերի պաշտպանության, այլ, ասենք, այդ շահերը ոտնահարող առնետների իրավունքների պաշտպանության համար… Ի դեպ, զարմանալի է, որ գեորգիվանյանը մրցանակ չստացավ…

Տիկին Քլինթոնի այցն ավարտվեց: Հետաքրքիր է, թե վերադառնալով Վաշինգտոն` նա ի՞նչ է պատմելու Բարաք Օբամային…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ