Փարիզի «Կիևյան կամուրջը»


 

Ինքնասպանություն կոչվող ախտը երկիր ու ազգություն չի ճանաչում: Ոմանք պնդում են, որ կամքի մեծ ուժ ունեն սեփական անձը ոչնչացնողները, ոմանք դա թուլակամության նշան են համարում: Որոշ բժիշկներ էլ պատմել են, որ որպես կանոն` բարձր տեղից նետվելու միջոցով ինքնասպանները մեռնում են կես-ճանապարհին. վախից սիրտը «պայթում» է` մինչև մարմնի ջախջախվելը: Ուրեմն` վախենում են: Իսկ եթե վախենում են` գուցե նաև փոշմանում են:

Երևանում ինքնանետումի 2 կամուրջ է հայտնի` «Կիևյանն» ու «Հաղթանակը»: Փարիզում, պարզվում է, մեռնելու վճիռ կայացրածներին ձգում է... Էյֆելյան աշտարակը:

Օրեր առաջ մի ինքնասպան նետվել է ճարտարապետական այդ հրաշք-աշտարակի երկրորդ և երրորդ հարկերի միջև եղած սանդղահարթակից: Մեծ Բրիտանիայի այդ բնակիչը երեկոյան հայտնվել է Էյֆելի տարածքում, և ոստիկանները նկատել են, որ նա բարձրանում է շինության դրսի կողմով: Նրանք անհապաղ տարհանել են բոլոր այցելուներին և մի քանի ժամ փորձել են բանակցել ինքնաոչնչացման պատրաստվող անգլիացու հետ: Վերջինս, այնուամենայնիվ, նետվել է 125 մետրանոց բարձունքից:

Քաղաքի իշխանությունները նշել են, որ Էլֆելյան աշտարակից նման դեպքերը սակավադեպ չեն, սակայն սա առաջին անգամ էր, որ ինքնասպանը կարողացել էր այդքան վերև բարձրանալ: