Մ Ա Ղ Թ Ե° Ն Ք անսխալ կողմնորոշվելու սթափություն


Լավատեսությունն անգամ չի օգնի, եթե ժամանակները <<խառն են ու խրթին>>, առավել ևս` նախընտրական: ՕԵԿ ընդդիմադիր պիտակը <<վավերացնող>>, հալածյալի նախատեսված լուսապսակի կերտման գործին շոշափելի աջակցություն բերող վերջին մի քանի բացահայտումները նաև իրարամերժ կարծիքների առիթ են դառնում: Ահավասիկ. լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, թե օրերս ձերբակալել են նաև Բաղդասարյաններից Սարգսին` Երևանի համայնքներից մեկի Անշարժ գույքի պետական կադաստրերից մեկի պետին: Պատճառը կանխատեսելի է. հողի աճուրդներից ստացված խոշոր դրամական միջոցները բյուջե մուտքագրելու փոխարեն նշված պարոնը դրանք գրպանել է: Կարելի է կարծել, թե սույն անձի հանդեպ իրավապահների հետաքրքրության և նշված բացահայտման գլխավոր շարժառիթը ՕԵԿ-ի ճամբարափոխությունն է: Ավելի ուշագրավ է, և այդ դեպքն էլ մի լրացուցիչ անգամ բացահայտում է օրինաց երկիր կառուցելու վերջին տարիների մեխանիկան և դարձյալ քողազերծում <<մենք իշխանության մեջ եղած մյուս ուժերից միշտ էլ տարբերվել ենք>> հայտարարությունների հիմնազուրկ ու անհեթեթ լինելը: Իշխանական կերակրատաշտից օգտվելու անհարմարությունների հետևանքով մայիսյան ինքնաբացարկների շարունակականության անխուսափելի լինելու մասին կանխատեսումներն աստիճանաբար իրականանում են: Հնարավորինս մաղված ՕԵԿ խմբակցությունից, ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում դուրս է գալու նաև պատգամավոր Վ. Գյուլզադյանը: Նա հավանաբար անդամագրվելու է ՀՀԿ-ին: Այս քաղաքական ուժի հետ միավորվելու ձգտումը ակներևաբար մեծացել է: ՀՀԿ հանդեպ կարծեք անտարբեր չեն նաև Աղվան Հովսեփյանին վերագրվող նորաստեղծ <<Միավորման>> գործնական համակիրները: Հերթական արհեստածին այս միավորը կայացման դժվարին ճանապարհին ըստ ամենայնի լուրջ խնդիրների է հանդիպել, որոնք չի բացառվում, որ նույնիսկ ՄՀՀ-ի` աշնանը նախատեսվող համագումարի ձախողման և այս քաղաքական ուժի գոյության ընդմիշտ սառեցման պատճառ դառնան: Համենայն դեպս, ՄՀՀ-ի ղեկավարներն իրենք են խոստովանում, որ Պաշտպանության նախարարի` արդեն գրեթե բացահայտ հայտարարությունից հետո դեպի ՀՀԿ կուսակցականների արտահոսք է սկսվել նաև <<Միավորումից>>: Իսկ հուլիսի 22-ի համագումարին հաջորդող ամենահետաքրքրական եզրակացությունը լինելու է այն կանխատեսման վերջնական հաստատումը, համաձայն որի` ապագա խորհրդարանում Հանրապետականը անխուսափելիորեն ընդգծված մեծամասնություն է կազմելու: Ասել է թե` ծաղիկներով սկսված քարոզարշավի հաջողությունն անգամ ծաղկեփնջերը չեն կարողանալու ծաղկապատ ճանապարհ ապահովել <<Բարգավաճ Հայաստանի>> համար: Համագործակցությունն էլ, բնականաբար, դաշինքի ձևավորման չի կարող հանգեցնել, քանի որ սովորաբար ավելի ընկալելի են լինում հավասարազոր ուժերի համատեղումները: Այս առումով վերջին շրջանում հաճախ է մատնանշվում 1999-ին ձևավորված <<Միասնություն>> դաշինքի <<կրկնության>> հավանականության հնարավորությունը: Ճիշտ է, <<Միասնության>> թևերից մեկը, ինչպես հիշում ենք, դարձյալ Հանրապետականն էր, սակայն տվյալ դեպքում ուժերի հավասար լինելու փաստը երբևէ կասկածի տակ չի առնվել: Այնպես որ` ուժերի և նպատակների մեկտեղումը միայն առաջին հայացքից է այդքան դյուրին և նպատակային: Սա նախ և առաջ կամ, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա ավելի լավ են զգում հենց հայրենի քաղաքական ուժերը, ինչն էլ հենց նախընտրական բոլոր դժվարություն ները ինքնուրույն, եթե չասենք, միայնակ հաղթահարելու պարտադրանքի առաջ է կանգեցնում նրանց: Նման իրավիճակում լիովին հասկանալի է վաղաժամ և թեժ քարոզարշավների հիմնական տրամաբանությունը: