«Զիգֆրիդի» պաշտպանական գիծը


1941 թվականին, պատերազմի բռնկման հետ միաժամանակ, Ֆրանսիայի ճակատամերձ շրջաններում առանց դատ ու դատաստանի գնդահակարվեցին բոլոր գողերը, խարդախները և քրեական այլ տարրերը, որոնք այդ պահին անգամ դատապարտված էլ չէին և գտնվում էին ազատության մեջ: Գնդակահարության համար հիմք էր ծառայում ոստիկանության գործակալների զեկույցը: Պատերազմական ժամանակներում նրանց համարեցին սոցիալապես անթույլատրելիորեն վտանգավոր, իսկ դատել չէին կարող` պատճառ չկար: Քառորդ դար անց` 1940 թվականի մայիսին, ֆրանսիացի կանայք, «Զինվորների մայրերի» ու նմանատիպ այլ «կոմիտեների» անդամներ, «Կորչի պատերազմը» գոչելով ցույցեր էին կազմակերպում ռազմական օդանավակայանների թռիչքուղիների վրա` թույլ չտալով օդ բարձրանալ ֆրանսիական և բրիտանական կործանիչներին, որոնք փորձում էին պաշտպանել Ֆրանսիայի երկինքը գերմանական ավիացիայից: Առաջին դեպքում մի քանի տարի տևած կատաղի մարտերից հետո գերմանացիներին հաջողվել էր գրավել Ֆրանսիայի փոքրիկ մի մասը միայն` տալով մի քանի միլիոնի հասնող զոհ: 25 տարի անց, սակայն, ընդամենը մեկ ամսվա ընթացքում նրանք գրավեցին Ֆրանսիայի կեսը` Փարիզ մայրաքաղաքով` տալով ընդամենը 27 հազար զոհ: Ֆրանսիական կողմից զոհվեց 84 հազար զինծառայող, իսկ 1,5 միլիոնը գերի ընկավ: Խոսուն թվաբանություն է, ճի՞շտ է: Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսը 1941 թ. օգոստոսին իր օրագրում գրեց, որ ԽՍՀՄ¬ում գերմանական քարոզչության թափանցելիության վիճակը «ուղղակի հակապատկերն է անցած տարի Ֆրանսիայում տիրող իրավիճակի: Ֆրանսիան լիբերալ պետություն էր, և այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ունեցանք ֆրանսիական ժողովրդին վարակել պարտվողական գաղափարներով դեռևս 1939-1940 թթ. ձմռանը: Իսկ հետո նրանք աղետի մատնվեցին…»: Գործի էր դրվում ցանկացած հնարք: Կարդացեք թեկուզ «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմից մեզ բոլորիս քաջ հայտնի Գերմանիայի Անվտանգության ծառայության քաղաքական հետախուզության ղեկավար Վալտեր Շելենբերգի հուշերը: Պարզվում է, որ գերմանացիներն, առաջ շարժվելով Ֆրանսիայով, ինքնաթիռներից ցած էին նետում թռուցիկներ, որտեղ հմտորեն ձևակերպված մատուցում էին «Նոստրադամուսի կանխագուշակումները», որտեղ նա իբրև թե կանխատեսել էր պողպատյա հրոսակների արշավանքը Ֆրանսիա, ինչից միակ փրկությունը` երկրի հարավային շրջաններ փախչելն էր: Ու սարսափից խելակորույս հարյուր¬հազարավոր փախստականների բազմությունը ողողել էր ճանապարհները` պատնեշելով ֆրանսիական ռեզերվի առաջխաղացումը` օգնության հասնելու զորքերի հյուսիսային խմբավորումներին: Լիբերալիզմը ցանկացած բանակի մարտունակության առաջին ու ամենավտանգավոր թշնամին է: Ընթացք տվեք տարբեր տեսակի աղմկարար «կոմիտեների» պահանջներին, անվերջ շաղակրատեք «մարդու իրավունքների» ու «համամարդկային արժեքների» շուրջ և չեք էլ հասկանա, թե ինչպես դեռ երեկ երկաթյա կարգապահութ յամբ աչքի ընկնող զորամիավորումը վերածվեց անկազմակերպ ու խառնիխուռն ամբոխի: Մեզանից յուրաքանչյուրն անթիվ անգամներ լսել է «Մաժինոյի» ու «Մաներհայմի» պաշտպանական գծերի մասին, բայց կա՞ այսօր արդյոք մեկը, ով հիշում է «Զիգֆրիդի» համանման բնագծի մասին: Այնինչ այնտեղ տեղ գտած դեպքերն իրենց արյունալիությամբ ուղղակի սահմռկեցուցիչ էին, իսկ քաղաքական ինտրիգների իմաստով` հրեշավոր ու մարդկային բանականության ընկալման սահմաններից դուրս: Դիտարկենք դրա միայն ռազմական բաղկացուցիչը: Ֆրանսիական և անգլիական հրամանատարության պլանն այն էր, որ աքցանի մեջ առնեին նուայոնյան ելուստը, երկու կողմից կտրեին այն և շրջապատեին այնտեղ տեղակայված գերմանական զորքերը: 135 կմ երկարություն ու 30¬40 կմ խորություն ունեցող և ճակատային դիրքերում մխրճված այդ պլացդարմում շատ մեծ թվով գերմանական զորքեր կային: Նախատեսված պլանի հաջողության դեպքում նրանց բոլորին տխուր ճակատագիր էր սպասում: Սակայն հարձակումը կորցրել էր իր ողջ իմաստը, քանի որ դրա սկսվելու բառացիորեն նախօրեին` 1917 թ. մարտի 16¬ին, գերմանացիներն իրենց ողջ ուժերը, մինչև վերջին մարդը, դուրս էին բերել այդ սպառնալից տարածքից: Նրանց բոլորին (հավելումն այնտեղ արդեն իսկ եղած ուժերի) տեղաբաշխել էին հենց «Զիգֆրիդի» գծի վրա, որը ոչ թե ինչ¬որ հապշտապ փորված խրամատների ցանց էր, այլ հրաշալիորեն ամրացված, դժվարանցանելի մի տարածք` 8-10 կմ խորությամբ: Բայց մինչ այդ, դեռևս 1916¬ի դեկտեմբերին, առանց որևէ ակնհայտ պատճառի, ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռացվում է երկրում և զինված ուժերում հեղինակություն վայելող մարշալ Ժոֆրը: Նրան փոխարինում է ոչնչով աչքի չընկած գեներալ Նիվելը: Ակամա կասկած է ծագում, որ նրան պարզապես քավության նոխազ էին դարձրել: Ասել է թե` Ֆրանսիայի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը նախօրոք գիտեր, թե ինչով է այդ ամենը վերջանալու: Զորքերին, տեխնիկային, սպառազինությանն ու հանդերձավորմանը վերաբերող տարատեսակ ու բազմաթիվ թվական տվյալների մանրամասներով ընթերցողին չծանրաբեռնելով, հակիրճ ասենք, որ, այսպես կոչված` «Նիվելյան հարձակումը» իր մասշտաբներով չէր զիջում Ստալինգրադյան կամ Կուրսկի աղեղի ճակատամարտերին: Առաջինը գրոհի նետվեցին անգլիական զորքերը: Ապարդյո´ւն: Ապրիլի 9¬ին սկսվեց ֆրանսիական ուժերի հարձակումը, բայց հիմնական գործողությունները ծավալվեցին նույն ամսվա 16¬ին և 17¬ին: Գերհզոր պաշտպանական բնագծերի ճակատային գրոհներն ապաշնորհ գեներալի անունը պատմության մեջ հավերժացրին ևս մեկ թևավոր դարձվածով` «Նիվելյան մսաղաց»: Ընդամենը մի քանի օրում անգլիացիները և ֆրանսիացիները կորցրին 310.000 սպանված ու վիրավոր: Ու շատ արագ էլ գեներալ Նիվելը փոխարինվեց գեներալ Դետենով, ով 25 տարի անց տխրահռչակ պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ` փորձելով արդարացնել իր գործողությունները ժամանակակիցների և սերունդների աչքում, թե` «ես փրկեցի Ֆրանսիան ավերակների վերածվելուց»: Սակայն դրանից քառորդ դար առաջ լիբերալիզմի մանրէն դեռևս չէր հասցրել ամբողջությամբ ջլատել ֆրանսիական ռազմական օրգանիզմը: Հսկայական թվով մարդկային կյանքեր արժեցած հանպատրաստից հարձակումը մեծապես բարոյալքել էր խրամատներում գտնվող զորքերին: Շուտով սկիզբ առան համատարած զինվորա կան խռովությունները: Այդ պահին գերմանացիների և Փարիզի արանքում ֆրանսիական հրամանատարությանը հավատարիմ ընդամենը… 2 դիվիզիա էր մնացել: Խռովությունը ճնշվեց հենց խանձարարուրում: Գնդակահարություններով: 1917¬ի ողջ ամռանը և աշնանը ֆրանսիական ռազմա¬դաշտային դատարաններն աշխատում էին առանց վայրկյան իսկ դադար տալու` վերականգնելով կարգապահությունը, կարգ ու կանոնը զորքերում: Ու հենց այդ ընթացքում էլ գերմանացիները Արևմտյան ճակատից մեծ ուժեր տեղափոխեցին դեպի արևելք` վստահ, որ արյունաքամ եղած ֆրանսիական բանակը դեռևս բավական երկար ժամանակ ի վիճակի չի լինի մեծամասշտաբ գործողություններ իրականացնել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հենց ապրիլի 9¬ին, երբ իրապես համոզվեցին, որ ֆրանսիական կողմը դիմեց այդ ինքնասպան հարձակմանը, գերմանացիները Վլ. Ի. Ուլյանով-Լենինին, իր 31 համախոհների հետ միասին, փակեցին գերմանական վագոնում, կնքեցին այն, ու գնացքը Շվեյցարիայից ուղղվեց դեպի արևելք…

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ