ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ

ՄԻԱՅՆ ՎԱԽԿՈՏՆԵՐՆ ԵՆ ՄԱՐՏԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ


 

Կարսից ու Անիից գաղթած Վիլիանդ Մարգարյանի և Շողիկ Հովհաննիսյանի ծնողներն սկզբում պատսպարվել էին Գյումրիում, իսկ հետո ապաստանել օտար երկրներում: Ի հեճուկս անսպառ դժվարություններին ու կորստի չխամրող վշտին, նրանք ուժ էին գտել ապրելու:

Վիլիանդի ու Շողիկի առաջնեկը` Սմբատն էր, հետո ծնվեցին Մարիամն ու Ռաֆայելը: Սմբատը դեռ մանկուց աչքի ընկավ բնաշխարհի հանդեպ արտասովոր հետաքրքրասիրությամբ. նրա կերտած աշխարհը լի էր բարությամբ:

- Ընտանիքում զավակներս լավ գիտեին գաղթական հայի հոգու վիշտն ու կարոտը: Զուսպ ու խելոք երեխա էր Սմբատը: Նուրբ ու քնքուշ սիրտ ուներ. այդ նրբազգաց սրտից ծնվեցին բանաստեղծություններ: Տանը և դրսում որդուս Հայկ էինք անվանում, բայց ջոկատում Սմբատ անունով դիմեցին:

Վերադառնալով Խորհրդային բանակից` մեկնել էր Չիտա` բժշկական քոլեջ ընդունվելու: 1988-ի աղետալի երկրաշարժի ժամանակ կիսատ թողնելով ուսումը` վերադարձել էր հարազատներին օգնության: Ազգականներն ապրում էին Գյումրիում: Եղել էր նաև Սպիտակում… Ինքնամփոփ տղան դարձել էր անհանգիստ: Ազգային ազատագրական զարթոնքին հանրահավաքների մասնակիցներից էր: Սկզբում ընդգրկվել էր «Աշոտ Երկաթ», իսկ հետո արդեն «Նիկոլ Դուման» ջոկատ էր տեղափոխվել:

Մարտադաշտում Սմբատի ռազմարվեստի գիտելիքներն ու փորձը կարևոր էին: Մարտական մկրտությունը եղավ 1991-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում: 92-ին ընդգրկվեց «Արծիվ-1» մահապարտների գումարտակ: Մինչև 93 թվականը կռվեց Ասկերանի Աղբուլաղ գյուղում, Կապանում, Գորիսի Շուռնուխ գյուղում, Նոյեմբերյանում, Մարտակերտի գյուղերում ու այլ վայրերում: Ամեն անգամ տուն վերադառնալիս պատմում էր հետաքրքիր պատմություններ, ուր ոչինչ չկար մարտադաշտի դժվարություններից: Այդ նուրբ ու փխրուն հոգին առնականացել էր. ամեն անգամ մարտընկերոջ մահը նրան անճանաչելի էր դարձնում…

- Որդուս մտահոգությունը հայրենիքի բախտն էր: Երբ զոհվեցին նրա մտերիմ ընկերները, ավելի ինքնամփոփ էր դարձել: Մի օր, երբ զայրացա նրա հերթական մեկնելու ժամանակ, ասաց. «Միայն վախկոտներն են մարտից խուսափում»:

Վերջին անգամ մարտադաշտ մեկնելիս հարազատներին վստահեցրել էր, թե Սիսիան էր գնալու` մինչդեռ Լաչինում էր: Նրա վերջին մարտը 1993-ի օգոստոսի 17-ին էր` Լաչինի Գյուլիբերդ գյուղում: Ջոկատի տղաներով օգնության էին շտապել շրջափակման մեջ հայտնված մարտիկներին: Թեժ մարտի ժամանակ ոտքից վիրավորվել էր, բայց շարունակել էր մարտը: Կարճ ժամանակ անց, սակայն, թշնամու դիպուկահարը ընդհատել էր Հայորդու խելահեղ մարտը:

- Մինչև որդուս հասցրել էին Գորիսի հիվանդանոց, արդեն ուշ էր: Մերոնք գրավել էին Գյուլիբերդը. նույն օրը զոհվել էին ևս 4 հոգի, եղել էին նաև վիրավորներ:

Սմբատին հատուկ էր անմնացորդ նվիրվածությունը: Տղաս միշտ այնպես էր ներկայացրել պատերազմական գործողությունները, որ թվում էր` իր գտնվելու վայրն այնքան էլ վտանգավոր չէր: Տարիներ հետո իր ընկերներից եմ իմացել որոշ մանրամասներ: Կարոտս նրա ընկերներից էի առնում, նրանք ևս պատմում էին միայն ծիծաղաշարժ պատմություններ:

Կրտսեր եղբայր Ռաֆայելը 11-12 տարեկան էր, երբ Սմբատը մարտական գործողությունների թատերաբեմում էր:

- Երբ մարտադաշտից ընկերներով վերադառնում էին, նրանց կողքից չէի հեռանում. հետաքրքիր էին նրանց զրույցները: Այնքան էի կլանվել, որ գաղտնի ընդգրկվել էի Դաշնակցության երիտասարդական միություն, որտեղ սովորում էինք մարտավարություն: Հայրս խրախուսում էր եղբորս քայլերը:

Շարունակում է քույրը` Մարիամը.

- Եղբայրս անսահման բարի էր: Մտածում էի` նվիրյալները երբեք չեն զոհվում: Միասին շատ էինք զրուցում, բայց իր մարտերից ոչինչ չէր պատմում: Նա բնության ու կենդանական աշխարհի սիրահար էր: Տանը ծաղիկներ էր մշակում ու կենդանիներ էր պահում: Այնքան հոգատար էր յուրաքանչյուր ծաղիկի հանդեպ: Սիրում էր երաժշտություն, երբեմն նվագում էր: Երբ մտերիմներով հավաքվում էին, վերցնում էր ակորդեոնն ու հայրենասիրական երգեր նվագում: Շատ էր սիրում «Աիդա» օպերան:

Ռաֆայելի ավագ որդի Սմբատը նույնպես երգ-երաժշտության սիրահար է, հիացնում է իր երգով: Ու նա մեզ էլ խոստացավ ավելի լավ սովորել և դառնալ հայրենիքի նվիրյալ` ինչպես հորեղբայրն էր:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ