ՉԻՆԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ,

որի պատճառը միջազգային  անբարոյականությունն է


 

Չինարի գյուղի գնդակոծումը, անմեղ զինվորների զոհվելու փաստը թվում էր, որ պիտի դառնար մեր արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր ուշադրության նյութը: Կատարվածի մասին անմիջապես պիտի դիմումներ հղվեին ՄԱԿ, Եվրախորհուրդ, պիտի պահանջվեր անհապաղ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քանի որ գրանցվել է զինված ագրեսիայի հերթական դեպքը. մի պետության կողմից գնդակոծվել է մեկ այլ պետության տարածքը...

Եվ այս ամենը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից մի քանի ժամ առաջ. այն ժամանակ, երբ աշխարհի գերտերության երկրորդ դեմքը փորձում է համոզել հայկական կողմին` վերադառնալու հայ-թուրքական բանակցություններին: Ադրբեջանի հերթական լկտի պահվածքը, միջազգային գործող օրենքների խախտումը վկայում են, որ միջազգային կառույցները որևէ կերպ չեն արձագանքում այս երկրի կողմից իրականացվող քայլերին: Որևէ մեկին վաղուց չի հետաքրքրում, որ տարածաշրջանում ոչ միայն այս երկիրը սրում է իրավիճակ, այլև իրեն պահում է չափազանց լկտի:

Հավանաբար վստահ է, որ հերթական անգամ իրեն «ներվելու» է ամեն ինչ, հերթական անգամ գերտերություններն աչք են փակելու կատարվածի առջև, որովհետև առկա են «նավթային գործոններ», որովհետև առկա են շահեր, որոնք վեր են միջազգայնորեն ընդունված օրենքներից, մարդկային կյանքերից, քաղաքական բարոյականության սահմանումներից:

Ժամանակ առաջ տեղի ունեցածը քննարկման նյութ չդարձավ միջազգային կառույցներում, Եվրախորհրդարանի հայ պատվիրակները չպահանջեցին դատապարտել կատարվածը` ընդհուպ մինչև պահանջելով Ադրբեջանի դուրսմղումը ԵԽ-ից: Հավանաբար, հայ պատվիրակները շատ լավ պատկերացնում էին, որ իրենց ելույթներն ու պահանջները վերածվելու էին դատարկ կրակոցների, քանի որ շատ վաղուց որևէ մեկին չեն հետաքրքրում Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող ողբերգությունները, զինված հարձակումները, որոնց նախաձեռնողն Ադրբեջանն է:

Կենտրոնանալով Մերձավոր Արևելքում քաղաքական ու ռազմական խնդիրների, այդ տարածքում խառնակությունների հրահրման վրա` աշխարհն անտարբերության է մատնել Հարավային Կովկասը: Մինչդեռ ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությանն ու ագրեսիային համապատասխան հակահարված է պետք, դատապարտում է պետք: Սակայն այդ դատապարտումը չկա, չկան համապատասխան բանաձևեր, որոնք պիտի սանձահարեին այդ երկրին, ստիպեին հարգել միջազգային նորմերն ու համաձայնագրերը: Այն տպավորությունն է, թե ոմանց ձեռնտու է ռազմական գործողությունների էսկալացիան: Ոմանք կարծես շահագրգռված են, որ վերսկսվեն ռազմական գործողությունները: Իհարկե, ոմանց ձեռնտու են նման զարգացումները, որովհետև հնարավոր կլինի վաճառել կուտակված ռազմամթերքը, նոր փողեր աշխատել, պատերազմը դարձնել շահութաբեր երակ: Ռազմական գործողությունների վերսկսումը հավանաբար ձեռնտու է նաև մի շարք տերությունների, որոնք տարածաշրջանում կամենում են տեսնել նոր իրավիճակներ, ազդեցությունների նոր հայեցակարգեր: Իսկ դրանք անընդունելի են մեզ համար, ձեռնտու չեն Հայաստանին, որը չի կամենում դառնալ մանրադրամ գերտերությունների աշխարհաքաղաքական առևտրում:

Չինարիում տեղի ունեցածը վերջապես պիտի բարձրաձայնվի, պիտի առիթ դառնա պահանջելու ՄԱԿ-ին և ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության դադարեցումը, որովհետև անհնար է հանդուրժել այդ վարքագիծը: Անթույլատրե´լի է համակերպվել այն փաստի հետ, որ այսպիսի ցինիզմը կարող է անպատիժ մնալ:

Հիմա հերթը նաև Հայաստանի քաղաքական ուժերինն է, որոնք պարտավոր են համախմբվել և հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով ողջ աշխարհից անհապաղ դատապարտել կատարվածը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Տեղական նշանակության մեր հայտարարությունները, կցկտուր արտաբերված խոսքերն այլևս որևէ մեկին պետք չեն: Մեր հապաղումն ու կրավորականությունը կարող են առավել սանձարձակ ու անպատժելի դարձնել Ադրբեջանին:

Լ.Մ.

ԼՈՒՅՍ հունիսի 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ