ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է` ՉՍՊԱՍԵԼՈՎ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ


Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ջերմացումն արագ շախմատի ընթացքով պատկերացնողները փաստորեն սխալվում էին: ՀԱԿ վերջին հանրահավաքը վերջնականապես ապացուցեց, որ լավագույն տարբերակը քայլ առ քայլն է, և թեժ ամառը հետայսու միայն մեղմ քաղաքական զարգացումներ է խոստանում: Ընտրազանգվածին հանդիպելու և իշխանությանն ասելիքը փոխանցելու պարբերականությունն անգամ հուշում է, որ նույնիսկ անհապաղ պահանջվող արտահերթ ընտրությունների մասին առաջիկայում հիշեցվելու է ամիսը մեկ անգամ: Այս առումով կանխորոշված է նաև օգոստոսի 1¬ին հրավիրված հերթական հանրահավաքի ասելիքը. եթե «առնվազն մինչև աշուն» ձևակերպումն է արտահերթի ժամկետ նշում, ուրեմն ամռան վերջին ամսի առաջին օրը ՀԱԿ¬ն ընդամենը հիշեցնելու է, որ «առնվազն»¬ին մեկ ամիս մնաց: Կարելի է նաև ենթադրել, որ նույն բովանդակությամբ և պարբերականությամբ են կազմակերպվելու նաև ընդդիմության հաջորդելիք բոլոր հանրահավաքները... Եվ 7-8 նման միտինգից հետո ՀԱԿ¬ն ինքն իրեն հայտնաբերելու է խորհրդարանի ընտրությունների նախընտրական մրցավազքի հորձանուտում: Որքան էլ հոռետեսները երկխոսությունը համարեն սպառված թեմա, միևնույն է` երկուստեք կատարված ընդառաջ քայլերն արդեն իսկ ատելության պատը քանդել են: Նույնիսկ եթե ամեն ինչ այսքանով էլ ավարտվի, ուրեմն կարելի է արձանագրել, որ հարաբերությունների կարգավորման հնարավոր ամենամեծ ձեռքբերումն արդեն իսկ առարկայացել է: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների «տեսլականին», ապա սա թերևս միայն քարոզչական «հաղթաթուղթ» է, և մինչև ընտրությունների խնդիրը թեժ պահելով` ուզած պահի հայտարարելն է թե իրենք բոլոր դեպքերում իշխանության լեգիտիմությունը չճանաչեցին: Հեռատեսությունն, անշուշտ, գովելի հատկություն է, և հիմա, երբ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, շատերն են իրենց նախընտրական անելիքն ամբողջաց նում` հնարավորին ու մինչև անգամ առավելագույնին հասնելու նպատակադրմամբ: Այլ հարց է, որ ժամանակից առաջ ընկնելն առկախ է թողնում առկա խնդիրները: Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքին, ապա մասնակիցների թվի կտրուկ անկման փաստը փորձ արվեց շրջանցել, և հարթակից երևացող նոսրացած շարքերի մասին «դատողություններ» կարելի էր անել առավելապես միտինգավարների դեմքերի արտահայտություններից: Այսուհանդերձ, պարզ է, որ տեղի ունենալիքը նրանց կանխատեսումների շրջանակներում էր: Արտագաղթի թեման էլ այս անգամ հիմնական ասելիք չդարձավ` ավելի բացահայտելով, թե Կոնգրեսի քարոզչամեքենան ինչու է վերջին օրերին հիմնավորապես կենտրոնացել այս խնդրի վրա: Ինչ խոսք, մինչև հիմա էլ աներևակայելի ծավալներով արտագաղթը սկիզբ է առել ավելի քան տասը տարի առաջ, ու դա նաև առաջին Նախագահի պաշտոնավարման հետևանք էր: Այլ հարց է, որ ՀԱԿ¬ը հանկարծ ու միայն հիմա զգաց տեղի ունենածի անցանկալիությունը, երբ պատկերացրեց, որ ոչ միայն հիասթափությունը, անտարբերությունը, հանրահավաք հրավիրելու համար չափազանց անհարմար եղանակն է խանգարում մարդաշատ միտինգաշարերի «կենսունակությունը» պահպանել, այլ նաև արտագաղթը: Եվ մարդկանց մի հոծ զանգված, այս և նման ամեն ինչից հիասթափվելով, նախընտրում են լքել երկիրը: