«Երջանիկ եմ, որ ունեմ Հայաստանի նման հայրենիք»


 

Նշանավոր հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մոտ քառասուն տարի ապրում է Մոսկվայում, երբեք հեռու չի եղել Հայաստանից. երկար տարիներ հանդիսացել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում հայ թատրոնի պատմությունն ու տարեգրությունն են,

հայ բեմի մեծերը:

- Չնայած Ձեր պատկառելի տարիքին, արդեն երկրորդ տարին է` ամռան տապ օրերն անցկացնում եք Երևանում, երբ շատերը հեռանում են` առավել զով վայրերում փնտրելով հանգիստ: Ի՞նչն է Ձեզ Հայաստան բերում:

- Նախկինում, երբ երիտասարդ էի, իսկ ուժերս էլ ենթարկվում էին ինձ, շատ հաճախ ամիսներով մնում էի այստեղ, աշխատում: Իսկ հիմա արդեն 86 տարեկան եմ, բավական ծեր` ճամփորդելու համար: Սակայն Երևան չգալ չեմ կարող: Կարոտում եմ Երևանը, կարոտում եմ մեր թատրոնները, մեր երկիրը: Իհարկե, պատճառ է դառնում նաև թոռնիկս, ով պատմական գիտությունների թեկնածու է, դասախոս է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում: Հմայված է Հայաստանով, կամենում է իր դոկտորական ատենախոսությունն անպայմանորեն առնչել հայկական թեմայի: Հայաստան եմ գալիս նաև այն պատճառով, որ ամռանն ավելանում է սփյուռքահայերի թիվը մեր երկրում: Հանդիպում եմ նրանց, քանի որ ծանոթներ ու մտերիմներ ունեմ: Ուրեմն, Հայաստանը բոլորիս համար հանդիպավայր է դարձել: Յուրատեսակ խաչմերուկ, որտեղ հայտնվելով` լիցքավորվում ենք, ուժ առնում, փարատում կարոտներս` հետո նորից կարոտելու համար:

- Ապրելով Մոսկվայում` անշուշտ, առնչվում եք հայկական կյանքին, հայկական միջոցառումներին: Ի՞նչ գնահատական կտաք հայ համայնքի գործունեությանը:

- Առաջացած տարիքս հնարավորություն չի տալիս գործուն մասնակիցը դառնալ հայկական բոլոր նախաձեռնությունների և միջոցառումների: Մյուս կողմից էլ` այնքան գործ կա կուտակված, օրուգիշեր աշխատում եմ Հայ թատրոնի տարեգրության վերջին հատորների վրա, արդեն հասել եմ 20-րդ դարի վերջին քառորդին, ուզում եմ ավարտել: Այդ պատճառով էլ քիչ եմ դուրս գալիս տնից, քիչ եմ շփվում: Սակայն իրազեկված եմ, գիտեմ այն բազմաթիվ նախաձեռնությունների մասին, որոնց հեղինակը հայ համայնքն է: Խորհրդային իշխանության տարիներին մոսկովյան հայ համայնքը գլխավորապես կազմված էր գիտնականներից, արվեստի գործիչներից, պետական պաշտոնյաներից: 1990-ականների սկզբներին որակական լուրջ փոփոխություն կրեց համայնքը, Մոսկվա եկան նաև գործարար աշխարհի մարդիկ, արհեստավորներ, պարզապես աշխատանք փնտրողներ: Անկումներ եղան, եղան խայտաբղետ իրողություններ, սակայն վերջին տարիներին փոխվել է համայնքը, դարձել համախումբ, շատերն արդեն գիտակցում են, որ ապրելով աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում և Ռուսաստանի մայրաքաղաքում, նրանք մի մեծ ու հարուստ մշակույթի կրողներն են: Ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի շարունակվեն նախկին ավանդույթները, որպեսզի Մոսկվան հայերին առաջին հերթին ընդունի որպես մեծ մշակույթի ժառանգորդների:

- Եվ հենց դրա համար էլ ստեղծված են մշակութային կազմակերպություններ, դպրոցներ, գործում է Մոսկվայի հայկական թատրոնը, որն, իհարկե, իր խաղացանկով և լեզվով քիչ է հայկական, սակայն դարձել է հայ մշակույթի ներկայացուցիչը: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ հաղթահարված է ուծացման վտանգը:

- Ուծացման վտանգը միշտ էլ կա` անկախ իրականացվող միջոցառումներից, սակայն դա այնքան ահագնացող չէ, ինչպես 1990-ականների սկզբներին: Մեծ ու շնորհակալ աշխատանք են կատարում հայկական բոլոր հանրային և մշակութային կազմակերպությունները: Հատկապես ուզում եմ կարևորել դպրոցների դերը: Շատ հայ երեխաներ, ովքեր ծնվել են Մոսկվայում, արդեն հայերեն են սովորում, մեր այբուբենն են սովորում: Սա դրական երևույթ է: Ավելին, հայկական դպրոցները` լինի ամենօրյա թե կիրակնօրյա, նպաստում են նաև, որ այլազգիները ևս ծանոթանան մեր պատմությանը, լեզվին: Կարճ ասած` հոգևոր և մշակութային օազիսներ են դրանք, որոնց առաքելությունը չափազանց մեծ է:

- Ասացիք, որ համայնքի կազմում որակական փոփոխություններ են տեղի ունեցել, որ գիտության ու մշակույթի գործիչների կողքին ավելացել են սոցիալական և մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: Մոսկվայում պակասե՞լ է թիվը հայ մտավորականության, գիտնականների ու արվեստագետների:

- Ռուսաստանում այսօր ապրում է մոտ մեկ միլիոն հայ: Հիմնական մասը` Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Իսկ սա նշանակում է, որ ունենք հզոր համայնք: Այս համայնքը չի կարող չունենալ իր մտավորականները: Ինչպես վերջերս մի տեղեկատվություն կարդացի` այսօր ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 25 հազար հայ երիտասարդ: Միայն մոսկովյան բուհերում և ակադեմիական գիտության մեջ ունենք մոտ երեք տասնյակ գիտության դոկտոր, հարյուրից ավելի թեկնածու: Սա մեծ ներուժ է: Ես, ի դեպ, մեր ավանդական գաղթավայրերը` Դոնի Ռոստովը, Սևծովյան ավազանի հայկական բնակավայրերը չեմ հաշվում: Ճանաչված գիտնականներ ունենք Սանկտ-Պետերբուրգում, ովքեր նույնպես ընդգրկված են բուհական գիտության մեջ: Իսկ ինչ վերաբերում է արվեստի գործիչներին, ապա օրավուր նրանց թիվն ավելանում է: Ուրախալի է այն փաստը, որ ռուսաստանյան արվեստում արդեն կարելի է առանձնացնել հայկական ներկայությունը որպես կայացած փաստ և առանձնակի գույն:

- Այս օրերին Դուք դիտեցիք ներկայացումներ, եղաք համերգային դահլիճներում: Ինչպիսի՞ն է տպավորությունը մշակութային Հայաստանից:

- Երջանիկ եմ, որ ունեմ Հայաստանի նման հայրենիք, որը երբեք չի հեռանում իր ինքնատիպությունից, իր մշակութային հմայքից: Մեր թատրոններն ու համերգային դահլիճները վկայեցին, որ Երևանն աշխարհի այն քաղաքներից է, ուր միշտ հարուստ մշակութային կյանք կա: Հատկապես ամռան ամիսներին միշտ չես տեսնի քաղաքներ, որտեղ կանչեն ու հրապուրեն ազդագրերը… Մեր թատրոնները տևական որոնումներից հետո արդեն հստակեցրել են իրենց ստեղծագործական խնդիրներն ու դիմագծերը: Ունենք ժամանակակից և աշխարհի համար հետաքրքիր թատրոն: Իսկ Էդուարդ Թոփչյանի գլխավորած ֆիլհարմոնիկ նվագախմբով հիացած եմ: Սա աշխարհի առաջնակարգ նվագախմբերից մեկն է:

- Շնորհակալություն զրույցի համար: Հուսանք, որ եկող տարի նորից կգաք Հայաստան:

-Տարիքս այն է, որ խոստումներ տալ չեմ կարող: Սակայն, եթե անգամ ես չգամ, ապա հոր կողմից ռուս թոռնիկս անպայման կգա: Նա իրեն ամբողջապես հայ է զգում ու հայաստանցի: Նրա նման խառն ամուսնություններից ծնված շատերը կան, ովքեր իրենց մեջ ցանկանում են արթնացնել ու հայտնագործել հային, նվիրվել Հայաստանին ու հայ գիտությանը, արվեստին: Վստահ եմ, որ իմ սկսած գործն արդեն պատմագիտության մեջ կշարունակի թոռնիկս: Ի դեպ, իմ առաջին հոդվածները տպագրվել են «Ավանգարդ» թերթում, ձեր թերթին եմ պարտական նաև իմ կայացման համար: Իմ ողջույնը ընթերցողներին, հին ու նոր ավանգարդցիներին: Ուրախ եմ, որ չնայած դժվարություններին` թերթը շարունակում է ապրել: Երկար կյանք թերթին, որից ես փոքր եմ ընդամենը երեք տարով…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ