ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ


 

Սա առաջին դեպքն է մեր նորոգ պատմության մեջ, երբ նորանշանակ դեսպանին հիշեցնում են նաև Մշակույթի նախարարության հասցեն: Ուրեմն, իսկապես մեր երկրում ինչ-որ բան է կատարվում, իսկապես արձանագրվում են արժեքների և պատկերացումների վերանայումներ: Հետևաբար` հարկ է, որ այսուհետև ոչ միայն նորանշանակ դեսպանները, այլև օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն անպայման հանդիպեն մշակույթի նախարարի հետ, որովհետև մենք աշխարհին առաջին հերթին պետք է ներկայանանք մեր մշակույթով, իսկ տարբեր երկրներում ձևավորված հայկական համայնքները հենց մեր մշակույթի տարածողներն են:

Երկու օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշիին: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ, նախարարը հույս է հայտնել, որ հայ-ալբանական մշակութային կապերն այսուհետ կդառնան առավել գործուն` ամուր երաշխիք հանդիսանալով հետագա փոխհամագործակցության համար:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ այս տարի հայաստանյան գրական, մշակութային դաշտը միջոցառումներով հագեցած է, քանզի Հայաստանը նշում է հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումը: Այս առիթով նախարար Հ. Պողոսյանը դեսպանին հրավիրել է ներկա գտնվելու առաջիկա գրական ծրագրերից մեկին: