ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԷՐ, ՀՄԱՅԻՉ ԷՐ, ՄԵԾ ԷՐ


Մետաքսյա ՍԻՄՈՆՅԱՆ. հայ թատերագրությունը որքան պեղել ու վերհանել է նրա դերասանական տաղանդի բոլոր յուրահատկությունները, նրա դերասանական-մարդկային-կանացի բնատուր առանձնաշնորհ ները, Մետաքսյա Սիմոնյան հզոր երևույթը շարունակում է մնալ պեղելի: Շարունակում է մնալ այն եզակի դերասանուհիներից, ովքեր ծաղկուն անդաստան են` բերնեբերան-ափեիափ լի զարմանալի հրաշալիքներով, անհատակ խորք, ուր կարելի է թափանցել խորանալ` հատակում մարգարիտներ գտնելու օրինաչափությամբ: Մետաքսյա Սիմոնյանը Մետաքսյա Սիմոնյան դարձավ միանգամից: Բեմում նրա երևալը կախարդանքի ուժ ուներ: Դերասանուհու աստվածատուր գեղեցկությունը լեգենդ էր իր կենդանության օրոք, լեգենդ է և իրենից հետո: Դահլիճը քարանում էր, դահլիճը դառնում էր համակ աչք ու ականջ` վայելելու նրա թովչանքն ու հմայքը` նրա հրեշտակային գեղեցկության, նրբին ու հեզանազ ձայնի ու շռայլ տաղանդի թովչանքն ու հմայքը: Դերասանուհու չքնաղ կերպավորումներից է Կատրին Լեֆեվրի դերը <<Մադամ Սան-Ժեն>> ներկայաց ման մեջ, որ նա խաղաց անընդմեջ 200 անգամ: <<Կատրին Լեֆեվրի դերը տոն է հիշեցնում գույների իր առատությամբ ու նրբերանգներով, ինտուիցիայի հարստությամբ և բեմավիճակների ոգեշունչ ապրումով: Մետաքսյա Սիմոնյան-Կատրինը ներկայացման պատվանդանն է>>,- այսպես է արձագանքել մամուլը այս կերպավորմանը: Մետաքսյա Սիմոնյանի կերտած 100-ից ավելի դերերի մեջ ուրույն տեղ ունեն հայկական պատկերաշարքի կերպարները (Սուսան, Շուշանիկ, Անանի, Թերեզա): Նկարահանվել է 10 ֆիլմերում (<<Անահիտ>>, <<Արարատյան դաշտի աղջիկը>>, <<Ջրերը բարձրանում են>>, <<Խաթաբալա>>...), ավելի քան 50 հեռուստաներկա յացումներում, 100-ից ավելի ռադիոբեմականացումներում: Շնորհակալ եմ ճակատագրից` Մետաքսյային ճանաչելու համար Բարեբախտաբար, այսօր մեր կողքին են դերասանուհու շատ ժամանակակիցները, ովքեր դերասանուհու հետ ունեցած իրենց առնչություն ների մասին հուշերով, Մետաքսյայի կյանքի սիրուն պատառիկներով հարստացնում են նրա կենսագրությունը ու նաև մեզ: Դեռ մանկուց Մետաքսյա Սիմոնյանի տաղանդով սքանչացել է ռեժիսոր Վահե Շահվերդյանը: - Մետաքսյան ինձ համար մի լայնարձակ ասպարեզ է, և դեռ դպրոցական տարիքից ես երկրպագում էի նրան: Դա սեր էր արվեստի, գեղեցիկի նկատմամբ: Այնքան էի տարված, որ երբ ծնվեց առաջին զավակս` աղջիկս, ես նրան Մետաքսյա անվանեցի: Առաջին անգամ ես նրան տեսա Հուդիթի դերում: Այն ժամանակ ես չէի կարող հասկանալ, թե ինչ հրաշք է դա, բայց որ ես տեսա հրաշք գեղեցկություն, բնության կատարելություն, անկասկած է: Դրանից հետո ես նայում էի բոլոր ներկայացումները` նրա մասնակցությամբ: Անչափահաս էի, և թատրոն մուտք գործել ինձ օգնում էր քույրս: Ռուսական թատրոնում <<Ռոմեո և Ջուլիետ>> ներկայացումից հետո ես նրան թախանձագին խնդրեցի գնալ կուլիսներ: Մենք մտանք Մետաքսյայի հարդասենյակ, և առաջին անգամ ես խոսեցի նրա հետ: Իսկ պատշգամբի տեսարանում ասված մի արտահայտությունը մինչև հիմա ականջներիս մեջ է. <<Ա~խ, բարի գիշեր, դե, բարի գիշեր>>: Դա մի արտասովոր ձայն էր, արտասովոր նրբերանգ ներով հարուստ ձայն, որ լրացնում էր նրա հմայքն ու գեղեցկությունը: Առանց դրա Մետաքսյայի գեղեցկությունը թերևս կատարյալ չէր լինի: Սունդուկյանի թատրոնում բեմադրվում էր Դոստոևսկու <<Ապուշը>>: Ներկայացման գեղարվեստական ղեկավարը` Գեորգի Ստավստանոգո վը, Լենինգրադից եկել էր` վերջին փորձերն անցկացնելու, որոնց ներկա գտնվել թույլատրվեց մեզ` ուսանողներիս: Չեմ կարող մոռանալ ռեժիսորի խորը տպավորությունը, հիացազարմանաքախառը հայացքը, երբ Մետաքսյա-Նաստասիա Ֆիլիպովնան, բեմական զգեստը հագին, բեմի մի ծայրից մյուսն անցավ: Բեմադրիչը տեղից բարձրացավ` զմայլված հայացքը չկտրելով դերասանուհուց և ասաց. <<նՑՏ փՑՏ ՑՏՍՏպ!>>: Որքան էլ գեղեցիկ էր ու հմայիչ, նրա գեղեցկությունը բեմի վրա րոպեներ անց կխամրեր-կմարեր, եթե նա չունենար այն բացառիկ ներքին էությունն ու տաղանդը, որով շռայլորեն օժտված էր: Թատրոնը գեղեցիկ դերասաններ էլի է տեսել, բայց այդ գեղեցկությունը չի փայլել, բռնկումներ չեն եղել, որովհետև չի լրացվել ներքին էությամբ, որ Մետաքսյայի պարագայում համակ տաղանդ է: Ահա այսպիսի գեղեցկության և տաղանդի համադրմամբ ստեղծվեց այն բացառիկ երևույթը, որ ունեցավ հայ թատրոնը Մետաքսյա Սիմոնյանով: Շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն տրվեց Մայր թատրոնում բեմադրություն դնել, որտեղ գլխավոր դերում Մետաքսյան էր: Ես մտածում էի դասական դրամատուրգիայի խոշոր կերպարների շուրջ. Կլեոպատրա, Նուարդ, Աննա Կարենինա ու երբ Աճեմյանը լսեց. <<Հասկանում եմ, հասկանում եմ, դու Մետաքսյային նկատի ունես (նա գիտեր, որ Մետաքսյան իմ կուռքն է): Բայց դու կբեմադրես <<Ամուսինները>>, որտեղ նա կխաղա գլխավոր դերում>>: Կարծես աշխարհն ինձ տվեցին: Ես ավելին չէի էլ ուզում, երջանկությանս չափ չկար: Նրա հետ շատ հեշտ էր աշխատել: Փորձերի ժամանակ երբեք զգացնել չէր տալիս, որ ինքն աստղ է, իսկ իր հետ աշխատողը սկսնակ բեմադրիչ, և ինքը կարող է անել այնպես, ինչպես կամենա: Անկախ նրանից, թե փորձ անողը հմուտ ռեժիսոր էր, թե ուսանող, Մետաքսյան փորձում էր համատեղ գտնել կերպարը: Սա այն մեծ ու թանկ հատկություններից է, որ Մետաքսյայի մեծության ու տաղանդի տեր դերասաններին միշտ չէ տրված: Ավա~ղ, անձնական կյանքը դերասանուհուն քիչ երջանկություն բերեց: Գուցե նրա կյանքի անկատարելիությունը փոխադրվում էր ստեղծագործական աշխարհ և այնտեղ հզորանում այն ամենով, ինչ նա կյանքում չուներ: Դժբախտաբար, սա դերասանուհիներին հատուկ ճակատագիր է, քչերն են, որ ունենում են կատարյալ ընտանիք ու սիրո պոռթկումներ: Մետաքսյան ինքը ոտքից գլուխ սեր էր: Նրա կողքին լինել` նշանակում էր առնչվել գեղեցիկի, վեհի, կատարյալի հետ: Դա երջանկություն է, դա արժեք է: Ես այդ արժեքով ապրել եմ, դրանով հարուստ եմ ու երջանիկ:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ