Դաստիարակ շները


Հետաքրքիր է, որ քաղաքակրթված աշխարհում այսօրինակ դեպքերն այլևս եզակի չեն: Առժամանակ առաջ նույն սենյակում շների հետ ապրող երեխայի մասին էինք պատմել: Ու դեռ զարմանքը չփարատած` նմանատիպ այլ պատմություն ենք լսում. այս անգամ` Էստոնիայից: Չորս երեխաները, որոնց սոցաշխատողները գտել են կեղտոտ բնակարանում, խոսել ու քայլել չգիտեին: Ոչ թե չէին հասցրել սովորել, պարզապես երկու ոտքով և ուղղահայաց դիրքով շարժվելը նրանք չէին պատկերացնում, իսկ իրար ինչ¬որ բան ասելու կամ լաց լինելու փոխարեն հաչում էին, գռմռում ու վնգստում: Վտիտ ու հյուծված այդ արարածները սնվում էին շների հետ` նույն կերով, նույն ամանից: Բնական պահանջներն էլ բավարարելու համար իրենց դաստիարակ շների պես էին վարվում. սենյակի անկյունում բարձրացնում էին ոտքը… Նրանց մայր կոչեցյալն ու սրա քաղաքացիական ամուսինը որոշել են 1 տարեկան Ռոբերտին, 2 տարեկան Տավիին, 4-ամյա Էրոյին և նրանց 6-ամյա քույր Լաուրային հանձնել բակապահ շների խնամքին, որպեսզի գումարներ ու ժամանակ չծախսեն` նրանց մեծացնելու համար: Ընդ որում` այդ նույն երեխաների նպաստով են ապրում նրանց ծնող կոչվածները: Հիմա արդեն երեխաներին մանկատուն են տեղավորել, նրանց ծնած կնոջը զրկել են մայրական իրավունքներից: Այսուհանդերձ, նա և ամուսինը գտնում են, որ հակաօրինական որևէ արարք թույլ չեն տվել, և անարդարացի է` երեխաներին իրենցից վերցնելը (տեղեկացրել է Life.News¬ը):