ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ


ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐԻ տոհմն իր հերոս զավակներով է հայտնի: Հանուն հայրենիքի զոհված Համբարձում պապիկին Ռուդիկ թոռը չէր էլ տեսել, բայց երևի հենց նրանից էր ժառանգել խիզախությունը: Հայրենական պատերազմի ժամանակ Համբարձում Գևորգյանը չունեցավ շիրիմ, իսկ տասնամյակներ անց Արցախյան գոյամարտում անհետ կորավ նրա Ռուդիկ թոռը: - Ռուդիկս ինքնամփոփ ու խելացի էր` թեպետ ոչ բոլոր առարկաներն էր լավ սովորում: Նրբազգաց ու բարի տղաս շուտ էր վիրավորվում, շուտ էր զայրանում: Դպրոցական տարիներին հաճախում էր քանդակագործության դասընթացների, սիրում էր նկարել, գնում էր նաև լողի ու նետաձգության պարապմունքների: Ամառային արձակուրդներին մեկնում էր գյուղ. բնությունը նրա տարերքն էր: Մի անգամ իր հետ վիրավոր արծիվ էր բերել, վիրակապել ու պահել էր վանդակում: Ընկերները հավաքվել էին տեսնելու: Հաջորդ օրը հպարտ թռչունը կտուցով քանդել էր վիրակապն ու սատկել: Ասում են` արծիվը չի հանդուրժում, երբ իրեն վիրավոր են տեսնում ու վանդակում պահում: Որդիս պարսատիկով շատ էր խաղում, այդ դեպքից հետո այլևս թռչուն չէր որսում: Երբ զորակոչվեց Խորհրդային բանակ, անհանգստանում էր մեզ համար: Բոլոր նամակներում նախ հարցնում էր` - Մամ ջան, ո՞նց եք, հո հիվանդ չեք, ես շատ լավ եմ… Մայրը խնամքով պահել է որդու նամակներն ու բանակից հետը բերած լուսանկարների ալբոմը: Ամեն անգամ որդու մասին խոսելիս, մոր առջև հառնում են տղայի բարի հայացքը և այնքան թախծոտ աչքերը… Բանակից վերադառնալուց հետո Ռուդիկը որպես ձևարար աշխատում էր կարի ֆաբրիկայում: 88-ի երկրաշարժի ժամանակ աշխատակիցների հետ մեկնել էին Լենինական օգնության, բայց հաջորդ օրը վերադարձել շատ տխուր. նրա համար ծանր էր մարդկային կորուստները: Արդեն 89-ի դեկտեմբերն էր. որոշել էր, որ պիտի ամուսնանա: Ընտանիքի համար զարմանալի էր եղել նրա կտրուկ որոշումը: Հարազատները հետո պիտի հասկանային, որ նա որոշել էր մեկնել մարտադաշտ, բայց… հայրենիքին զավակ պարգևելուց հետո: Շուտով իր համադասարանցի Ալվարդին ծանոթացրեց ծնողների հետ և հայտնեց մտադրության մասին: 90-ի փետրվարին, մինչև մարտադաշտ մեկնելը, «Արաբո» ջոկատի տղաներով գնացել էին Խորվիրապ, երդվել էին կռվել ու մեռնել հայրենիքի համար ու այնտեղից էլ մեկնել էին: Սկզբում սահմանամերձ վայրերի մարտական գործողություններին էր մասնակցել: Հարազատներն այլևս անկարող էին Ռուդիկին կանգնեցնել: ՌԴ¬ից Լիպարիտ հորեղբոր վերադարձը հույս ներշնչեց հարազատներին` նրա խոսքը Ռուդիկը չէր անտեսի և իր նորակազմ ընտանիքում կմնար: Բայց հորեղբայրը ևս ընդգրկվել էր «Արաբո» ջոկատ: Երբեմն մարտնչելով միևնույն ճակատում` Լիպարիտը հպարտանում էր եղբորորդու խիզախությամբ: - Ինքնամփոփ Ռուդիկս որքա˜ն շուտ մեծացավ,- մինչև հիմա ասում է հորեղբայրը: Արտաքուստ հանգիստ ու զուսպ Ռուդիկն առյուծ էր մարտադաշտում: Միասին մասնակցել էին Գետաշենի, Մարտունաշենի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի մարտական գործողություններին: Ծնվեց Ռուդիկի առաջնեկը` Յուրան, հետո` Համբարձումը (նրան պապիկի անունով կոչեց): Մարտադաշտում էր եղել, երբ ծնվել էին զավակները: Ամեն անգամ Ղարաբաղ մեկնելիս Ալվարդին կասեր. - Զավակներիս լավ նայիր, հետո նրա´նք պիտի դառնան հայրենիքի պաշտպաններ… 1991-ին առողջությունը կտրուկ վատացել էր, մանկուց սակավարյունություն էր ունեցել: Մի քանի օր բուժվելուց հետո կրկին վերադարձել էր ռազմաճակատ` սովորության համաձայն անտեսելով հարազատների անհանգստությունը: 92-ի մայիսին նորից վատառողջ էր, հորեղբայրը խնդրել էր` մնար, առողջանար, քանզի մարտական թեժ ու լարված գործողություններ էին, և նա ֆիզիկապես անկարող էր դիմանալ: Բայց Ռուդիկի համար Երևանում օրերը տարիներ էին թվում: Ինչպե՞ս համբերեր, երբ օրեցօր ահագնանում էր տագնապը. նա պիտի ճախրեր արծվի պես: 1992-ի հունիսն էր: Բազում կորուստներից թշնամին մոլեգնել էր: - 1992 թ. հունիսի սկզբին մասնակցեցի Նոյեմբերյանի գյուղերի մարտերին: Ջոկատով մեկնեցինք Կապան: Ռուդիկը չհամբերեց, մի քանի օրից մեզ միացավ: Շահումյանի անկումից հետո Վ. Սարգսյանի կարգադրությամբ մեր ջոկատը (այլ ջոկատներ ևս) մեկնեց Մարտակերտ` թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Նախապատրաստվեցինք հարձակման: Լույս 29-ի գիշերը Հասանղայայի ուղղությամբ շարժվող ջոկատում էր Ռուդիկը, որի հրամանատարն էր Ավետիս Ավետիսյանը: Իսկ մեր ջոկատը շարժվեց դեպի Լենինավան: Ավետիս Ավետիսյանի ջոկատը հայտնվել էր ծուղակում, ամեն ինչ նախատեսվածից շուտ էր սկսվել. հանդիպել էին հզոր տեխնիկայի ու մեծաքանակ ուժի. դա անակնկալ էր մեզ համար: Փաստորեն թուրքերը նախապատրաստվել էին լայնածավալ հարձակման` մեծ ուժեր կենտրոնացնելով Հասանղայա ու Լենինավան գյուղերի ուղղությամբ: Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվել, որոշեցինք նահանջել, կրկնապատկել մեր ուժերը և գրոհել: Բայց նրանք հրետանային կրակով մեզ դիմավորեցին: Հաջորդ օրը 80-100 հոգով, 4-5 զրահատեխնիկայով մտանք անհայտության մեջ մխրճված 76 տղաների մարտնչած տարածքը: Նրանց դիրքերը կրակի տակ պահելով` կարողացանք հողի տակից հանել ընդամենը 3 դի: Զոհեր չտվեցինք, բայց վիրավորներով վերադարձանք,¬ պատմում է Լիպարիտը. 19 տարի է անցել այն չարաղետ օրվանից, որն անջնջելի հետք թողեց բոլորի սրտերում: Ժամանակի ցասումով ու վրեժով առլեցուն հայորդիներն ուխտել էին` կռվել, մարտնչել մինչև վերջին փամփուշտը… Յուրաքանչյուր տարի` հունիսի 29-ին, Ռուդիկ Գևորգյանի հարազատներն այցելում են Եռաբլուր, խնկարկում Արցախում զոհվածների ու անհետ կորած հայորդիների հիշատակը և շարունակում սպասել նրանց վերադարձին:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ