ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱՌՈՑ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ»


Ռուսաստանի Պետդումայում սկանդալ է հասունանում: Ինչպես անսպասելիորեն պարզվել է պատգամավորների համար` Ռուսաստանը գաղտնի, խախտելով «Վարչական միավորների և սահմանների մասին» օրենքի որոշ դրույթներ, Ադրբեջանին է փոխանցել Դաղստանի ինքնավար հանրապետության Մահարամքենդի շրջանի երկու գյուղ և Սամուր գետի վրա գտնվող մի ջրապատնեշ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես շրջանի գյուղատնտեսության, այնպես էլ էլեկտրակայանների գործունեության համար: Պատգամավորներին հատկապես անհանգստացրել է այն, որ սույն նվիրատվությամբ Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել նաև իր մոտ 600 քաղաքացու` փոխելով նրանց քաղաքացիությունը: Հենց այս հանգամանքն էլ անհանգստացրել է պատգամավորներին, քանի որ այսպես Ռուսաստանը ստեղծում է նախադեպեր, պարարտ հող ստեղծում Կուրիլյան կղզիները Ճապոնիային, իսկ Կալինինգրադի` Քյոնիքսբերգի մարզը Գերմանիային հանձնելու համար: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն իշխանությունների այս քայլը բացատրել է որպես «բարեկամության և համագործակցության» առհավատչյա, մինչդեռ ռուս պատգամավորները դեպքը դիտարկում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում և հայտարարում այն մասին, որ այսպես Մեդվեդևը կամեցել է «միավորներ հավաքել» և հասկացնել տալ պաշտոնական Բաքվին, որ Ղարաբաղի հարցում էլ կարող է նման «մոտեցումներ» իրականացնել... Հենց սա է մտահոգողը: Բամաթիվ անգամներ Հայաստանին «թիկունքից հարվածներ հասցնող» Ռուսաստանը այսպես ճանաչել է Ադրբեջանի սահմանները` իր քայլով առաջ անցնելով Ադրբեջանի հարազատ եղբայր Թուրքիայից, որը տակավին չի ճանաչել «եղբայրական» Ադրբեջանի սահմանները: Այստեղ խախտվել է նաև դաղստանյան գյուղերում ապրողների իրավունքը, առանց նրանց ազատ կամարտահայտման` Ռուսաստանը նրանց դարձրել է Ադրբեջանի քաղաքացիներ, զրկել ՌԴ քաղաքացու բոլոր իրավունքներից: Բաքվում, իհարկե, էյֆորիկ վիճակ է տիրում, ազերիները սա համարում են իրենց «աշխարհաքաղաքական հաղթանակը» և հույսեր փայփայում, որ Մոսկվան հենց այսկերպ կլուծի նաև Ղարաբաղի հիմնախնդիրը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գաղտնիորեն ստորագրելով որևէ փաստաթուղթ, որով կճանաչի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը` մերժելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը դրված է բանակցային սեղանին: Ռուսական իշխանությունների քայլն այժմ լարվածություն է ստեղծել Դաղստանում, առիթ տվել նոր էթնիկական լարումների: Կրեմլը ձև է անում, թե չի նկատում Դաղստանում հասունացող դժգոհությունը, մինչդեռ դաղստանցիները, ովքեր միշտ էլ հակասություններ են ունեցել ազերիների հետ` չեն պատրաստվում հպատակվել Կրեմլի որոշմանը: Մարտականորեն են տրամադրված նաև Պետդումայի պատգամավորներից շատերը, որոնք պատրաստվում են հանդես գալ քաղաքական հայտարարութ յամբ` ընդհուպ անվստահություն հայտնելով Մեդվեդևի իշխանությանը: